չորեքշաբթի, 26 մայիսի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) հարցերով տարածաշրջանային հատուկ ներկայացուցիչ Եժի Օսյատինսկուն և ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Լիզ Գրանդեին:
Ողջունելով ՄԱԿ-ի քարտուղարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ Հազարամյակի հռչակագիրը կյանքի կոչելուն ուղղված ջանքերը, վարչապետը նշել է, որ Հայաստանը, որպես անցումային փուլում գտնվող պետություն, մեծ կարևորություն է տալիս Հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը մեր երկրում: Դրանք, ըստ նրա, սերտորեն շաղկապվում են ՀՀ կառավարության կողմից իրականացվող կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի, մասնավորապես, Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի հետ և պատահական չէ, որ Հազարամյակի զարգացման նպատակների կատարման ցուցանիշներն ընդգրկվել են նաև ԱՀՌԾ-ում: Ներկայացնելով Հայաստանի կառավարության մոտեցումը, Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ կառավարությունը դրանք դիտում է որպես փոխլրացնող ծրագրեր, որոնցում սոցիալական խնդիրների լուծումը զուգակցվում է մարդկային զարգացման ընդհանուր նպատակներին: Այս իմաստով վարչապետը կարևորել է նաև քաղաքացիական հասարակության ներգրավումը նշված ծրագրերի մշակման և իրականացման գործում, քանի որ, ըստ նրա, ինչպես աղքատության հաղթահարման, այնպես էլ մարդկային զարգացման խնդիրները հեռանկարային նպատակ պետք է լինեն ոչ միայն իշխանությունների, բոլոր քաղաքական ուժերի, այլև ամբողջ քաղաքացիական հասարակության համար:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանը 2001թ. արդեն իսկ ներկայացրել է ՀԶՆ-ների վերաբերյալ իր զեկույցը, ներկայումս ընթացքի մեջ է երկրորդ զեկույցի կազմման գործընթացը, որտեղ կամփոփվեն վերջին երկու-երեք տարիներին Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նա մեկ անգամ ևս հավաստել է այդ ուղղությամբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ սերտ համագործակցությունը շարունակելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը:
Տարածաշրջանային հատուկ ներկայացուցիչ, դոկտոր Եժի Օսյատինսկին տպավորիչ է համարել Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանում ձեռքբերված հաջողությունները, նշելով, որ առաջընթացի արձանագրումը նույնքան կարևոր է, որքան և նպատակներին հասնելը: Իսկ առավել կարևորը, ըստ նրա, ծրագրի իրագործման կամքի առկայությունն է, ինչը Հայաստանում կա: Եժի Օսյատինսկին ևս ընդգծել է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի և Հազարամյակի զարգացման նպատակների համատեղ իրագործումը, ինչպես նաև դրանում քաղաքացիական հասարակության լայն մասնակցության ապահովմանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերը: Միաժամանակ, նա նշել է, որ չնայած հաջողություններին, դեռևս անելիքներ կան՝ մասնավորապես, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում համատեղ նպատակների իրականացման ուղղությամբ:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և դոկտոր Եժի Օսյատինսկին համակարծիք են եղել այն հարցում, որ միջազգային կառույցների աջկացությամբ Հայաստանում իրականացվող բոլոր ծրագրերն ու բարեփոխումները նպաստում են եվրոպական արժեքային համակարգին, եվրոպական ընտանիքին Հայաստանի ինտեգրման ընդհանուր գործընթացին: