չորեքշաբթի, 2 հունիսի 2004
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Ըմբշամարտի միջազգային Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, մրցումների անցկացման պատասխանատու Միշել Դյուսոնին, որը մեր երկիր է ժամանել 2005թ. նախատեսված հունա-հռոմեական և ազատ ոճերի ըմբշամարտերի Եվրոպայի առաջնությունների անցկացման համար Երևանի հնարավորություններին ծանոթանալու նպատակով: Նա նշել է, որ արդեն այցելել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծանոթացել պայմաններին, որոնք, ըստ պարոն Դյուսոնի, համապատասխանում են անհրաժեշտ չափանիշներին և համալիրը հարմար է այդպիսի առաջանություններ կազմակերպելու համար: Ըմբշամարտի միջազգային Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի համոզմամբ, երկրի ընտրության հարցը քննարկող իր գործընկերները ևս,ամենայն հավանականությամբ, նույն կարծիքին կլինեն: Պարոն Դյուսոնը, ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ, շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը և նրա ղեկավարին` սպորտի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի և աջակցության համար, ընդգծելով, որ Եվրոպայի առաջնության անցկացումն այստեղ ևս որոշակի խթան կհանդիսանա Հայաստանում ըմբշամարտի զարգացման համար:
Նշելով, որ մեր երկիրը սպորտի բնագառվառում լավ ավանդույթներ ու բարձրակարգ սպորտսմեններ է ունեցել, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ սպորտի նկատմամբ պետական քաղաքականությունը միտված է ոչ միայն ըմբշամարտի, այլ ընդհանրապես տարբեր սպորտաձևերի զարգացմանը: Անդրանիկ Մարգարյանը կարևորել է նաև ֆիզիկական կուլտուրայի, մանկապատանեկան սպորտի նկատմամբ մեծացող ուշադրությունը, որը հետագա հաջողությունների հիմքն է: Նա համաձայնել է պարոն Միշել Դյուսոնի այն տեսակետին, որ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության անցկացումը Երևանում` կխթանի այդ սպորտաձևի զարգացմանը մեր երկրում: Վարչապետը հավաստիացրել է, որ առաջնությունը Երևանում անցկացնելու դեպքում, կառավարությունն իր հերթին կանի հնարավորը գործադիրի իրավասությունների շրջանակում գտնվող խնդիրները լուծելու հարցում: