երեքշաբթի, 22 նոյեմբերի 2016
Վարչապետն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին:
Վարչապետը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը և ներկայացրել կառավարության գործունեության առաջնահերթություններն ու բարեփոխումների ուղղությամբ քայլերը: Կարեն Կարապետյանը նշել է, որ այժմ աշխատանքներ են տարվում տնտեսությունում առկա խնդիրների ախտորոշման ուղղությամբ, ինչի հիման վրա էլ կմշակվեն երկարաժամկետ հատվածում դրանց լուծման քայլերն ու գործողությունները: Վարչապետի խոսքով՝ կառավարության կարճաժամկետ ծրագրում հստակ սահմանվել են այն միջոցառումները, որոնք կարող են արագ արդյունք ապահովել: Գործադիրի ղեկավարն ավելացրել է, որ դրանք միտված են լինելու բիզնեսի համար արդար և թափանցիկ դաշտի ապահովմանը, տարբեր ոլորտներում և ուղղություններով քաղաքացու՝ արդարության պահանջի բավարարմանը: «Կառավարությունն այսօր ստանձնել է բարեփոխումների իրականացման պատասխանատվություն, ինչը նշանակում է, որ փոփոխությունները մեկնարկել ենք առաջին հերթին մեզանից: Փոփոխություններ պետք է արվեն կառավարման համակարգում, տնտեսության զարգացման ծրագրերում, տարբեր ոլորտներում»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ փոփոխությունների անհրաժեշտություն կա նաև քաղաքական մթնոլորտում: Վարչապետն ավելացրել է, որ կառավարության առաջնային խնդիրներից է լինելու մշակել և առաջարկել դատաիրավական ոլորտի բարեփոխումների փաթեթ՝ ուղղված նաև կոռուպցիայի դեմ պայքարին: Այդ առումով, Կարեն Կարապետյանը կարևորել է նաև միջավայրի փոփոխությունը, ինչը կնպաստի կոռուպցիոն դրսևորումների և ռիսկերի նվազեցմանը և ավելացրել, որ այդ ուղղությամբ արդեն իսկ կատարվել են մի շարք քայլեր:
Համազեկուցողները կարևորել են նշված ուղղություններով կառավարության հետևողական քաղաքականությունը, նշել, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է օժանդակություն ցուցաբերել մեր երկրին՝ բարեփոխումների իրականացման գործում և հաջողություններ մաղթել ժողովրդավարության զարգացման ճանապարհին առաջ գնալու համար: Համազեկուցողները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ Սիրիայի քաղաքացիներին ընդունելու և նրանց համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: