հինգշաբթի, 22 սեպտեմբերի 2016
Վարչապետը նորանշանակ նախարարներից համարձակ քայլեր է ակնկալում
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկումը գործադիրի ղեկավարը շնորհավորել է նորանշանակ նախարարներին և նշել, որ նրանք համեստ, պարկեշտ մարդիկ են, կառավարման նոր մշակույթի կրողներ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ առաջիկայում նախարարները կներկայացնեն համապատասխան ծրագրեր իրենց ղեկավարած ոլորտների զարգացման վերաբերյալ: «Շնորհակալություն եմ հայտնում, որ համաձայնել եք համատեղ աշխատել և ակնկալում եմ շատ համարձակ, գործնական քայլեր»,-ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը նաև նշել է, որ այժմ քննարկման փուլում է և հետագայում կկիրառվի նախարարությունների, գերատեսչությունների գործունեության արդյունավետության գնահատման համակարգ, որի գլխավոր հայտանիշը կլինի ներդրումների ներգրավումը:
Այնուհետև Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին խաղողի մթերման գործընթացի կազմակերպման վերաբերյալ: Այդ առումով Կարեն Կարապետյանը կարևորել է խնդրի լուծման տարբերակների և համապատասխան հայեցակարգի մշակումը՝ երկարաժամկետ կտրվածքով: Գործադիրի ղեկավարը, մասնավորապես, անդրադառնալով Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում խաղողի մթերման խնդրին՝ նշել է, որ «Վեդի Ալկո» ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները: «Մենք քննարկում ենք տարբեր տարբերակներ, թե ինչպես խնդիրը լուծել, այդ թվում՝ պետությունը ֆինանսավորում է և ամբողջ կառավարումը վերցնում իր վրա: Ես համոզված եմ, որ պետությունը լավագույն և էֆեկտիվ կառավարիչը չէ, բայց այս պահին մենք որոշակի կերպով նոր մշակույթ պետք է ներգրավենք»,- նշել է վարչապետը:
Փոփոխություններ՝ ՀՀ կառավարության կառուցվածքում
Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերանվանել որոշ նախարարություններ: Այսպես՝ Էկոնոմիկայի նախարարությունը կվերանվանվի Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, Տրանսպորտի և կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն: Նախարարությունների ցանկից նախատեսվում է հանել Քաղաքաշինության նախարարությունը: Կարեն Կարապետյանը ներկայացրել է առաջարկվող փոփոխությունների տրամաբանությունը: Ըստ նրա՝ Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցման նախարարությունը լինելու է այն օղակը, որն օգնելու է գործարարներին, քննարկելու է նրանց կողմից բարձրացված հարցերը, առարկությունները, առաջարկությունները, նպաստելու է ոլորտում առկա խոչընդոտների վերացմանը: Վարչապետի խոսքով՝ «էկոնոմիկա» բառը նախարարության անվանումից հանելը, չի նշանակում, որ այդ գործառույթը չի իրականացվելու: Գործադիրի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ ներկայումս քննարկվում է Գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ գտնվող Ջրային տնտեսության պետական կոմիտեն Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համակարգում ներառելու հարցը: Անդրադառնալով ՏՏ ոլորտին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ ոլորտն ունի իր առանձնահատկությունները և տրամաբանական է, որ ՏՏ-ին առնչվող հարցերով զբաղվի Տրանսպորտի և կապի նախարարությունը: Բացի այդ, քննարկվում են Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը Տրանսպորտի և կապի նախարարությանը միացնելու, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտն Էկոնոմիկայի նախարարությունից առանձնացնելու և առանձին կոմիտե ստեղծելու հարցերը: Ինչ վերաբերում է Քաղաքաշինության նախարարությանը, ապա ըստ կառավարության ղեկավարի, նպատակահարմար է ստեղծել Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանման կոմիտե: Կարեն Կարապետյանը հայտնել է նաև, որ վերոնշյալ հարցերին, անհրաժեշտության դեպքում, կանդրադառնան կառավարության նոր ծրագիրը ներկայացնելուց հետո:
Կառավարությունը հավանություն է տվել նաև ««ՀՀ զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով հստակեցվում են պահակապետի պարտականությունները, հսկիչ-պահպանության խմբերի և պարեկների ծառայության իրականացման, մարտական դրոշի պահպանման հետ կապված դրույթները, պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորումների գործունեության նկատմամբ հսկողության կարգը:
Կառավարության մեկ այլ որոշմամբ սեպտեմբերի 26-ին ժամը 12:00-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ:
Կկանոնակարգվեն ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացի առանձնահատկությունները
Պետական գնումների շրջանակում պատվիրատուների կողմից ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացի առանձնահատկությունները կանոնակարգելու և ավիափոխադրող ընկերությունների կողմից ներկայացվող գնառաջարկների միջև ընտրություն կատարելու չափորոշիչները սահմանելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Որոշմամբ, մասնավորապես, սահմանվում է, որ ավիատոմսերի գնման գործընթաց իրականացվում է միայն էլեկտրոնային հարթակում որոնման պահին առկա անմիջապես ավիաընկերությունների գնառաջարկների միջև, իսկ ընտրությունը կատարվում է տնտեսապես առավել շահավետ ավիատոմս ձեռք բերելու սկզբունքով: Ընդ որում, պատվիրատուներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նախընտրելի ավիատոմս նաև բացառապես բանկային քարտերի կիրառմամբ՝ ցանկացած այլ էլեկտրոնային հարթակից, եթե համանման պայմաններով նույն տոմսն ավելի էժան է միասնական էլեկտրոնային հարթակում գնանշվածից: Այսպիսով՝ որոշման ընդունման արդյունքում, մասնավորապես, կկրճատվեն անհրաժեշտ չհամարվող ծախսերը, կտնտեսվեն միջոցները, կբացառվեն հնարավոր չարաշահումները և կոռուպցիոն ռիսկերը տվյալ տեսակի գնումների գործընթացում: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Մենք բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք»:
Գործադիրը լրացումներ և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ քաղծառայության համակարգում կատարողականների գնահատման համակարգի օբյեկտիվության աստիճանի բարձրացման նպատակով, ինչպես նաև աշխատողների համար գնահատման բարեփոխված համակարգի միջոցով աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված մրցակցային միջավայրի ստեղծման անհրաժեշտությամբ պայմանավորված: Որոշմամբ, մասնավորապես, առաջարկվում է կատարողականների գնահատման սանդղակում գնահատականները ներկայացնել առավել ճկուն տիրույթով, ներդրնել ստանդարտ շեղման բանաձև, որը հնարավորություն կտա առավել օբյեկտիվ գնահատել աշխատողներին, նվազեցնել ընդհանուր գնահատականի նվազագույն շեմը՝ սահմանելով 60 տոկոս: Կառավարության ղեկավարն, առնդրադառնալով որոշմանը, հանձնարարել է գերատեսչության ղեկավարներին ներկայացնել առաջարկներ, որոնք համապատասխան շարժառիթներ կստեղծեն աշխատակիցների համար՝ առկա հնարավորությունների սահմաններում:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի www.e-gov.am միասնական էլեկտրոնային համակարգում գործունեության իրականացման ծանուցման ինստիտուտի ներդրման նպատակով:
Նախատեսվում է նորացնել շտապ բուժօգնության ավտոպարկը
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ բնակչության շտապ բժշկական օգնության և սպասարկման 2016-2020թթ. ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրին, որի շրջանակում կիրականացվեն շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունների մատչելիությանը, հասանելիությանը, որակի և արդյունավետության ապահովմանը, կյանքին սպառնացող վիճակներում շտապ բուժօգնության ծառայության արդյունավետ կազմակերպմանն ուղղված միջոցառումներ: Մասնավորապես, նախատեսվում է շտապ բուժօգնության մասնագիտացված բրիգադների ձևավորում, ՀՀ և Երևանի շտապ բուժօգնության ավտոպարկի նորացում, ժամանակակից սարքավորումներով և դեղարկղով ապահովում: Շտապ օգնության ծառայության արագ և որակյալ արձագանքման արդյունքում կնվազեն հաշմանդամության և մահացության դեպքերը:
Ներառական, որակյալ կրթություն՝ բոլոր երեխաների համար
Գործադիրի որոշմամբ Սիսիանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցը կվերանվանվի Սիսիանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի: Հիմնավորման համաձայն՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրմամբ նախատեսվում է համընդհանուր ներառական կրթության, յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի բացահայտման, գնահատման ու դրան համապատասխան կրթության կազմակերպման արդյունավետ մեխանիզմների ներդնում: Այն կնպաստի կրթության ոլորտում սահմանված նպատակների իրականացմանը, մասնավորապես կապահովի հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթություն բոլոր երեխաների համար: Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի և ժամանակացույցի համաձայն՝ այս տարվա ընթացքում նախատեսվում է Սյունիքի մարզում 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրում:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգը:
Գործադիրն ընդունել է նաև «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին որոշում: Կարգավիճակի այս փոփոխությունը կնպաստի բուհի միջազգային համագործակցության զարգացմանը, ուսման որակի բարձրացմանը, կառավարման հետագա կատարելագործմանը:
Բարելավվում են անասնապահության զարգացման հնարավորությունները
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» և «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրերի շրջանակում ձեռք բերված գույքի հետագա շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ծրագրերի հիմնական նպատակն է խթանել արոտավայրերի բարելավմանը ու անասնապահության զարգացմանը հանրապետության այն համայնքներում, որտեղ բնակչության եկամուտների հիմնական աղբյուրն անասնապահությունն է: Որոշմամբ, մասնավորապես, առաջարկվում է ծրագրերի շրջանակում կառուցված ջրարբիացման համակարգերը և ձեռք բերված գյուղատնտեսական տեխնիկան ու այլ գույքը նվիրաբերել համապատասխան համայնքներին ու կոոպերատիվներին: Արդյունքում 14 համայնքի արոտավայրեր կապահովվեն ջրարբիացման համակարգով, կբավարարվի 43 համայնքում ստեղծված արոտօգտագործողների գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվի գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ պահանջարկը և այլն:
Այլ որոշումներ
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ներդրումային ծրագրի շրջանակում «Հ և Տ Հակոբյաններ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մեկ տարով՝ 2017թ. հունիսի 30-ը, հետաձգելու նպատակով: Անդրադառնալով նախորդ նիստին տրված ՀՀ վարչապետի հանձնարարականին՝ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ արտոնությունների տրամադրման ընթացակարգերն առավել դյուրացնելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ներդրողների, գործարարների բարձրացրած հարցերին արագ արձագանքելու համար անհրաժեշտ է նախարարությանը որոշ լիազորություններ տալ:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կանոնադրական գործառույթներն իրականացնելու և բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով գործադիրն ընդունել է որոշում, որի համաձայն ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունն ուղղակի վաճառքի ձևով ձեռք կբերի համալիրի սեփականությունը հանդիսացող անշարժ և շարժական գույքը սնանկության գործով կառավարչից: Պետական գույքի առավել արդյունավետ կառավարման միասնական քաղաքականություն իրականացնելու, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 2016թ.-ի երկրորդ կիսամյակում բյուջետային ֆինանսավորումն ապահովելու անհրաժեշտությամբ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է Պետական գույքի կառավարման վարչության պետին առաջարկություններ ներկայացնել մարզահամերգային համալիրի կառավարման հետ կապված, որպեսզի այն ֆինանսական բեռ չլինի պետության համար:
Գործադիրն ընդունել է «Արթիկի նավթամթերք» ՓԲԸ-ն լուծարելու մասին որոշում: Ընկերությունը 2004թ.-ից գործունեություն չի իրականացնում: Ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցման են ներկայացվել երեք անգամ: Անդրադառնալով հարցին՝ Կարեն Կարապետյանն առաջարկել է գույքագրել և լուծում տալ բոլոր նման ձեռնարկությունների խնդրին:
Կառավարությունը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ սահմանելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառված գործատուի մոտ աշխատող` խնամքի արձակուրդում գտնվող անձին խնամքի նպաստ է նշանակվում բացառապես այն դեպքում, երբ ծնողը և երեխան բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ-ում բնակության վայրի հասցեով, և ԼՂՀ-ում ծնողին խնամքի նպաստ չի նշանակվել: Ընդ որում, սահմանվում է, որ խնամքի արձակուրդում գտնվելու և ԼՂՀ-ում խնամքի նպաստ չնշանակվելու վերաբերյալ տեղեկատվությունը ԼՂՀ իրավասու մարմնից ստանում է նպաստ նշանակող մարմինը (այսինքն` քաղաքացին ազատվում է փաստաթուղթ ներկայացնելու պարտավորությունից):