Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 10 նոյեմբերի 2016

Նախատեսվում է աջակցել օրինապահ հարկատուներին










Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետն անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ ձեռք բերված պայմանավորածությանը՝ 15 երկրներում գործող ՀՀ դեսպանատներում ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ ունենալու հարցին: Գործադիրի ղեկավարի դիտարկմամբ՝ պետք է այդ հարթակն օգտագործել և հնարավորություն տալ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին ներկայանալ պետության անունից: Դա նախարարության համար լրացուցիչ ծախս չի լինելու, քանի որ ծախսերը հոգալու են ՏՏ ոլորտի բիզնեսի ներկայացուցիչները: «ՀՀ տնտեսական զարգացումների և ներդրումների նախարարին և բիզնեսի ոլորտին առաջարկում ենք մտածել՝ գուցե նման հարթակ էլ իրենց համար պետք լինի ստեղծել, որպեսզի առևտրային ներկայացուցչություններ առանձին չգործեն»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը ներկայացրել է նաև ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջարկությունը, որի համաձայն նախատեսվում է հարկատուների դասակարգում մտցնել և տալ օրինապահ հարկատու կարգավիճակ: Դիմելով ՀՀ կենտրոնական բանկի նախագահին՝ վարչապետը նշել է. «Խնդրում եմ ձեզ, որպեսզի ձեր միջոցով մեր առևտրային բանկերի ղեկավարների հետ հարցը քննարկվի, և եթե հարկատուն նման կոչում կամ որակավորում ունի, ապա բանկերը վերաբերվեն արտոնյալ պայմաններով»:
Այնուհետև Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Վարչապետը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է տասնօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրային ծառայությունների վերաբերյալ երկրատեղեկատվական համակարգի միջոցով տեղեկությունները պարզ եղանակով ստանալու վերաբերյալ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարվել է՝ համագործակցելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, մոնիթորինգի ենթարկել բիզնեսի` հանրային ծառայությունների միացման գործընթացը: Մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ դրանց միացման խոչընդոտների վերացման և գործընթացի պարզեցման վերաբերյալ:
Կարեն Կարապետյանը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկներ մասնավորեցման ցուցակում չգտնվող պետական ընկերությունների և պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնեմասերի բաց և հրապարակային մրցույթով, այդ թվում ֆոնդային բորսայում հրապարակային առաջարկների միջոցով, մասնավորեցման վերաբերյալ: «Կարծում եմ մեկնաբանելու կարիք չկա՝ մենք և ֆոնդային բորսան ենք ուզում աշխուժացնել և այդ հրապարակը, հարթակը ստեղծենք և նաև կառավարման մակարդակն այդ ընկերություններում վերանայենք»,-նշել է վարչապետը:
ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարվել է երեքշաբաթյա ժամկետում ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել նախագծերի փաթեթ, որոնց համաձայն՝ դադարեցվում է նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության գործունեությունը և վերացվում են նախարարության կողմից իրականացվող արհեստակցական կազմակերպությունների, կրոնական կազմակերպությունների և կուսակցությունների գործունեության տեսչական գործառույթները, իսկ մնացած՝ ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության վերահսկողության, այդ թվում՝ ստուգումների անցկացման գործառույթը վերապահվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին: «ՀՀ արդարադատության նախարարության ներքին խնդիրների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ վերահսկողության գործառույթները վերապահվում են վերակազմակերպած ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողության ծառայությանը»,-ասել է վարչապետը:


Կկանոնակարգվի բազմաբնակարան շենքերում և նրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և նման զվարճանքի օբյեկտների գործունեությունը
 

Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և համագործակցելով համայնքապետերի հետ՝ բազմաբնակարան շենքերում և նրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և նման զվարճանքի օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ վայրեր տեղափոխելու նպատակով՝ համատեղ ներկայացնել օրենսդրական անհրաժեշտ լուծումների վերաբերյալ առաջարկություններ: «Ընդ որում, անհրաժեշտ է նախատեսել այդ փոփոխությունները կյանքի կոչելու համար ողջամիտ ժամկետ և պայմաններ, որպեսզի տնտեսվարողները բավարար ժամանակ ունենան իրենց գործունեությունը վերակազմակերպելու համար: Խոսքը գնում է ստրիպտիզ ակումբների և դրա նման զվարճանքի ակումբների մասին, որոնք տեղեկայված են բազմաբնակարան շենքերի տակ և անհանգստացնում են բնակիչներին: Շատ բողոքներ կան և մենք պետք է արձագանքենք»,-նշել է գործադիրի ղեկավարը:


Վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել Միքայել Արամյանցի առանձնատան հետ կապված հարցը և ներկայացնել առաջարկություններ
 

Կարեն Կարապետյանն անդրադարձել է Միքայել Արամյանցի Ախթալայում գտնվող առանձնատան աղետալի վիճակին: «Մի խումբ մտավորականներ բաց նամակով դիմել են ինձ նշանավոր հայ ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի Ախթալայում գտնվող առանձնատան աղետալի վիճակի հետ կապված: Այդ առանձնատունը 2013 թ. ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից նորահայտ պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում, սակայն սեփականատիրոջ ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով հայտնվել է անմխիթար վիճակում: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին հանձնարարում եմ մեկօրյա ժամկետում ներկայացնել գույքի վրա գրանցված բոլոր ծանրաբեռնումները: Հանձնարարում եմ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ շահագրգիռ նախարարությունների մասնակցությամբ ուսումնասիրել խնդիրը և ներկայացնել առաջարկություն»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ տունն իրականում կարող է լինել գրավիչ զբոսաշրջության ոլորտի համար և այստեղ պետք է անպայման վերաբերմունք ցուցաբերվի:
Այնուհետև մեկնարկել է օրակարգային հարցերի քննարկումը՝ տեխնիկական բնույթի և հանրության համար առանձնապես հետաքրքրություն չներկայացնող հարցերը ներկայացվելով «չքննարկվող» ձևաչափով:

Կներդրվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման պարզ, թափանցիկ, արդյունավետ համակարգ
 

Վարչապետը հորդորել է հատուկ ուշադրություն դարձնել զորակոչի հետ կապված հարցերին՝ դիտարկելով արդար պայմանների ապահովումը


Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», ««Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Օրինագծերի ընդունման արդյունքում կներդրվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման` հասարակության վստահությունը վայելող, պարզ, թափանցիկ և արդյունավետ համակարգ: Նախագծով առաջարկվում է հատուցման գումարներ վճարել այն զինծառայողներին, ովքեր մահացել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ: Զինծառայողների մահվան դեպքում, հատուցման գումարները կվճարվեն իրենց ընտանիքի անդամներին (ծնող, ամուսին, զավակ, զինծառայողի խնամքի տակ գտնվող անձինք): Բոլոր դեպքերում, եթե զինծառայողը ունի 3 կամ ավելի երեխա, ապա` ի լրումն սահմանված գումարների, զինծառայողի ընտանիքին յուրաքանչյուր ամիս կվճարվի ևս 100 հազար դրամ: Հատուցման գումարների վճարումն իրականացնելու և հավաքագրված դրամական միջոցները կառավարելու նպատակով նախագծով առաջարկվում է ստեղծել հատուկ կառույց` զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ: Այն կմիավորի և պետությունից, և հասարակությունից ստացվող դրամական միջոցները, կապահովի այդ միջոցների պրոֆեսիոնալ կառավարումը և առաջացած միջոցների հաշվին` զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումը: Հիմնադրամի կողմից հատուցումներ վճարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները կձևավորվեն հետևյալ աղբյուրներից`յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարվող դրամաշնորհային վճարներից, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայություններից օգտվող անձանց կողմից վճարվող վճարներից` յուրաքանչյուր ծառայության համար` համապատասխանաբար` 500 և 200 դրամ գումարի չափով, հատուկ այդ նպատակով թողարկված արժեթղթերի վաճառքից, հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից, նվիրաբերություններից և նվիրատվություններից, վերը նշված աղբյուրներից հավաքագրված միջոցների կառավարման (ներդրման) արդյունքում ստացվող եկամուտներից: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առնվազն հինգ տարի ԿԲ-ն անվճար կառավարելու է հիմնադրամի միջոցները և իրականացնելու է անվճար ադմինիստրատիվ գործառույթներ:
Գործադիրը հավանություն է տվել նաև «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններ ավարտած և հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն ունեցող զինծառայողների սկզբնական սպայական կոչման շնորհման գործընթացը, ինչպես նաև հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց կողմից պայմանագրային պարտավորության խախտման արդյունքում ծագող իրավական հետևանքները հստակեցնելու անհրաժեշտությամբ: Օրինագծով նախատեսվում է ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններում սովորող զինծառայողների համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետում ներառել նաև ինտերնատուրայում ուսումնառության ժամկետը և նրանց սկզբնական սպայական կոչում շնորհել ինտերնատուրան ավարտելուց հետո: Օրենքի ընդունումը կնպաստի իրավական կարգավորումների հստակեցմանը, ինչպես նաև կապահովի պարտավորությունների չկատարման դիմաց թափանցիկ, չափելի և արդյունավետ մեխանիզմների կիրառման ներդրումը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ այցի շրջանակում Տիգրանակերտում տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ հնչեցրած այն հարցին, որ առաջնագծում հիմնականում անապահով ընտանիքների երեխաներն են, ՀՀ պաշտպանության նախարարին հորդորել է հատուկ ուշադրություն դարձնել զորակոչի հետ կապված հարցերին՝ դիտարկելով արդար պայմանների ապահովումը:


Կառավարությունը կանգնելու է նախաձեռնող, իր վրա բեռը վերցնող համայնքի ղեկավարի կողքին. ՀՀ վարչապետ


Կառավարության հավանությանն է արժանացել «Տեղական տուրքերի և վճարների մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Օրենքների ընդունման արդյունքում ակնկալվում է հստակորեն սահմանել և տարանջատել «տեղական տուրքեր» և «տեղական վճարներ» հասկացությունները, վեր հանել տեղական տուրքերի և վճարների հետ կապված ՀՀ օրենսդրությունում առկա թերությունները և բացերը, միատեսակ մոտեցում ցուցաբերել տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրանց դրույքաչափերը սահմանելիս: Օրինագծով առաջարկվում է տեղական տուրքերի և տեղական վճարների հստակ ցանկ՝ սահմանելով տեղական տուրքի 18 և տեղական վճարի 20 տեսակ: Հստակեցվել և սահմանվել են նաև տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը, ինչպես նաև այդ դրույքաչափերի մասով գոտիավորման սկզբունքի վերաբերյալ կարգավորումը: Կարևորելով օրինագծի ընդունումը՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ մինչև տարեվերջ նախատեսում է այցելություններ և հանդիպումներ մարզպետների, համայնքների ղեկավարների հետ: Հանդիպումները նպատակ ունեն պարզելու, թե տարածքներում զարգացման ինչ ծրագրեր են իրագործվելու: «Ինչպիսի ծրագրեր պետք է իրականացնեն, ինչ բեռ իրենք պետք է վերցնեն և կախված նրանից, թե ինչքան են պատրաստ բեռ կամ նախաձեռնություն վերցնել՝ դրանով էլ պայմանավորված կլինի հանրապետական բյուջեի վերաբերմունքը: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր համայնքապետ, յուրաքանչյուր ռեգիոնալ կառավարման ներկայացուցիչ պետք է մի բան գիտակցի՝ մենք կանգնելու ենք այն մարդու կողքին, ով առաջին հերթին իր վրա բեռ է վերցնում, նախաձեռնող է, այլ ոչ թե անընդհատ պահանջող և որևէ քայլ չանող: Այդ առումով, մենք կարծում ենք, որ խնդիր ունենք ճշտելու տեղական տուրքերի, վճարների, ռեգիոնալ բոլոր վճարումների բազաները, որովհետև որևէ ընդգծված շահագրգռվածություն այս պահին իրենց կողմից չկա: Մենք այդ ազդակն անպայման պետք է ուղղենք իրենց»,-նշել է գործադիրի ղեկավարը:
Գործադիրը հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումն է, մասնավորապես՝ կենսաթոշակի ավելի վճարված գումարները հետ գանձելու հետ կապված առանձին խնդիրները կանոնակարգելը: Օրինագծով առաջարկվում է սահմանել, որ ավելի վճարված կենսաթոշակի գումարները կարող են հետ գանձվել նաև կամ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման այն աշխատակցի կամ այլ անձի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման և կենսաթոշակառուի միջև փոխհամաձայնեցված մարման ժամանակացույցի հիման վրա: Հետ են գանձվում (բռնագանձվում) այն գումարները, որոնք սխալմամբ (ՀՀ օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին են վճարվել սխալը (խախտումը) հայտնաբերելու օրվան նախորդող 3 տարվա (36 ամսվա) ընթացքում: Միաժամանակ, առաջարկվում է կարգավորել կենսաթոշակի ավելի վճարված գումարները հաշվարկելու հետ կապված առանձին իրավահարաբերություններ: Օրինագծով առաջարկվում է մինչև 2016թ. հունվարի 1-ը ավելի վճարված կենսաթոշակների գումարների մասով առաջացած պարտավորությունները զիջել բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակի գումարը վճարվել է կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար կամ կենսաթոշակի գումարը վճարվել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հետևանքով, որը հաստատված է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով:

 

Կյանքի է կոչվում քաղաքական համաձայնությունը


Կառավարությունը հաստատել է ընտրական տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը կազմակերպելու, նույնականացման քարտերի և անձնագրերի շտեմարանի աուդիտի ենթարկելու, էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրման ընթացքը մշտադիտարկելու նպատակով ՀՀ կառավարության, խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների և քաղաքացիական հասարակության հավասար ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը: Ըստ հիմնավորման՝ այդ կարգը հաստատելու անհրաժեշտությունն առաջացել է քաղաքական համաձայնությամբ պայմանավորված «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ:


Ծննդի և մահվան մասին բժշկական վկայականները կպատրաստվեն էլեկտրոնային եղանակով


Ծննդի և մահվան մասին բժշկական վկայականներ ստանալու հետ կապված գործառույթների պարզեցման և սպասարկման որակի բարելավման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ներկայում քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված բոլոր գործառույթներն իրականացվում են միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով: Բժշկական վկայականները էլեկտրոնային համակարգի համակցման դեպքում ՔԿԱԳ մարմիններին հնարավորություն կընձեռվի ծնունդ կամ մահ գրանցելու նպատակով ներբեռնել ծննդի և մահվան մասին բժշկական վկայականները՝ շրջանցելով մի շարք անհարկի գործառույթների կատարումը, ինչն առաջնահերթ բխում է դիմող անձանց շահերից։ Մասնավորապես, վերոնշյալ համակարգի կիրառումը հնարավորություն կտա ծննդի և մահվան պետական գրանցումներն իրականացնել առանց ծննդի և մահվան մասին բժշկական վկայականները թղթային կրիչով ներկայացնելու, ինչը ժամանակի և ռեսուրսների զգալի խնայողության երաշխիք է քաղաքացիների համար: Ծնունդ կամ մահ գրանցելու համար դիմողը ՔԿԱԳ տարածքային մարմին պետք է ներկայացնի բժշկական վկայականի ծածկագիրը և իր անձը հաստատող փաստաթուղթը։
Գործադիրը սահմանել է ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, ՀՀ ոստիկանության կամ ազատազրկման վայրերի վարչակազմի կողմից ապաստանի խնդրանքի ընդունման և այն լիազոր մարմնին փոխանցելու կարգը:


Միջազգային համագործակցություն


Գործադիրի հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր. երկրորդ փուլ» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագրի նախագիծը: Ծրագրով նախատեսվում է բարելավել հանրապետությունում ճանապարհային, ջրամատակարարման և էլեկտրաէներգետիկայի ոլորտների կառավարումը և կայունությունը:
Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև ՀՀ-ում կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրություն» կնքելու առաջարկությանը: Այն նախատեսում է ԿԽՄԿ-ի արտոնությունների և անձեռնմխելիությունների ծավալի ավելացում, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին զինվորական/այլընտրանքային ծառայությունից ազատելու վերաբերյալ, ինչպես նաև դրույթ անձնական տվյալների պաշտպանության մասին:
Գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության կառավարությունների միջև աղետների կառավարման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը: Երկու պետությունների կառավարությունների մակարդակով ստորագրվելիք հուշագիրը հնարավորություն է տալիս կողմերի լիազոր մարմիններին մեկտեղել աղետների կառավարման ոլորտի ջանքերը՝ ավելի նպատակային դարձնելով մարդկային ու նյութատեխնիկական ներուժի օգտագործումը:


Կբարձրանա առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը


Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Որոշման նպատակն է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունքներից ելնելով լիազոր պետական կառավարման մարմնի հետ քննարկման արդյունքում ՀՀ կառավարություն ներկայացնել կոնկրետ առաջարկություններ կազմակերպությունների մասնավորեցման, բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու, վերակազմակերպման կամ լուծարման վերաբերյալ: Կառավարության ղեկավարը նշել է, որ համայնքապետերին առաջարկվել է իրենց դաշտում առկա բիզնես բաղադրիչ ունեցող բոլոր գործառույթները քննարկել, բաց աճուրդ կազմակերպել կամ հավատարմագրային կառավարման հանձնել կամ վաճառել: «Որովհետև միանշանակ վստահ եմ, եթե մենք ելակետային պայմաններ համարում ենք այն պայմանները, որով մենք ենք կառավարում, և եթե արտաքին կառավարիչը, մասնավոր կառավարիչը գալիս է ավելի լավ պայմաններով, մենք մեր համայնքային բյուջեում տնտեսում ենք անում: Այդ իսկ պատճառով, եթե հարցեր, առարկություններ չկան, ընդունում ենք որոշումը, բայց այսօրվա հանձնարարականին համահունչ, որ պետական կապիտալ ունեցող կազմակերպությունները պետք է օտարել, դա չի նշանակում՝ կամայական գնով: Մենք պետք է հասկանանք. մենք ենք կառավարում՝ այսինչ ցուցանիշներն են, կա կառավարիչ, որ այդ ցուցանիշներից լավ է կառավարում: Հիմնականում մասնավոր կառավարիչը պետական կառավարումից լավ է, դա դոգմա է, ու մենք դրան պետք է գնանք»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, ըստ որի ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին հանձնված Դիլիջանի ուսումնական կենտրոնը նախատեսվում է ամրացնել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը` հետագայում այն օգտագործման իրավունքով այլ անձի հանձնելու պայմանով: Հիմնավորման համաձայն՝ Պետեկամուտների կոմիտեի կողմից կենտրոնի շահագործումը ներկայումս աննպատակահարմար է:
Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից չօգտագործվող ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղական համայնքում գտնվող անշարժ գույքը հետ վերցնել և ամրացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների տեղակայման համար անհրաժեշտ տարածքների տրամադրման անհրաժեշտությամբ պայմանավորված:


Այլ որոշումներ


Գործադիրի որոշմամբ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» (ՏՏԵԶԾ) նախապատրաստման դրամաշնորհային ծրագրով «2AB Բեդրոսյան ճարտարապետական արվեստանոց» ՍՊԸ-ին (Ֆրանսիա) կտրամադրվի «քաղաքաշինական փաստաթղթերի մշակում (բացառությամբ փորձաքննության)» գործունեության տեսակի իրականացման թույլտվություն: Հիմնավորման համաձայն՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ՏՏԵԶԾ ծրագրով նախատեսվում է Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման և հարակից տարածքների բարեկարգման, Հին Արտաշատի տարածքում, Խոր Վիրապի վանքի հարևանությամբ դիտահարթակի և այցելուների տեղեկատվական ու սպասարկման կենտրոնի/զբոսաշրջային կենտրոնի կառուցման, ինչպես նաև Զորաց քարեր հուշարձանի մերձակա տարածքում զբոսաշրջային գոտու ստեղծման նախագծային առաջարկների էսքիզային տարբերակների մշակում: Էսքիզային տարբերակների մշակման համար հայտարարված մրցույթների արդյունքներով հաղթող է ճանաչվել «2AB Բեդրոսյան ճարտարապետական արվեստանոց» ՍՊԸ-ն:
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որի արդյունքում կկարգավորվեն ՀՀ մարզերին փաստացի հատկացված սերմացուների քանակը` ելնելով ՀՀ մարզպետարանների կողմից ներկայացված վերջնական պահանջարկից: Անդրադառնալով հարցին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ ընդհանրապես պետք է սկզբունքորեն վերանայել գյուղատնտեսության ոլորտում սուբսիդավորման գործընթացը՝ սերմի, վառելիքի և այլնի մասով: «Մենք պետք է ձեզ հետ վստահ լինենք, որ ծախսերը կատարում ենք էֆեկտիվ՝ մեկ, գնում ենք էֆեկտիվ՝ երկու, հասցեատիրոջը հասցնում ենք՝ երեք: Կարծում եմ՝ մենք այստեղ բավական անելիք ունենք, որի միջոցով և´ էֆեկտը կլինի, և´ նաև տնտեսում կունենանք»,- նշել է վարչապետը:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ ԻԻՀ դեսպանության կից գործող «Շահիդ Ֆահմիդե» կրթահամալիրի 1-6-րդ դասարանների աշակերտներին «Հայոց լեզու» և «Անգլերեն» առարկաների ուսուցման գործընթացը բնականոն կազմակերպելու համար:
Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ Նախագահի անվանական թոշակի հատկացումը ապահովելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ