հինգշաբթի, 3 հունիսի 2004
Կառավարությունը հավանություն է տվել «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքը կարգավորում է ֆիզիկական անձանց կողմից էլեկտրոնային թվային ստորագրության օգտագործման հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրության օգտագործման կարգը: Մեկ շաբաթ ժամկետ է տրվել շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին՝ իրենց առաջարկությունները ներկայացնելու հարցը զեկուցող Առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը, իսկ վերջինիս ևս մեկ շաբաթ է տրվել արված դիտողություններն ու առաջարկությունները ամփոփելու և որոշումը վերջնական տեսքի բերելու համար:
Մեկ այլ որոշմամաբ կառավարության անդամները հավանություն են տվել «Հայաստանի Հանրապետությունում հիպոթեքային վարկավորման շուկայի զարգացման» հայեցակարգին, ըստ որի այդ շուկայի զարգացման անհրաժեշտությունից ելնելով, ընդգծվում է տնտեսական զարգացման 4 առանցքային խնդիր՝ բնակարանաշինական, ֆինանսական միջնորդավորման ինստիտուտների զարգացման, հիպոթեքային ֆինանսավորման կայուն և գործունակ մեխանիզմների ստեղծման, սոցիալական խնդիր: Հարցը ներկայացնող Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրայանն ընդգծել է, որ բնակշինարարության ֆինանսավորման կայուն և գործունակ համակարգերի զարգացումը անցումային տնտեսություն ունեցող երկրների կառավարությունների համար կարևոր խնդիր է, որը նպատակաուղղված է քաղաքաշինության, ազգաբնակչության ցածր և միջին եկամուտ ունեցող խավերի բնակարանային և այլ կենսական կարիքների բավարարմանը: Հայեցակարգում նշված նպատակների ու խնդիրների իրականացումը ուղղված է նաև ՀՀ կառավարության կողմից ընդունված ռազմավարական ծրագրերի, մասնավորապես, Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի, Միջնաժամկետ ծախսերի ծրագրի տնտեսական և սոցիալական հեռանկարային նպատակների իրագործմանը:
Նկատի ունենալով, որ Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անտառային նշանակության հողերում տարիներ ի վեր կատարվել են հողազավթումներ և ապօրինի կառուցապատումներ, խնդրի կարգավորման և վերահսկելի դարձնելու նպատակով, ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է Նորք-Մարաշ համայնքի վարչական սահմաններում գտնվող անտառային նպատակային նշանակության հողերից առանձնացնել 46.5 հա մակերեսով հողամասեր և ընդգրկել բնակավայրերի նպատակային նշանակության դասակարգման մեջ: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ մեկամսյա ժամկետում ներկայացնել Երևան քաղաքի հեռուստակենտրոնի շրջակա տարածքում անտառազուրկ 56.7 հա մակերեսով հողամասում անտառի վերականգնման ծրագիր: Որոշման մեջ նշված բնակավայրերի նպատակային նշանակության դասակարգման մեջ ընդգրկվող հողերում հողօգտագործումների և գույքային իրավունքով ծանրաբեռնվածությունների հաշվառման և գույքագրման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով:
Գործադիրը այսօրվա նիստում որոշում է ընդունել նաև էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգ շահագործումն ապահովող միջոցառումների մասին:
Կառավարությունը, ՀՀ 2004թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, 3 մլն 200 հազար դրամ է հատկացրել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ Սյունիքի մարզի «Մեղրու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի տանիքի հիմնանորոգման նպատակով:
Մեկ այլ որոշմամբ 30 մլն դրամ է հատկացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ Արաքս գետի Գետաշեն տարածքում 100 մետր երկարությամբ պատնեշի հրատապ վերականգնման նպատակով: Եվս 1 մլն 950 հազար դրամ է հատկացվել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցելու համար, 2004թ. հունիսի 23-ին Ստրասբուրգում կայանալիք «Նանսենը և հայերը. Եվրոպայի մարդասերի առաջատար պայքարը հանուն փախստականների իրավունքի» ցուցահանդեսի կազմակերպման նպատակով:
Նիստում հավանություն է տրվել «Դատավորի կարգավիճակի մասին», և «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերին: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ դատաիրավական համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, օրենքների նախագծերի ընդունմամբ, ըստ հարցը ներկայացնող Արդարադատության նախարարի, հստակություն կմտցվի դատավորի լիազորությունների դադարեցման, նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի, կարգապահական տույժերի տեսակների սահմանման հարցում, կլուծվի տարբեր օրենքներում նույն դրույթների կրկնության հարցը:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ, երկարաժամկետ, միջին ժամկետայնության, ինչպես նաև միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման պայմանները, դրանց տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգերը:
«ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է «Թանգարանների սուբսիդավորում», «Այլ թատրոնների և համերգային կազմակերպությունների սուբսիդավորում» ծրագրերով Երևանի քաղաքապետարանին, Արարատի և Շիրակի մարզպետարաններին նախատեսված՝ համապատասխանաբար 46 մլն 830.7 հազար դրամ, 15 մլն 214.9 հազար դրամ և 5 մլն 97.9 հազար դրամ գումարների բաշխումը, ըստ առանձին կազմակերպությունների:
Ի կատարումն «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ հիմնադրելու մասին» ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի14-ի N 585-Ն որոշման, գործադիրը հաստատել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը:
Կառավարության անդամները համաձայնություն են տվել«ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Ղազախստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջև արխիվային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակում որոշում է ընդունվել նաև «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ», «Կոնտակտ-մամուլ» ՓԲԸ-ների և մի շարք այլ ընկերությունների մասնավորեցման վերաբերյալ:
Գործադիրը հաստատել է ՀՀ Կոտայքի, Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները:
Նիստում որոշում է ընդունվել ապրիլի առաջին կիրակին «Երկրաբանի օր», մարտի 23-ը՝ «Օդերևութաբանի օր» և հունիսի 5-ը՝ որպես «Բնապահպանի օր» նշելու մասին: