չորեքշաբթի, 19 հոկտեմբերի 2016
Վարչապետն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպանին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ ալ Կասիմիին:
Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի և արաբական աշխարհի միջև ձևավորվել են սերտ կապեր, որոնց հիման վրա հաջող զարգանում են միջպետական հարաբերությունները: Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ԱՄԷ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը հնարավորություն է տալիս որակական նոր մակարդակի բարձրացնել նաև երկկողմ տնտեսական կապերը, ինչի համար առկա են բավարար ներուժ և հնարավորություններ: Այս առումով Կարեն Կարապետյանը կարևորել է երկկողմ միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեության ակտիվացումը:
Հայաստանում ԱՄԷ դեսպանը շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Նա համոզմունք է հայտնել, որ երկու երկրների կառավարությունների միջև ծավալված արդյունավետ համագործակցությունն այսուհետ ևս կզարգանա և կամրապնդվի:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ չնայած վերջին տարիներին երկկողմ կապերը դինամիկ զարգանում են, և արձանագրվել է առևտրաշրջանառության ծավալի աճ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել այն առավել ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ: Կողմերն անդրադարձել են գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում գործակցության հեռանկարներին, քննարկել ներդրումների ներգրավմանը և խրախուսմանը վերաբերող հարցեր: