շաբաթ, 19 նոյեմբերի 2016
«Ֆինանսները պետք է ուղղենք այն ոլորտներ, որտեղ մաքսիմալ արագ, շահութաբեր և էֆեկտիվ ծրագրեր կան». Վարչապետն Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկել է մարզի զարգացման հեռանկարները
Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Աշտարակում, որտեղ նրան է ներկայացվել քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը: Մասնավորապես, նախատեսվում է Աշտարակի 11-րդ դարի հին կամուրջի շրջակայքում, որտեղ առկա են եկեղեցիներ, պատմամշակութային հուշարձաններ, ձիարշավարան, հանգստի գոտի, վերականգնել քաղաքի կոլորիտը, որը կարող է գրավիչ դառնալ զբոսաշրջիկների համար: Նախագծի նպատակն է Աշտարակը դարձնել զբոսաշրջային հետաքրքիր ուղղություններից մեկը: Նախատեսվում է առաջիկայում մշակել քաղաքի զբոսաշրջության զարգացման ծրագիրը, որի շրջանակում կյանքի կկոչվեն նաև ենթակառուցվածքային նախագծեր: Նշվել է, որ Աշտարակը զբոսաշրջության տեսանկյունից ուշադրության կենտրոնում է և ծրագիրը պետք է իրականացվի պետություն-մասնավոր համագործակցությամբ, նաև միջազգային կազմակերպությունների ներգրավմամբ: Վարչապետ Կարապետյանը ողջունել է նախաձեռնությունը և հանձնարարել հնարավորինս արագ մշակել ծրագիրը և այն ներկայացնել կառավարություն:
Այնուհետև Կարեն Կարապետյանը հանդիպել է Արագածոտն համայնքի կարկտահարությունից տուժած բնակիչներին, լսել նրանց խնդիրները, որոնք վերաբերել են վարկային պարտավորությունների կատարմանը, ջրի վարձի և հողի հարկի վճարումներին: Կարեն Կարապետյանն Արագածոտնի գյուղապետ Մելսիկ Ղազարյանին առաջարկել է գյուղացիների պարտավորությունների ծավալները ներկայացնել կառավարություն: Դիմելով գյուղացիներին և գյուղապետին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Համայնքապետը պետք է գա և մեզ հետ գործնական խոսի, նշի, որ եթե այսքան գումար տանք, այս կանեք, այն կանեք, ոտքի կկանգնեք, ռիսկերը կնվազեն, որպեսզի մենք անընդհատ այսպիսի արտակարգ իրավիճակների մեջ չընկնենք: Տալիս եք ծրագիր, դուք ինչ բեռ եք վերցնում, մարզպետն ինչ բեռ, նախարարն ինչ բեռ, ես ինչ բեռ»:
Վարչապետ Կարապետյանն այցելել է հյուսիս-հարավ ավտոմայրուղու երկրորդ տրանշով կառուցվող Աշտարակ-Թալին ճանապարհատված, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ 42 կիլոմետր երկարությամբ ճանապարհատվածում շինաաշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի, ներկայում իրականացվել է աշխատանքների 35 տոկոսը: Նախատեսվում է ճանապարհը շահագործման հանձնել 2018 թվականին: Կարեն Կարապետյանը կարևորել է որակական չափանիշների և ժամանակացույցի հստակ պահպանումը:
Վարչապետն այցելել է Արագածոտնի մարզում գործող «Գոլդն Գրեյպ Արմաս» գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություն: 2007-ից մինչ օրս ավելի քան 180 հա տարածության վրա հիմնվել են խաղողի այգիներ, մշակվում են կոնյակի և գինու, ինչպես նաև սեղանի խաղողի սորտեր, իսկ 40 հա հողատարածքը զբաղեցնում են պտղատու այգիներ (դեղձի, սալորի, խնձորի, ծիրանի, բալի և այլն): Կարեն Կարապետյանը շրջել է այգիներով, ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների արդյունքներին և ընկերության առաջիկա ծրագրերին: Ընդհանուր ներդրումների ծավալը կազմել է մոտ 20 մլն եվրո, որից 7 մլն եվրոն ուղղվել է գինու և կոնյակի նոր գործարանի կառուցմանը: Գործարանի մթերման հզորությունը կազմում է տարեկան մինչև 1000 տոննա խաղող: «Գոլդն Գրեյպ Արմաս»-ն իրականացնում է նաև ագրոզբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրեր: Տեղեկացվել է, որ ընկերության արտադրանքը վաճառվում է ոչ միայն ներքին շուկայում, այլև ԱՄՆ-ում, Եվրոպայում, ՌԴ-ում, Չինաստանում: Աշխատանքներ են տարվում այլ շուկաներ մուտք գործելու ուղղությամբ:
Կառավարության ղեկավարը եղել է նաև Վարդենուտ համայնքի «Ագաթ 777» ՍՊԸ-ի սպանդանոցում, որը գործում է 2015 թ.-ից: Նշվել է, որ սպանդանոցի կառուցման նպատակով Հունաստանի կառավարությունն ընկերությանը հատկացրել է ավելի քան 211 հազար դոլար, իսկ ընկերության կողմից կատարված ներդրումը կազմում է մոտ 450 հազար դոլար: Սպանդանոցն ունի երեք հոսքագիծ և մեկ հեթափոխում կարող է իրականացնել 40 գլուխ խոշոր, 100 գլուխ մանր եղջերավոր կենդանիների և 100 գլուխ խոզերի մորթ: Կարեն Կարապետյանը կարևորել է Հայաստանում ժամանակակից սպանդանոցների առկայությունը՝ սննդի անվտանգության ապահովման և անասնապահության զարգացման խթանման առումով:
Այցի ավարտին վարչապետն Արագած համայնքում հանդիպել է Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարների հետ՝ քննարկել մարզում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները: «Մենք ցանկանում ենք քննարկել Արագածոտնի մարզի զարգացման ծրագիրը, լսել մարզպետին, համայնքների ղեկավարներին, թե որոնք են մարզի խնդիրները, որոնք՝ առաջարկվող լուծումները, զարգացման ծրագրերը: Պետք է այդ ծրագրերի մեջ առանձնացնենք նրանք, որոնք կարող են արագ, շոշափելի արդյունք տալ, նշենք այն ծրագրերը, որոնք խիստ անհրաժեշտ են, նաև ֆիքսենք՝ ինչ է անում համայնքը, ինչ է անում մարզպետարանը, ինչ են անում ՀՀ նախարարությունները, գերատեսչությունները և ՀՀ կառավարությունը»,- նշել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ բոլոր այն ծրագրերը, որոնք համայնքները, մարզերը ներկայացնելու են, կառավարությունում առավելագույնս ուշադիր ուսումնասիրվելու են: Վարչապետի խոսքով՝ գործադիրն արձագանքելու է այն ծրագրերին, որոնք առավել էֆեկտիվ են, որտեղ համայնքը, մարզպետարանը, համայնքի բնակիչները, համայնքի բիզնեսն իրենց վրա բեռ են վերցնելու: Կառավարության ղեկավարն ավելացրել է, որ խոսքը գնում է այն ծրագրերի մասին, որոնք ուղղված են լինելու աշխատատեղերի ստեղծմանը և այլ կարևորագույն խնդիրների լուծմանը:
Այնուհետև Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյուզալյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, զարգացման ուղղությունները և նախատեսվող ծրագրերը: Զեկուցվել է, որ մարզն ավելի շատ գյուղատնտեսական է և ՀՆԱ-ի 60 տոկոսը զբաղեցնում է այս ոլորտը: Մարզում ընթացիկ տարում մշակվել է 218 հազար հա հողատարածք, ինչը 2015-ի համեմատ ավելի է 600 հա-ով: Մարզպետի խոսքով՝ առաջնային խնդիր է արտադրանքի իրացումը, ոռոգելի տարածքների ավելացումը: Վերջինիս հետ կապված քննարկումներ են տարվում Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ՝ ջրի բաշխման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար: Ըստ Գաբրիել Գյոզալյանի, մարզում ընթացիկ տարում ներդրումներ են կատարվել հիմնականում գինու, կոնյակի արտադրության ուղղությամբ, ոլորտում գործող ձեռնարկությունների թիվը հասել է 13-ի: Ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով քայլեր են իրականացվում նաև հանքարդյունաբերության ոլորտում: Գաբրիել Գյոզալյանը նշել է, որ այժմ աշխատանքներ են տարվում մարզի զարգացման ծրագրի մշակման ուղղությամբ, որը կառավարությանը կներկայացվի մինչ դեկտեմբերի 25-ը:
Անդրադառնալով մարզի զարգացման ծրագրին՝ Կարեն Կարապետյանը ներկայացրել է համայնքների ղեկավարներից իր ակնկալիքները: «Երևանում չկա մի խելոք մարդ, որը ձեզնից լավ է պատկերացնում ձեր համայնքի, ձեր մարզի զարգացումը: Այդ իսկ պատճառով, Երևանի հետ գործնական հարաբերություններում և կառավարության հետ շփումից արդյունքները շատ խիստ կապված են նրանից, թե դուք ինչքանով եք ռեալ, պրագմատիկ պատկերացնում մարզի, համայնքի զարգացումը, խնդիրները, պակասը, այն, թե ինչի կարիք ունեք: Մենք ունենք սահմանափակ բյուջե, սահմանափակ միջոցներ, բայց բազմաթիվ կարողություններ, որպեսզի բավականին լավ պայմաններով ֆինանսներ ներգրավենք: Ո՞ւր պետք է ուղղենք այդ ֆինանսը. պետք է ուղղենք ռազմավարական որոշակի խնդիրների լուծմանը, նաև այն ոլորտներ, որտեղ մաքսիմալ արագ, շահութաբեր և էֆեկտիվ ծրագրեր ունենք: Ո՞ր գործընկերոջ հետ ենք մենք աշխատելու. որը հարցին լավ է տիրապետում, վստահ է, որ այս ծրագիրը կիրագործի, նաև զուգահեռ բեռ կվերցնի իր վրա: Մինչև դուք չպատկերացնեք ձեզ ինչ է պետք, Երևանում որևէ մեկը չի պատկերացնելու»,- ընդգծել է վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ եթե մարզպետն ու համայնքների ղեկավարները չպատկերացնեն իրենց ինչ է պետք, երբևէ դրական և արդյունավետ տեղաշարժ չի լինելու: «Բիզնեսի, կառավարման մեջ մի թեզ կա, որը չափազանց կարևոր է. եթե դու կարող ես դա պատկերացնել, ապա դու շանս ունես դա անել: Դուք անպայման պետք է ունենաք այդ պատկերացումը, թե ինչ եք ցանկանում: Պետք է ամփոփել, պատրաստել մի նյութ, որից կիրառական արդյունք կլինի և մենք ըստ դրա քայլ առ քայլ կգնանք առաջ: Պետք է պատրանքներից դուրս գանք և նստենք ու առարկայական խոսենք»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Այնուհետև խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արագածոտնի մարզում առողջապահության, գյուղատնտեսության, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտների զարգացմանը վերաբերող հարցեր: Վարչապետը հետաքրքրվել է մարզում առողջապահության ոլորտի վիճակի, մասնավորապես, բժշկական հաստատությունների աշխատանքի արդյունավետության, պետպատվերի տեղաբաշխման գործընթացի և հարակից այլ հարցերի մասին: Զեկուցվել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում ծախսերի նվազեցման և օպտիմալացման ուղղությամբ, նախատեսվում է Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի կարգավիճակի փոփոխություն, որը կանգնել է ֆինանսական խնդիրների առջև: Մասնավորապես, ծրագրվում է փակել կենտրոնի ստացիոնար ծառայությունը և թողնել միայն ամբուլատոր և անհետաձգելելի բուժօգնության ծառայությունը: Արդյունքում, կտնտեսվի 52 մլն դրամի տնտեսում: Ծաղկահովիտի համայնքապետն իր դժգոհությունն է հայտնել բուժկենտրոնի օպտիմալացման ծրագրի կապակցությամբ և առաջարկել է այն հանձնել հավատարմագրային կառավարման: Նա տեղեկացրել է, որ այդպիսի ներդրող արդեն իսկ կա: Վարչապետ Կարապետյանը հորդորել է ծրագիրը հնարավորինս արագ ներկայացնել Առողջապահության նախարարություն: Խոսելով պետպատվերի համակարգի արդյունավետ և թափանցիկ գործունեության վերաբերյալ՝ գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ ներկայացվելու է պետպատվերի նոր հայեցակարգ, որով քաղաքացիները կունենան ընտրության հնարավորություն: «Մենք պետպատվերով չպետք է առողջապահության ոլորտում ստեղծենք ոչ մրցունակ, ոչ արդարացի դաշտ, որևէ մեկին չպետք է գցենք արտոնյալ վիճակի մեջ»,- ասել է վարչապետը: Կարեն Կարապետյանը հանձնարարել Առողջապահության նախարարին և մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուներին՝ համատեղ աշխատել և ծրագիր ներկայացնել:
Խոսելով գյուղատնտեսության ոլորտի զարգացման վերաբերյալ՝ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ սպասելու է ներդրումային հստակ ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների:
Կարեն Կարապետյանը կարևորել է կրթության արդյունավետությունը և անհրաժեշտ համարել շարունակական կերպով կազմակերպել ուսուցիչների վերապատրստում, դպրոցներում անցկացնել տեսադասեր: «Պետք է այնպես անել, որպեսզի երեխաների հավաքի հիմնական տեղը լինի դպրոցը»,- ասել է վարչապետը՝ տեղեկացնելով նաև, որ քննարկվում է դպրոցական համակարգում ֆինանսական կրթություն ներդնելու հարցը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է մարզի համայնքների ղեկավարներին մշակել և պատասխանատու նախարարություններ ներկայացնել ըստ ոլորտների կոնկրետ ծրագրեր: