ուրբաթ, 16 մարտի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Կիպրոսի խորհրդարանի նախագահ Սպիրոս Կիպրիանուին: Ընդգծելով Հայաստանի և Կիպրոսի միջև գոյություն ունեցող քաղաքական սերտ համագործակցությունը, որն արտահայտվում է երկրի նախագահների, պառլամենտների և կառավարությունների մակարդակով, ինչպես նաև միջազգային ասպարեզում լայն փոխըմբռնմամբ և միմյանց աջակցությամբ, վարչապետն այն համարել է փոխգործակցության լավագույն օրինակներից մեկը: Սպիրոս Կիպրիանուի հետ հանդիպմանը Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի և ՄԱԿ-ում հայոց ցեղասպանության հարցը առաջինը բարձրացնելու համար, նշելով, որ դարասկզբի այդ վայրագություններին ականատես է եղել նաև Կիպրոսի ժողովուրդը, որն իր ճակատագրով շատ նման է հայ ժողովրդին: Վարչապետը պատահական չի համարել երկու պետությունների և ժողովուրդների փոխըմբռնումը, նաև տարածաշրջանի հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու և կայունություն հաստատելու ուղղությամբ գործադրվող մեծ ջանքերը: Մեր երկրի անունից ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել միջազգային ասպարեզում հնարավորինս աջակցել Կիպրոսին և լայնորեն համագործակցել, որի համար, ըստ նրա, ընդհանուր եզրեր շատ կան: Վարչապետը կարևորել է տնտեսական համագործակցության աշխուժացումը և այն՝ քաղաքական հարաբերությունների մակարդակին բարձրացնելու անհրաժեշտությունը: Ըստ վարչապետի, դրան կնպաստի ինչպես դեսպանների ակտիվ աշխատանքը, այնպես էլ Հայաստան-Հունաստան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի վրա դրված է նաև Կիպրոսի հետ հարաբերությունների զարգացման պարտականությունը, նաև Հայաստան-Հունաստան-Իրան եռակողմ հանձնաժողովի գործունեությունը:
Կիպրոսի խորհրդարանի ղեկավար Սպիրոս Կիպրիանուն ևս կարևորելով տնտեսական փոխգործակցությունը և այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն ավելի գործնական հարթություն տեղափոխելու անհրաժեշտությունը, նշել է, որ իր կարծիքով չկա մի հարց, որ միջազգային ատյաններում Հայաստանն ու Կիպրոսը համաձայնություն ձեռք չբերեն: Ինչ վերաբերում է ցեղասպանության հարցի բարձրացմանը, ապա պրն Կիպրիանուն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին այդ հարցում իր երկրի դերն ու նշանակությունը գնահատելու համար և ընդգծել, որ դա ամենաքիչն է, որին հայ ժողովուրդն արժանի է: