չորեքշաբթի, 14 սեպտեմբերի 2016
Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Կարեն Կարապետյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Կարեն Կարապետյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում ասված է.
«Հարգելի Կարեն Վիլհելմի,
Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Ռուսաստանն ու Հայաստանը միավորում են դաշնակցային և ռազմավարական գործընկերության հարաբերությունները՝ խարսխված բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Վստահ եմ, որ համագործակցության հետագա զարգացումն առևտրատնտեսական, ներդրումային, գիտատեխնիկական, մշակութային և այլ բնագավառներում, ինտեգրման խորացումը Եվրասիական տնտեսական միության շրջանակում լիովին համապատասխանում են մեր երկրների երկարաժամկետ շահերին:
Կցանկանայի հաստատել Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների համատեղ կառուցողական աշխատանքի պատրաստակամությունը փոխգործակցության բոլոր արդիական հարցերով:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Կարեն Վիլհելմի, քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»: