հինգշաբթի, 6 հոկտեմբերի 2016
Պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարելավման խնդիրը կառավարության գերակայություններից է. Կարեն Կարապետյան
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը գործադիրի ղեկավարը շնորհավորել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին և համոզմունք հայտնել, որ համատեղ համագործակցությունը կլինի արդյունավետ, անկեղծ ու բաց: Վարչապետը շնորհավորել է նաև ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին՝ մաղթելով հաջողություն՝ հաշվի առնելով այն կարևորությունն ու դերը, որն ունի ՀՀ բանակը մեր կյանքում: Գործադիրի ղեկավարը մեկ անգամ ևս շնորհավորել է կառավարության անդամներին և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար:
Այնուհետև Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տվել մի շարք ոլորտների վերաբերյալ. «Առաջին հանձնարարականը գնումների վերաբերյալ է: Կառավարության նախորդ նիստում հանձնարարել էի քննարկել կենտրոնացված կարգով գնումների կազմակերպման հնարավորությունները և ներկայացնել առաջարկություն: Ելնելով դրանից՝ հանձնարարում եմ ֆինանսների նախարարին երկուշաբաթյա ժամկետում ներկայացնել գնումների մասնակի կենտրոնացման վերաբերյալ իրավական ակտի նախագիծ, ինչը պետք է հիմնված լինի հետևյալ կանոնների վրա.
1. Պարբերական սպառման բնույթ ունեցող ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների գնումներն ամբողջությամբ պետք է իրականացվեն կենտրոնացված եղանակով, մասնագիտացված կառույցի կողմից՝ պատվիրատուների համախմբված պահանջարկի հիման վրա: Այդ գնումների ցանկը կսահմանվի կառավարության որոշմամբ:
2. Պայմանագրերի կատարման արդյունքների ընդունման գործընթացը հարկավոր է դարձնել էլեկտրոնային, որտեղ պայմանագրի գծով ընդունման հանձնման ակտերը, վճարման հանձնարարականները կուղարկվեն, կստացվեն ու կհաստատվեն միայն էլեկտրոնային եղանակով»,-նշել է ՀՀ վարչապետը: Կենտրոնացված կարգով գնումների կազմակերպման հանձնարարականի հետ կապված ստացված կարծիքների և քննարկումների ամփոփման արդյունքում պարզ է դառնում, որ գնումների ապակենտրոնացման հետևանքով ունենք գնումներ ապահովող բազմաթիվ ձեռնարկություններ, որոնք գնման ընթացակարգերի պատշաճ ապահովման համար ունեն մասնագիտական գիտելիքների հետ կապված խնդիր: Միաժամանակ, ապակենտրոնացման պարագայում էականորեն թուլանում է պետական գնումների նկատմամբ հսկողությունը, ձեռքբերումների համար միասնական տեխնիկական ստանդարտների սահմանումը:
«Հաջորդ հանձնարարականը պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ է: Մենք որոշակի ուսումնասիրություններ ենք կատարել և ելնելով դրանից, կարծում եմ, ակտուալ է հետևյալ հանձնարարականը:
Հանձնարարում եմ՝
1.Ընդունել ի գիտություն, որ պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարելավման խնդիրը կառավարության համար համարվում է գերակայություն և օրենսդրական նախագծերի տեսքով ներկայացվող նոր կարգավորումներում հաշվի առնել այս հանգամանքը:
2. Բնակչությանն այս ծառայությունները թե ժամանակի, թե տարածության, թե որակի առումով հնարավորինս մատչելի դարձնելու նպատակով ուսումնասիրել և արդարադատության նախարարություն ներկայացնել ձեր ղեկավարած գերատեսչությունների կողմից մատուցվող ծառայությունների ցանկը՝ նկարագրելով յուրաքանչյուր ծառայության մատուցման գործընթացը և պահանջվող փաստաթղթերը:
3. Արդարադատության նախարարին՝ ամփոփել պետական մարմինների կողմից ներկայացված տեղեկատվությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն: Որպես այլընտրանքային լուծում՝ առաջարկում եմ դիտարկել նաև որոշակի գործառույթներ մասնավոր հատվածին պատվիրակելու հնարավորությունը:
4. ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ նշված խնդիրների լուծման նպատակով երկօրյա ժամկետում ձևակերպել առանձին հանձնարարականներ՝ նշելով կատարման պատասխանատուներին և ժամկետները: Մենք պետք է քաղաքացիների համար ստեղծենք առավել բաց, թափանցիկ հրապարակ, որտեղ նրանք պետական ատյաններից կարճ ժամկետում կստանան իրենց պատասխանները»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների գործընթացները շատ դեպքերում անհարկի բարդ են և քաղաքացիների համար առաջացնում են ժամանակի և ռեսուրսների զգալի վատնում: Գործող համակարգը այնպիսին է, որ որոշակի ծառայություններ ստանալու համար անձը պետք է փաստաթղթեր ներկայացնի մի քանի մարմիններից: Մինչդեռ պետական մարմնի համար անհրաժեշտ տեղեկությունները կարելի է հասանելի դարձնել էլեկտրոնային կառավարման համակարգում, որի կայացման ուղղությամբ բավականին աշխատանքներ արդեն իսկ կատարված են:
«Պետական կառավարման համակարգի պարզեցման և բյուջետային ծրագրերի ռազմավարական պլանավորման գործընթացի վերաբերյալ հանձնարարում եմ հանրապետական գործադիր մարմնի ղեկավարներին՝
1. Տասնօրյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ կառավարության այն որոշումների վերաբերյալ, որոնք նպատակահարմար է ընդունել գործադիր մարմնի ղեկավարի մակարդակով:
2. ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ ամփոփել ստացված առաջարկությունները և ներկայացնել իրավական ակտերում համապատասխան փոփոխությունների առաջարկ: Տարվա ընթացքում ներկայացվում են կառավարության 2600 որոշումներ: Կան բազմաթիվ որոշումներ, որոնք կարող են նախարարները տեղում լուծել: Մենք ուզում ենք վստահության կառավարման համակարգ ստեղծել, վստահել մեր թիմի անդամներին և ձևակերպել, թե որ որոշումներն են իրենք լիազորված կատարելու: Ամբողջն այստեղ կենտրոնացնելով՝ մենք արդյունավետ կառավարում չենք ունենա»,- նշել է կառավարության ղեկավարը:
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է կրճատել տնտեսության ստվերային հատվածը
Գործադիրի հավանությանն է արժանացել Հարկային եկամուտների վարչարարության բարելավման միջոցառումների ծրագիրն ու միջոցառումների ցանկը:
Ըստ այդմ՝ սահմանվում են այն հիմնական ուղղությունները և միջոցառումները, որոնց հիման վրա առաջիկայում պետք է իրականացվեն եկամուտների ապահովման վարչարարական աշխատանքները: Եկամուտների վարչարարության բարելավման միջոցառումները կոչված են ընդլայնելու հարկային և մաքսային մարմինների կարողությունները, որոնք առաջնահերթ կերպով կուղղվեն ստվերային շրջանառությունների բացահայտմանը, վերլուծությունների արդյունքում բացահայտված ռիսկային տնտեսավարող սուբյեկտների մոտ հարկային հսկողական ողջ գործիքակազմի կիրառմանը, մաքսային հսկողության խստացմանը: Նշված աշխատանքներին զուգահեռ կիրականացվեն համապատասխան միջոցառումներ հարկային և մաքսային հանցագործությունների կանխարգելման, դրանց խափանման և բացահայտման ցուցանիշների, ինչպես նաև պատասխանատվության կիրառման թափանցիկության բարձրացման ուղղությամբ: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է կրճատել տնտեսության ստվերային հատվածը՝ ամրապնդելով երկրի տնտեսական անվտանգությունը, հետևողականորեն ավելացնել պետական բյուջեի հարկային եկամուտները, ինչպես նաև բարձրացնել հարկային և մաքսային վարչարարության արդյունավետությունը և ՀՀ ԿԱ ՊԵԿ գործունեության թափանցիկությունը: Անդրադառնալով ներկայացված որոշմանը՝ Կարեն Կարապետյան հետաքրքվել է, թե արդյոք կա բիզնեսի ներկայացուցիչների արձագանքը նախատեսվող այս փոփոխությունների վերաբերյալ: Վարչապետը նշել է, որ շատ դեպքերում կառավարությունը բիզնեսի առանձին շերտերին ուղղված որոշակի միջոցառումներ է ներգրավում՝ ստվերը կրճատելու, կանխատեսելիությունը և թափանցիկությունն ապահովելու նպատակով: «Հաճախ չենք մտածում, թե դա ինչպես կանդրադառնա սպիտակ դաշտում աշխատող բիզնեսի վրա, որը կարող է բերել խնդիրների, քաշքշուկների ավելացմանը: Չորսօրյա ժամկետում գործարար շերտի հետ քննարկեք, որպեսզի չդառնա գլխացավ օրինապահ դաշտում աշխատող գործարարի համար»,-ընդգծել է գործադիրի ղեկավարը:
Կստեղծվեն Քաղաքաշինության և Զբոսաշրջության պետական կոմիտեներ
Արդյունավետ կառավարման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում. նախատեսվում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի: Առաջարկվում է նաև զբոսաշրջության քաղաքականությունն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով ստեղծել զբոսաշրջության պետական կոմիտե` տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համակարգում:
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած մի շարք որոշումներում. նախատեսվում է Ջրային տնտեսության պետական կոմիտեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կառուցվածքից հանել և ընդգրկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարության աշխատակազմի կառուցվածքում:
Գործադիրի որոշմամբ Սուրիկ Խաչատրյանն ազատվել է ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ Վահե Հակոբյանը նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետ: Կառավարության ղեկավարը շնորհավորել է նորանշանակ մարզպետին և մաղթել արդյունավետ աշխատանք. «Հուսով ենք, որ նոր մշակույթ կբերեք ռեգիոնալ կառավարման մեջ: Շնորհավորում ենք և ցանկանում ամենայն հաջողություն»:
Կառավարությունն ընդունել է նաև Էդգար Գևորգյանին և Արմեն Կարապետյանին, համապատասխանաբար, ՀՀ քաղաքաշինության և ՀՀ առողջապահության նախարարությունների աշխատակազմերի ղեկավարների պաշտոններից ազատելու մասին որոշումներ:
ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը նպաստող որոշում է ընդունվել
Կառավարությունը հաստատել է Ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտներին երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պետական աջակցության առաջնահերթությունները և աջակցման ձևերը: Համապատասխան որոշման ընդունումը կնպաստի ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը: Ըստ այդմ՝ առաջնահերթությունները և աջակցման ձևերը կներառվեն ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրերում՝ այդ մասով ապահովելով ոլորտի զարգացման նախադրյալները:
ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրով տրամադրված պետական արտահանման վարկի շրջանակում ՀՀ ՊՆ կարիքների համար ռազմատեխնիկական նշանակության ապրանքների ձեռքբերման ապահովման նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում:
Օրենսդրական նախաձեռնություններ
Կառավարությունը հավանություն է տվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում գործող իրավական ակտերը ԵԱՏՄ-ում գործող իրավական ակտերին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Նախագծերի ընդունումը կնպաստի ապրանքային շուկաներում մրցակցային միջավայրի բարելավմանը, օրենքի խախտումների կանխմանը, բացահայտմանը և հետևանքների վերացմանը: Մասնավորապես, նախատեսվում է սահմանել տուգանքների որոշման այլ մոտեցում` կախված տնտեսվարող սուբյեկտի նախորդ տարվա հասույթի չափից, ինչպես նաև վարչական պատասխանատվություն է նախատեսվում պետական մարմինների և տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձանց համար: Բացի այդ, հստակեցվում և լրացվում են հակամրցակցային համաձայնությունների և գերիշխող դիրքի չարաշահման դրսևորումները, սահմանվում են համաձայնությունները հակամրցակցային չհամարելու հստակ հիմքեր և չափանիշներ:
Կառավարության հավանությանն է արժանացել «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Օրինագծերի նպատակն է գործնականում պահանջվող վայրից դուրս իրականացվող բժշկական օգնության և սպասարկման որոշակի տեսակների համար առանձին լիցենզիայի պահանջի վերացումը, ինչպես նաև պետական հիմնարկների կողմից տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման համար լիցենզավորման պահանջի սահմանումը: Այսպիսով՝ նախագծերի ընդունման դեպքում բժշկական օգնության և սպասարկման որոշ տեսակների համար կնախատեսվի նաև լիցենզիայում նշված վայրից դուրս առանց առանձին լիցենզիայի առկայության բժշկական օգնության և սպասարկման տրամադրման հնարավորություն:
Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Ներկայացված նախագծով առաջարկվում է իրականացնել Գյումրի քաղաքում գրանցված և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների գործունեության պետական աջակցություն` դրանով իսկ խթանելով նորաստեղծ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, ինովացիոն գործունեությանը, արտահանմանը, բնակարանային շինարարությանը: Կառավարության եզրակացության համաձայն, մասնավորապես, հիշյալ ուղղություններով տարվող պետական քաղաքականությունը ներկայումս իրականացվում է համապատասխան ոլորտները կարգավորող գործող օրենքներով: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության նոր ծրագրով նախատեսվում է ստեղծել բիզնեսին աջակցող մեխանիզմ և այդ նպատակով անհրաժեշտ է ձևակերպել շատ հստակ կանոններ՝ մրցունակ դաշտը և արդարացիությունը չխախտելու պայմանով:
Այլ որոշումներ
Գործադիրի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի զեկուցումը՝ ՀՀ կառավարության 2016թ. հունվարի 14-ի «ՀՀ կառավարության 2016թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» համապատասխան որոշման (08.01.2016–30.09.2016թթ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման մասին տեղեկանքը: Ըստ այդմ՝ թվով 71 կետից բաղկացած հանձնարարականներից 2016թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կատարվել են 70-ը կամ 98.6%-ը:
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հանդեպ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 630,705.111 հազ. դրամ գումարի պարտքը վերջինիս կողմից ՀՀ պետական բյուջե փոխանցելու և նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 415,106.650 հազ. դրամ գումար հատկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Գործադիրը որոշել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Նալբանդյան փողոց N28 հասցեում գտնվող 7809.9 քառ. մետր մակերեսով շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող 0.252044 հա մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով: Հաշվի առնելով, որ ներկայումս առաջացել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը շենքային պայմաններով ապահովելու անհրաժեշտություն, կառավարությունը հաստատել է Երևանի Վ.Սարգսյան 3 հասցեի այրված շենքի 1-ին հարկի նախկին սեփականատերերի համար կառուցած շենքի ձեռք բերման գործողությունների ծրագիրը՝ նշված շենքում վերոնշյալ նախարարության աշխատակազմին տեղակայելու համար:
Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ արտաքին գործերի նախարարությանը կհատկացվի 46,033.2 հազ. դրամ, որը նվիրաբերության կարգով կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով:
Նիստի ավարտին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին անդրադարձել է նոր կառավարությունից ակնկալվող սպասելիքներին և հորդորել գերատեսչությունների բոլոր ղեկավարներին այդ ուղղությամբ համարձակ քայլեր իրականացնել: