հինգշաբթի, 20 հոկտեմբերի 2016
Վարչապետը հանձնարարականներ է տվել տրանսպորտի, լիցենզավորման, ընդերքի և ԴԱՀԿ-ի գործունեության հետ կապված խնդիրների վերաբերյալ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը հանձնարարականներ է տվել մի շարք ոլորտների հետ կապված. «Տրանսպորտ. ակտուալ են մնում գյուղական բնակավայրերում տրանսպորտի աշխատանքի կազմակերպման հետ կապված խնդիրները: Ելնելով դրանից՝ հանձնարարում եմ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը՝ մարզպետների հետ համատեղ ուսումնասիրել բարձրացված հարցը՝ չսահմանափակվելով միայն Երևանի մերձակա գյուղերում տրանսպորտի սպասարկման խնդրով: Մասնավորապես, ներկայացնել այն բնակավայրերի ցանկը, որտեղ տրանսպորտային սպասարկում ընդհանրապես չի իրականացվում՝ նշելով դրա պատճառները, ինչպես նաև ներկայացնել վերոնշյալ խնդիրների վերջնական կարգավորման հստակ առաջարկություններ:
Լիցենզավորման մասին. լիցենզավորման մասին գործող օրենսդրության համաձայն կան լիցենզիաների տեսակներ, որոնք տրամադրվում են բացառապես իրավաբանական անձանց: Իրատեսական է լիցենզիաների որոշ տեսակներ իրավաբանական անձանց տրամադրել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ օգտագործելով արդեն իսկ կայացած ենթակառուցվածքները: Հանձնարարում եմ լիցենզիա տրամադրող պետական մարմիններին ուսումնասիրել իրավաբանական անձանց միայն էլեկտրոնային եղանակով լիցենզիաներ տրամադրելու հնարավորությունը և ներկայացնել առաջարկություններ:
Ընդերքի հետ կապված հանձնարարում եմ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ 3 շաբաթյա ժամկետում ներկայացնել ընդերքի ոլորտում տիրող ներկա վիճակի համալիր վերլուծություն, մասնավորապես՝տրված թույլտվությունները ըստ հանքավայրի տեսակի, տրված թույլտվությունների համապատասխան կնքված պայմանագրային պարտավորությունների կատարման իրավիճակը, պայմանագրային պարտավորությունները խախտած ընկերությունների նկատմամբ օրենքով նախատեսված գործիքակազմը և դրա կիրառման մոտեցումները։
Տևական ժամանակ է, ինչ բնակչության շրջանում դժգոհություններ են առաջանում ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գործունեությունից: Մասնավորապես, դրանք առնչվում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական տույժերի հարկադիր կատարման ընթացքում առաջացած խնդիրներին: Օրինակ՝ քաղաքացուն չեն ծանուցել վարչական ակտի մասին, բայց իր դրամական միջոցներն արգելանքի են վերցվում կամ գույքի վրա արգելանք է դրվում, բայց քաղաքացուն չեն տեղեկացնում և այլն: Հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կատարողական վարույթ հարուցվի միայն, եթե ամբողջովին պահպանված են օրենքով նախատեսված պահանջները, եռամսյակը մեկ ամփոփել և տեղեկություն ներկայացնել, թե որ մարմիններն են ակտեր ներկայացնում կատարման՝ չպահպանելով օրենսդրության պահանջները, մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն հարկադիր կատարողի կողմից պարտապաններին, վերջիններիս գույքի վրա արգելանք դնելու մասին անհապաղ ծանուցումն ապահովելու համար անհրաժեշտ մեխանիզմների՝ էլ.փոստի, sms միջոցով և այլն»: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարել է ամփոփել կառավարության նախորդ նիստերում տրված հանձնարարականների կատարման ընթացքը:
Հսկողական մեխանիզմներ կսահմանվեն ՀՀ-ում օտարերկրացի բուժաշխատողների գործունեության նկատմամբ
Գործադիրի որոշմամբ սահմանվել է ՀՀ-ում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության տրամադրման կարգը: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս օտար պետություններից ՀՀ են ժամանում օտարերկրացի բուժաշխատողներ՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու նպատակով, սակայն նրանց գործունեության նկատմամբ որևէ հսկողական մեխանիզմ սահմանված չէ: Որոշմամբ սահմանվում է օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության տրամադրման ընթացակարգը՝ թույլտվության տրամադրման ժամկետը, հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, հայտի մերժման հիմքերը: Հայտին կցվող փաստաթղթերի ցանկում սահմանվում է նաև համապատասխան երկրում բժշկական գործունեության իրականացման իրավունքը հավաստող հավաստագիր ներկայացնելու պահանջը: Նշված փաստաթուղթը հավաստում է, որ օտարերկրացի բուժաշխատողն իր երկրում ունի բժշկությամբ զբաղվելու իրավունք, և որ նրա՝ բժշկությամբ զբաղվելու իրավունքը կասեցված կամ արգելված չէ: Արդյունքում, հսկողական մեխանիզմներ կսահմանվեն ՀՀ-ում օտարերկրացի ավագ և միջին բուժաշխատողների գործունեության նկատմամբ և բացառել նրանց կողմից մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարումը:
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014թ. դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» 2015թ. դեկտեմբերի 2-ին և «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014թ. դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» 2015թ. դեկտեմբերի 2-ին ստորագրված արձանագրություններին: Ըստ հիմնավորման, համաձայնագրերի ընդունումն անհրաժեշտ է ՀՀ տնտեսական համագործակցությունը զարգացնելու, առևտրային ու տնտեսական կապերն ընդլայնելու, անվտանգ, արդյունավետ և որակյալ դեղամիջոցների հասանելիությունն ապահովելու, ԵԱՏՄ շրջանակներում դեղամիջոցների ընդհանուր շուկա ձևավորելու, փոխադարձ առևտրում չհիմնավորված սահմանափակումները վերացնելու, ինչպես նաև դեղագործական արդյունաբերության զարգացման, անդամ պետությունների տարածքներում արտադրվող դեղագործական արտադրանքի մրցունակության բարձրացման և համաշխարհային շուկա դուրս գալու համար օպտիմալ պայմաններ ստեղծելու համար:
Միջազգային համագործակցություն
Գործադիրը համաձայնություն է տվել 2000թ. հուլիսի 24-ին ստորագրված` «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ժամկետը 7 տարով երկարաձգելու մասին»» համաձայնությունը հայտագրերի փոխանակմամբ կնքելու առաջարկությանը: Համաձայնագրի գործողության հերթական ժամկետն ավարտվում է 2016թ. նոյեմբերի 25-ին: Տարեսկզբին ամերիկյան կողմը ծանուցել է համաձայնագրի ժամկետը ևս 7 տարով երկարաձգելու պատրաստակամության մասին: Մասնավորապես՝ համաձայնագրով նախատեսվում է զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխարգելող համապատասխան սարքավորումների, նյութական միջոցների, տեխնոլոգիաների անհատույց տրամադրում, անձնակազմի ուսուցում և այլն:
Կառավարությունը համաձայնություն է տվել «ԱՊՀ մասնակից պետությունների` ավտոմոբիլաշինության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի կնքումը հնարավորություն կընձեռի իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա ԱՊՀ մասնակից պետությունների շրջանակում զարգացնել ավտոմոբիլային արդյունաբերությունը, ստեղծել ճյուղային կոոպերացիայի զարգացման համար բարենպաստ պայմաններ, բարձրացնել գործարար ակտիվությունը:
Համաձայնություն է տրվել «2009թ. նոյեմբերի 20-ի` ԱՊՀ մասնակից պետությունների տարածքով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների համաձայնեցված զարգացման մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: Համաձայնագրի ստորագրումը կնպաստի բեռների միջազգային փոխադրման և տարանցման դյուրացմանը, դրանց կառավարող ընթացակարգերի պարզեցմանը,, տրանսպորտային ծախսերի նվազեցմանը, ճանապարհային անվտանգության պայմանների բարելավմանը և այլ երկրներից բեռների տարանցման ներգրավմանը:
Կառավարության համաձայնությանն է արժանացել նաև «ԱՊՀ մասնակից պետությունների` լեռնամետալուրգիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությունը: Համաձայնագրի հիմնական նպատակն է դիմակայել արտաքին մարտահրավերներին, բարձրացնել ԱՊՀ անդամ երկրներում գործող լեռնա-մետալուրգիական ձեռնարկությունների և կազմակերպությունների համագործակցության կապերը՝ ուղղված տնտեսության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև տեխնոլոգիական և ինովացիոն համակարգերի թարմացմանը, էներգախնայող և բնապահպանական համակարգերի ներդրմանը:
Գործադիրը համաձայնություն է տվել նաև «ԱՊՀ մասնակից պետությունների` սպառողների իրավական իրազեկվածության ոլորտում համագործակցության մասին»,
«ԱՊՀ մասնակից պետությունների՝ կեղծ արտադրանքի արտադրության և տարածման հակազդման ոլորտում համագործակցության մասին», «ԱՊՀ մասնակից պետությունների՝ բույսերի կարանտինի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկությանը:
Կառավարությունը հավանություն է տվել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցառումների մասին» 1970թ. կոնվենցիայի դրույթների կիրարկման վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցին: Այն պայմանավորված է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններով. յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ պետությունը ներկայացնում է ազգային զեկույց իր տարածքում և միջազգային մակարդակով իրականացված միջոցառումների մասին՝ մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու նպատակով:
Օրենսդրական նախաձեռնություններ
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունման արդյունքում նախ կապահովվի քրեական գործերի միացման ինստիտուտի, հետևաբար նաև՝ նախաքննության իրականացման առավել արդյունավետ իրավակարգավորման մակարդակ: Դատախազի որոշումները բողոքարկելու դատավարական կառուցակարգ նախատեսելու վերաբերյալ նախագծում առաջարկվող փոփոխությունների արդյունքում ակնկալվում է հստակեցնել դատախազի և քննիչի փոխհարաբերությունները, ինչպես նաև ապահովել դատավարության այս սուբյեկտների գործառույթների հավասարակշռված իրացումը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածում առաջարկվող իրավակարգավորումը հնարավորություն կտա հսկող դատախազին քննիչի կամ հետաքննության մարմնի պատճառաբանված միջնորդության հիման վրա երկարացնել հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման և լուծման ժամկետն այն բացառիկ դեպքերում, երբ անհրաժեշտ է ստանալ նշանակված փորձաքննության եզրակացությունը: Բացի այդ, օրինագծով առաջարկվող իրավակարգավորումների արդյունքում ակնկալվում է նախաքննության ժամկետի երկարացման քրեադատավարական կառուցակարգով կարգավորել դատավարական ժամկետների պահպանման հետ կապված գործնականում առկա խնդիրները:
Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ-ում ներկայումս չկա ռեդոմիցիլացման ինստիտուտ: Այն հնարավորություն է տալիս մի երկրի կազմակերպությանը տեղափոխվել այլ պետություն՝ շարունակելով իր գործունեությունը։ Ռեդոմիցիլացումը հեշտացված գործընթաց է և չի պահանջում իրավաբանական անձի լուծարում։ Ներկայումս բազմաթիվ երկրներում հաջողությամբ աշխատում է նշված ինստիտուտը և հնարավորություն է ընձեռում ներգրավել օտարերկրյա ներդրումներ, դառնալ բիզնեսի համար բարենպաստ կենտրոններ։ Նշված ինստիտուտը ներդնելու համար անհրաժեշտ է լրացումներ կատարել վերոնշյալ օրենքներում: Ինստիտուտի ներդրումով նախատեսվում է ՀՀ-ում օտարերկրյա իրավաբանական անձանց և նրանց կապիտալի ներհոսք, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծում, տնտեսության և կազմակերպաիրավական ոլորտի վերընթաց զարգացում։
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում գույքի սեփականատեր չհանդիսացող անձի՝ գույքային իրավունքի առանձնահատուկ տեսակի՝ անձնական սերվիտուտի, ներառյալ՝ ուզուֆրուկտի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությամբ: Նախագծով հստակեցվել է գույքային սերվիտուտի հասկացությունը, նախատեսվել է նաև բացասական սերվիտուտի ինստիտուտը, այսինքն, նախատեսվել է, որ սերվիտուտի ուժով գերակա գույքի սեփականատերն իրավունք ունի ոչ միայն ինքնուրույն օգտվելու ծառայող գույքից (դրական սերվիտուտ), այլ նաև՝ ծառայող գույքի սեփականատիրոջը արգելել այդ գույքից որոշակի ձևով օգտվել (բացասական սերվիտուտ): Նախագծով, որպես անձնական սերվիտուտի տարատեսակ, նախատեսվում է ուզուֆրուկտի ինստիտուտը, որն առհասարակ բացակայում է գործող ՀՀ օրենսդրությունից:
Կառավարության հավանությանն է արժանացել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն իրավաբանական անձանց կողմից թվային հեռարձակման մասնավոր ցանց ստեղծելու համար մուլտիպլեքսների լիցենզիա ստանալու համար հայտերի ներկայացման և դրանց ուսումնասիրման գործընթացի հստակեցումն է: Օրենքի նախագծով նախատեսվում է ավելի դյուրին դարձնել լիցենզիավորման ընթացակարգը:
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Գործադիրի եզրակացության համաձայն՝ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման խնդիրն արդեն իսկ կարգավորված է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» կարգով և անհրաժեշտության դեպքում այդ կարգում կարող են կատարվել համապատասխան փոփոխություններ: Նշված է նաև, որ նախագիծն իրավական տեսանկյունից թերի է, առկա են կառուցվածքային և բովանդակային առումով բացթողումներ:
Այլ որոշումներ
Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկում կներառվեն նաև էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կարգավարները՝ աշխատանքի բնույթի առանձնահատկություններով պայմանավորված: Կարգավարները իրականացնում են համակարգի շուրջօրյա օպերատիվ տեխնոլոգիական, տնտեսական կարգավորումը և մի աննշան վրիպումը կարող է հանգեցնել խոշոր վթարների՝ վտանգելով նույնիսկ մարդկային կյանքեր: Որոշմամբ առաջարկվում է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի կարգավարներին տրամադրել 6 և 7 օր ամենամյա լրացուցիչ արձակուրդ, ինչը կնպաստի էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի ու անվտանգ աշխատանքի, սպառողներին սահմանված որակի էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումն ապահովելուն:
Գործադիրի որոշմամբ հաստատվել է ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը: Որոշման ընդունումը կնպաստի ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ համապատասխանեցնելով այն օրենքի դրույթներին: Որոշմամբ, մասնավորապես, սահմանվել է, որ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին, անկախ ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակում և վճարում է ծառայության կենսաթոշակ նշանակող այն ստորաբաժանումը, որտեղ ներկայացվել են դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը, առաջին խմբի հաշմանդամին և ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ՝ լիազորագրի հիման վրա` ներկայացնելով նաև իր անձը հաստատող փաստաթուղթ և այլն:
Կառավարությունը հաստատել է պետական մարմինների կողմից «Ինտերնետ կապի տրամադրման» ծառայությունների գնման գործընթացին ներկայացվող նվազագույն պահանջները: Համապատասխան որոշմամբ սահմանվում են տեխնիկական նվազագույն պահանջներ, որոնք կապահովեն «ԴՈՍ» հարձակումներից պաշտպանված ինտերնետ կապի ծառայությունների մատուցում:
Գործադիրի որոշումներով Գագիկ Հայրապետյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար, իսկ Սամվել Մուրադյանը՝ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար։