չորեքշաբթի, 2 հունիսի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ողջույնի խոսքը ԱՊՀ Առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի նիստում
Հարգելի տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ ողջունելու ձեզ Հայաստանում, ԱՊՀ անդամ-երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի հերթական նիստում:
Անվիճելիորեն մեծ է առևտրաարդյունաբերական պալատների դերը համագործակցության երկրների տնտեսությունների բարեփոխման, դրանց ինտեգրման և միասնական տնտեսական տարածքի ստեղծման գործում:
Սխալված չեմ լինի, եթե ԱՊՀ պետությունների իմ գործընկերների անունից ասեմ, որ մեր երկրների կառավարությունները շահագրգռված են առևտրաարդյունաբերական պալատների սերտ համագործակցությամբ, որը նպաստում է մեր երկրներում միջին խավի կայացման հիմքը հանդիսացող փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը:
Մեզ, անկասկած, բարեփոխումներ պետք են, բայց բարեփոխումներ՝ մարդկային դեմքով, առանց որի անհնար է հաջողություններ ակնկալել, հատկապես անցումային շրջանում: Իսկ մեր երկրների սերտ համագործակցությունը փոքր ու միջին գործարարության ասպարեզում կատալիզատորի կարևոր դեր կարող է խաղալ ինտեգրման արագացման և ԱՊՀ միասնական շուկայական տարածքի ձևավորման գործընթացում:
Թույլ տվեք ողջունել նաև Խորհրդի շրջանակներում ցուցահանդեսի և գործարար համաժողովի անցկացման նախաձեռնությունը: Կարծում եմ, դա լավ ավանդույթ կդառնա և կխթանի հետագա համագործակցությանը մեր երկրների գործարարների միջև:
Ցուցահանդեսում ներկայացված և գործարար համաժողովում քննարկման առաջարկված թեմաները շատ հրատապ ու հեռանկարային են մեր երկրների համար: Այստեղ առաջին հերթին անհրաժեշտ է հնարավորինս վերականգնել նախկինում եղած, վերջնականապես չկորսված կապերը: Եվ, իհարկե, համատեղ ուժերով որոնել և իրացնել նոր շուկաներ:
Առևտրաարդյունաբերական պալատները, որպես արևմտյան գործարարներին հասկանալի և մոտ կառույցներ, կարող են լոկոմոտիվների դեր խաղալ այդ գործում, որոնք իրենց հետևից կտանեն իրական գործարարությունը և կօգնեն փոքր ու միջին գործարարության ենթակառուցվածքների կայացմանը:
Հաշվի առնելով մասնակիցների լայն շրջանակը, կարելի է վստահ լինել, որ աշխատանքը բեղմնավոր կլինի և ԱՊՀ երկրների իմ գործընկերների անունից ես հայտնում եմ մեր պատրաստակամությունը՝ աջակցելու բոլոր այն կառուցողական, գործնական առաջարկություններին, որոնք ուղղված կլինեն փոքր ու միջին գործարարության խթանմանը, մեր երկրների տնտեսությունների իրական ինտեգրմանը:
Մեկ անգամ ևս արդյունավետ աշխատանք եմ մաղթում ձեզ և շնորհակալություն ուշադրության համար: