ուրբաթ, 14 հոկտեմբերի 2016
Ունենք հայ-ռուսական հարաբերությունների զարգացման աննախադեպ մեծ ներուժ. Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել հինգերորդ Հայ-ռուսական միջտարածաշրջանային և Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովների բացմանը:
Մինչ ելույթը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին և ի դեմս նրա՝ Ռուսաստանի կառավարությանը, Բեսլանում տեղի ունեցած ողբերգական դեպքին արագ արձագանքելու և հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար: «Անչափ շնորհակալ ենք, մենք զգացված ենք ձեր հոգատարությունից և վերաբերմունքից»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Ողջունելով համաժողովների մասնակիցներին աշխարհի հնագույն քաղաքներից և մայրաքաղաքներից մեկում՝ գրեթե 2800-ամյա Երևանում, Կարեն Կարապետյանն ընդգծել է. «Իմ ազգի առանձնահատկություններից մեկը հյուընկալությունն է և բարձր զգացումն ընկերների նկատմամբ: Քանի որ այստեղ եք գտնվում, ուրեմն մեր երկրի բարեկամն եք և հյուրը»:
Հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ ֆորումը համարելով երկկողմ կապերի խորացմանն ուղղված օգտակար հարթակ՝ վարչապետը նշել է. «Կարևոր է, երբ հանդիպում են գործընկերները, բարեկամները, մարդիկ, ովքեր մտածում են միանման և գործում համահունչ՝ օպտիմալ որոշումներ գտնելու, փորձով կիսվելու, բիզնեսի զարգացման մթնոլորտ ստեղծելու նպատակով: Չնայած հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակին՝ կարծում եմ, որ մենք դրանց խորացման համար ունենք աննախադեպ մեծ ներուժ, իսկ եվրասիական շրջանակում տեղի ունեցող միջագգային ինտեգրացիոն գործընթացները դրան միայն կարող են օգնել»:
Անդրադառնալով Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովին՝ Կարեն Կարապետյանը մասնակիցներին մաղթել է արգասաբեր աշխատանք: Նա նշել է, որ ընդհանրությունները շատ են և առկա է հետևողականություն գործնական ամուր հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ: Վարչապետը ներկաներին մաղթել է հաջողություններ և արդյունավետ աշխատանք, ինչպես նաև հորդորել ծանոթանալ Հայաստանի մշակույթին և պատմությանը:
Այնուհետև վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի ներկայությամբ ստորագրվել են հայ-ռուսական փոխգործակցությանն առնչվող փաստաթղթեր: Մասնավորապես, ՀՀ կառավարության և Ռոստովի նահանգի միջև ստորագրվել է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտներում համագործակցության համաձայնագիր: Այն ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևը: Գեղարքունիքի մարզի և Օմսկի նահանգի կառավարության միջև ստորագրվել է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և սոցիալական ոլորտներում համագործակցության համաձայնագիր, որը ստորագրել են Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և Օմսկի նահանգապետ Վիկտոր Նազարովը: Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի և ենթակառուցվածքային և կրթական ծրագրերով զբաղվող «ՌՈՍՆԱՆՈ» հիմնադրամի միջև կնքվել է կենսաբանական տեխնոլոգիաների ոլորտում միջազգային կրթական ռեսուրսի ստեղծման պայմանագիր: Այն ստորագրել են Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը և «ՌՈՍՆԱՆՈ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Անդրեյ Սվինարենկոն: Հայաստանի նորարարության ու արդյունաբերության զարգացման հիմնադրամի և Կլաստերների ու տեխնոպարկերի ռուսական ասոցիացիայի միջև ևս ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Այն ստորագրել են հիմնադրամի տնօրեն Անահիտ Սիմոնյանը և ասոցիացիայի ղեկավար Անդրեյ Շպիլենկոն:
Հինգերորդ Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի նպատակն է ի հայտ բերել պոտենցիալ գործընկերների, որոնք հետաքրքրված են արտադրանքի ու ապրանքների արտահանման, ներդրումների և այլ համատեղ նախագծերի իրականացման գործում համագործակցելու ուղղությամբ:
Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովն անցկացվում է ՀՀ կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աջակցությամբ: ԵԳՄՀ նպատակն է նպաստել Եվրասիական տարածաշրջանում երկկողմ և բազմակողմ տնտեսական համագործակցությանն ուղղված ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը: