հինգշաբթի, 3 հունիսի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթը ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 39-րդ նիստում
ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հարգարժան նախագահ,
մաքսային ծառայությունների և պատվիրակությունների հարգելի ղեկավարներ,
Երկրի կառավարության, ամբողջ հայ ժողովրդի անունից ողջունում եմ ձեզ ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 39-րդ նիստի մասնակիցներիդ:
Համագործակցության պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի գործունեությունն ուղղված է այնպիսի փաստաթղթերի մշակմանն ու ընդունմանը, որոնք միտված են մեր երկրների առևտրաարդյունաբերական ներուժի առավելագույնս լիարժեք օգտագործմանը, մաքսային օրենսդրությունների ներդաշնակեցմանը, մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, մաքսանենգության դեմ պայքարին և ներքին շուկաները ստվերային ու կոնտրաֆակտային ապրանքներից պաշտպանությանն ուղղված համաձայնեցված միջոցառումների կազմակերպմանը:
Ի զարգացումն Համագործակցության պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի որոշումների, ձեր գերատեսչությունների կողմից բարելավվում է մաքսային իրավախախտումների կանխարգելմանն ուղղված փոխհամաձայնեցված օպերատիվ միջոցառումների և համատեղ գործողությունների իրականացման մեխանիզմը:
Կարևոր է ուշադրությունը կենտրոնացնել միջգերատեսչական մակարդակի առավել գործնական որոշումների ընդունման վրա: Անհրաժեշտ է հրաժարվել դեկլարատիվ որոշումներից ու հայտարարություններից, իրականացնել մաքսային ոլորտում արդեն իսկ գոյություն ունեցող պայմանագրային բազայի կիրարկման գործնական միջոցներ, ձևավորել դրա իրագործման համապատասխան արդյունավետ մեխանիզմներ:
Վստահ եմ, մեծ գաղտնիք հայտնած չեմ լինի, եթե ասեմ, որ հանցավոր ընկերություններն են մեծապես ձևավորում ստվերային տնտեսությունը: Հաշվի առնելով այդ հանգամանքը, պայքարը մաքսային հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պետք է մնա Համագործակցության պետությունների նաև մաքսային ծառայությունների գործունեության առաջնահերթություններից մեկը:
Ելույթիս ավարտին թույլ տվեք մաղթել ձեզ արդյունավետ աշխատանք և լիակատար փոխըմբռնում ձեր մասնագիտական գործունեության մեջ՝ ի շահ Անկախ պետությունների համագործակցության բոլոր անդամ երկրների: