երկուշաբթի, 22 օգոստոսի 2016
Վարչապետն ընդունել է Չինաստանի կոմերցիայի փոխնախարար Ծյան Քեմինին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմերցիայի փոխնախարար Ծյան Քեմինի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-չինական համագործակցության բարձր մակարդակի և այն խորացնելու երկկողմ պատրաստակամության կապակցությամբ, ինչի մասին են վկայում վերջին շրջանում հաճախակիացած բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի համար Չինաստանը բարեկամ երկիր է, կարևոր գործընկեր, և երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ զարգացման փուլում են. վերջին տարիներին էապես ավելացել է փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը: Այս համատեքստում վարչապետը կարևորել է Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքները, որի հերթական՝ 9-րդ նիստը կայացել է այսօր Երևանում (Ծյան Քեմինը Հայ-չինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի չինական կողմի համանախագահն է):
Չինաստանի կոմերցիայի փոխնախարարը վարչապետ Աբրահամյանին է փոխանցել ՉԺՀ վարչապետ Լի Կեցյանի ջերմ ողջույնները և նշել, որ Հայաստանն ու Չինաստանը ոչ միայն լավ բարեկամներ են, այլև հուսալի գործընկերներ, և առկա կայուն քաղաքական երկխոսությունը հնարավորություն է տալիս նոր մակարդակի բարձրացնել փոխգործակցությունը: Ծյան Քեմինը նշել է, որ հայ-չինական առևտրատնտեսական կապերն արդյունավետ զարգանում են, և առկա է մեծ ներուժ դրանց սերտացման և հետագա խորացման համար: Չինաստանի կոմերցիայի փոխնախարարը Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել Հայ-չինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստի արդյունքները՝ ասելով, որ քննարկվել և նախանշվել են մի շարք ոլորտներում համագործակցությունը խորացնելու նպատակով երկու երկրների բարձրագույն ղեկավարության միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանն ուղղված հետագա քայլերը:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ճանապարհաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքից և քննարկել վերոնշյալ, ինչպես նաև մի շարք այլ՝ հանքարդյունաբերության, էներգետիկայի, սննդարդյունաբերության բնագավառներում, տարածաշրջանային նշանակության տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ գործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության հարցին: Պարոն Քեմինը կարևորել է Հայաստանի դերը Չինաստան-ԵԱՏՄ հարաբերությունների զարգացման գործում: Ի պատասխան Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը ողջունում է և պատրաստ է աջակցել այդ գործընթացին: Վարչապետի խոսքով՝ Չինաստանը կարևոր գործընկեր է Հայաստանի համար, և կառավարությունը ողջունում է չինական խոշորամասշտաբ ներդրումների ներգրավումը մեր երկրի տնտեսության մեջ: Հովիկ Աբրահամյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանին: