հինգշաբթի, 25 օգոստոսի 2016
Կառավարությունը կաջակցի մարզերում խնդիրների լուծմանը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից 15 մլն դրամ կհատկացվի ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի թիվ 7 դպրոցի մարզադահլիճի տանիքի, վնասված պատուհանների և դռների վերանորոգման նպատակով, 20 մլն դրամ՝ մարզի Վաղարշապատ քաղաքի նոր կառուցվող մարզադպրոցի տարածքում ֆուտբոլի մարզադաշտի և վազքուղու կառուցման համար: Հիմնավորման համաձայն՝ ս.թ. օգոստոսի 5-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ուժեղ պտտահողմի հետևանքով վնասվել են Վաղարշապատ քաղաքի թիվ 7 դպրոցի մարզադահլիճի տանիքը, դռները և պատուհանները, կոտրվել են դռների և պատուհաների ապակիները:
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ Արարատի մարզի Պարույր Սևակ սահմանամերձ համայնքի բնակիչներին 2016թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար կտրամադրվի սոցիալական աջակցություն՝ բաժանորդների սպառած էլեկտրաէներգիայի ծախսի համար (մինչև 120 կվտ)՝ 50%-ի չափով, ինչպես նաև գույքահարկի և հողի հարկի ամբողջությամբ փոխհատուցելու նպատակով: Որոշմամբ նախատեսվում է ՀՀ պետբյուջեով «Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» ծրագրի գծով սահմանված հատկացումների շրջանակում իրականացնել վերաբաշխում՝ ՀՀ Տավուշի մարզին հատկացված գումարների տնտեսումների հաշվին:
Մեղրիում կապահովվի կայուն, անխափան ջրամատակարարում
Կառավարության որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներում սակավաջուր ամիսներին մեխանիկական եղանակով Մեղրիի ինքնահոս համակարգին ջրալրում ապահովելու նպատակով թվով 12 պոմպակայանների և 600 գծամետր խողովակաշարի մոնտաժման աշխատանքներն իրականացնելու համար գումար կհատկացվի ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ «Մեղրի» ՋՕԸ-ին տրամադրելու համար: Հիմնավորման համաձայն՝ շոգ կլիմայական պայմաններում, Մեղրի գետում ջրի ոչ բավարար առկայության պատճառով վտանգվում է մի շարք համայնքների շուրջ 480 հա հողատարածքների ոռոգումը: Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել վերը նշված ապամոնտաժված պոմպակայանների մոնտաժումը և շահագործումը, ինչն էլ հողատարածքները սակավաջուր ամիսներին կապահովի ոռոգման ջրով:
Ջրային տնտեսության պետական կոմիտեին կառավարության պահուuտային ֆոնդից գումար կհատկացվի նաև Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2016թ. համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց հաշվարկվող եկամուտների նկատմամբ 50 տոկոս զեղչի կիրառումը նպատակահարմար է՝ հաշվի առնելով տարածաշրջանի զարգացման ռազմավարական կարևորագույն նշանակությունը և սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունը:
Գործադիրը հավանություն է տվել Ոռոգման ոլորտի ֆինանսական կայունության բարելավման ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին: Ռազմավարության նպատակն է ոռոգման ծառայությունների մատչելիության ավելացումը, մատուցման շարունակականության ապահովումն ու արդյունավետության բարձրացումը, ոռոգման ջրի համակարգի ընկերությունների (ջրօգտագործողների ընկերություններ և ջրառ ընկերություններ) ֆինանսական կենսունակության բարելավումը: Կամրապնդվեն ընթացիկ ծախսածածկմանն անցման նախադրյալները, ոռոգման համակարգերի և ենթակառուցվածքի պահպանումն ու արդիականացումը, ջրօգտագործողների ընկերությունների ինստիտուցիոնալ կարողությունների հետագա հզորացումը, ոռոգման համակարգին տրամադրվող պետական ֆինանսական աջակցության արդյունավետության բարձրացումը։
Երկար տարիներ հանրակացարաններում բնակվող փախստական ընտանիքները կսեփականաշնորհեն իրենց զբաղեցրած բնակելի տարածքները
Կառավարությունն ընդունել է «1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշում: ՀՀ օրենսդրության սահմաններում կիրականացվի բնակելի տարածքների սեփականաշնորհում՝ ապահովելով Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց մշտական բնակարաններով։ Հիմնավորման համաձայն՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված՝ Երևանի Մոլդովական 70 հասցեի հանրակացարանային թիվ 1 մասնաշենքում, Վարդաշեն 6-րդ փողոցի 66/1 և Շիրակի 2ա/7 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող բնակիչները դիմել են վարչություն` իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու խնդրանքով:
Գործադիրն ընդունել է «Անհատույց սեփականության իրավունքով գույք հանձնելու և քանդման (ապամոնտաժման) աշխատանքներ կազմակերպելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության տնօրինության 5 դպրոցների ապամոնտաժման աշխատանքները (համաձայն հավելվածի)՝ պայմանով, որ նշված շենք շինություններն անհատույց սեփականության իրավունքով հանձնվում են նախապես վարվող բանակցությունների միջոցով ընտրված կազմակերպություններին՝ մինչև 2016թ. դեկտեմբերի 20-ը դրանց քանդման (ապամոնտաժման) աշխատանքներն իրականացնելու համար: Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում ՀՀ սեփականությունը հանդիսացող մի շարք դպրոցների քանդման և նոր շենքերի կառուցման գործընթացն արժանացել է հավանության և առկա է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համաձայնությունը գործընթացի իրականացման վերաբերյալ:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ամրացված՝ 9 միավոր տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին՝ հետագայում օտարելու նպատակով:
Օրենսդրական նախաձեռնություններ
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերը մշակվել են ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով: Արդյունքում՝ կվերացվի ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում լիազոր մարմնին սահմանված կարգով հայտնելու պահանջը ու այդ մասին չհայտնելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունը, քանի որ նշված պարտականության կատարումը ՀՀ քաղաքացիների համար իրավունքների իրականացման պայման ընդհանուր առմամբ չի հանդիսանում:
Գործադիրի հավանությանն է արժանացել «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի ընդունումը պայմանավորված է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպում» գործունեության տեսակը դառնում է լիցենզավորման ենթակա` նախկին պարզ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի փոխարեն: Հիմնավորման համաձայն՝ մինչ վերոնշյալ օրենքի ընդունումը «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը» համարվում էր պարզ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որը հնարավորություն չէր տալիս իրականացնել տեղերում ստուգումներ, ինչպես «Շահումով խաղերի և խաղատների մասին» այնպես էլ «ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխանության մասով: Կարգավորման նպատակն է մեկ միասնական մոտեցում ցուցաբերել շահույթ հետապնդող շահումով խաղերի կազմակերպման գործունեության և վերահսկողության նկատմամբ: Մասնավորապես՝ «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները հավասարապես կտարածվեն նաև ինտերնետ շահումով խաղերի վրա:
Այլ որոշումներ
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հյուսիսային շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիայի (ՀՇՄՖԿ) միջև շրջանակային համաձայնագրի կնքման առաջարկությանը: ՀՇՄՖԿ-ն հանդիսանում է միջազգային ֆինանսական հաստատություն, որը հիմնականում վարկերի տեսքով ֆինանսավորում է տրամադրում շրջակա միջավայրի համար վնասակար նյութերի նվազեցմանն ուղղված ծրագրերին:
Կառավարությունն ընդունել է 2016թ. պետբյուջեում, նախկին որոշումներից մեկում փոփոխություններ և լրացումներ կատարելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին որոշում, որով առաջարկվում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ծառայությունների ձեռքբերումն իրականացնել բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով՝ այդ ծառայությունները ձեռք բերելով «Գեվտիգ» ընկերությունից:
Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է Երևանի քաղաքապետին՝ «Տանգո» ՓԲԸ-ի կողմից Կառավարական N 2 մասնաշենք հասցեում գտնվող շենք-շինությունների օտարումից Երևան համայնքի բյուջե վճարման ենթակա՝ 4,886,296.6 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը ( բայց ոչ ավելի քան 2,313,661.4 հազ. դրամը) ստանալուց հետո ուղղել Երևանի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, ինչպես նաև արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների իրականացմանը: Միաժամանակ նախատեսվում է ՀՀ պետական բյուջեում համապատասխան հոդվածներով նախատեսված նույնքան գումարներն ուղղել ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդ:
Կառավարությունն ընդունել է «Օրենսդրության կատարելագործման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին որոշում, որի նպատակն է հիմնադրամի ստեղծմամբ օրենսդրության մշակման և մշտադիտարկման ոլորտում միասնական մոտեցման ապահովումը, օրենսդրության վերանայման արդյունքում դրանց կրճատմանը, հստակեցմանն ու պարզեցմանն ուղղված աշխատանքների և ծրագրերի իրականացման ապահովումը և այլն: Արդյունքում ակնկալվում է ՀՀ ողջ տարածքում ունենալ օրենսդրության զարգացման գործառույթ իրականացնող համապարփակ ծառայություններ մատուցող ազգային կենտրոն: Որպես հեռահար ռազմավարական նպատակ՝ նախատեսվում է կենտրոնի ստեղծմամբ նվազեցնել հետագայում գերատեսչությունների կողմից մշակվող օրենքների և օրենսգրքերի քանակը: Հիմնադրամը ստեղծվելու է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:
Մեկ այլ որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության գործունեությունն ապահովելու նպատակով նախարարության աշխատակազմին է ամրացվել նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի կողմից օգտագործվող գույքը և ավտոմեքենաները:
«ՀՀ Նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի անցկացում, «ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոնի անցկացում», «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի անցկացում», «ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցները, մարզաձևերի ազգային ֆեդերացիաները և այլ մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովելու մասին» ծրագրերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայությունների պատշաճ, ամբողջական, նպատակային և անխախտ իրականացման համար կառավարությունն ընդունել է «Գնման գործընթացներն իրականացնելու» մասին որոշում: Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մրցութային ժամկետը խախտվել է նախարարության բացթողման պատճառով, ինչի համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի լիազորությունները լրացնելու, տեսչական մարմնի գույքի ցանկը ճշգրտելու, տեսչական մարմնի ղեկավարի և նրա տեղակալների նշանակումները և լիազորությունները հստակեցնելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: