չորեքշաբթի, 2 հունիսի 2004
Նշելով Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, կողմերն ընդգծել են, որ չնայած վերջին տարիներին նկատելի ակտիվացմանը, երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացումը դեռևս հեռու է բավարար լինելուց: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ ու բազամկողմ փոխշահավետ համագործակցության հետագա խթանումը՝ ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ ԱՊՀ շրջանակներում: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը գնահատում է միջխորհրդարանական կապերի զարգացումը, որոնք նպաստում են նաև գործադիր իշխանության գործունեությանը: Երկկողմ հարաբերությունների խթանման համար, վարչապետը կարևորել է նաև առևտրային ու տնտեսական կապերի հետագա խորացումը, մասնավորապես, երկու երկրների վարչական առանձին սուբյեկտների, առևտրաարդյունաբերական պալատների, գործարարների միջև:
Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը գոհունակություն է հայտնել այսօր ավարտված հանձնաժողովի նիստի արդյունքներից, նշելով, որ քննարկվել են երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող բազմաթիվ հարցեր, արվել մի շարք գործնական առաջարկություններ: Ըստ նրա, հանձնաժողովի ուղադրության կենտրոնում է եղել գլխավորապես Հայաստանի և Ռուսաստանի միջև տրանսպորտային հաղորդակցության ուղիների խնդիրը, որի սահմանափակությունը հնարավորություն չի տալիս լիարժեքորեն օգտագործել առևտրատնտեսական կապերի ամբողջ ներուժը, մեծացնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները: Նիկոլայ Ռիժկովը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական կապերի ակտիվացման գործում մեծ հույսեր է կապում նաև վերջերս հիմնված հայ-ռուսական գործարար համագործակցության «Արադես» ասոցիացիայի հետ, որի նախագահն է ինքը, իսկ պատվավոր նախագահը լինելու համաձայնություն է տվել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա տեղեկացրել է, որ քննարկվում է ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի ստեղծման հնարավորության հարցը ևս: Ըստ Նիկոլայ Ռիժկովի, միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում որոշվել է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք քննարկումներ կկազմակերպեն երկու պետությունների վարչական առանձին սուբյեկտների միջև համագործակցության, փոքր ու միջին գործարարության խթանման և այլ առաջնահերթ հարցերի շուրջ: Նա հայտնել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական՝ 8-րդ նիստը տեղի կունենա աշնանը, Մոսկվայում՝ օրակարգում ունենալով հայ-ռուսական քաղաքական ու ռազմական համագործակցության, միջազգային կազմակերպություններում փոխշահավետ գործակցության և այլ հարցեր:
Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներին, հույս հայտնելով, որ առաջիկայում ևս հանձնաժողովի գործունեությունը կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խորացմանն ու համագործակցության ընդլայնմանը: