Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 1 դեկտեմբերի 2016

Մինչև տարեվերջ կհիմնադրվի ՀՀ կառավարությանը կից Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը









Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: «Նախ ուզում եմ տեղեկացնել, որ, ինչպես և մեր կառավարության ծրագրով նախատեսված էր, մենք ստեղծելու ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն: Կենտրոնը լինելու է կառավարությանը կից և գործելու է հանրային-մասնավոր գործընկերության ձևաչափով: Կենտրոնի հիմնական գործառույթն է լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության համար երկարաժամկետ ռազմավարության և տարբեր գերակա ուղղություններով երկարաժամկետ և կարճաժամկետ բարեփոխումների հայեցակարգերի և փաթեթների մշակումը՝ մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցության միջոցով: Տեղեկացնեմ, որ մենք այդ հարթակը մի քանի անգամ օգտագործել ենք, եղել են բազմաթիվ քննարկումներ, և կենտրոնը կհիմնադրվի և կսկսի իր գործունեությունը մինչև տարեվերջ: Միևնույն ժամանակ տարիների ընթացքում տարբեր պետական մարմինների կողմից խորհրդատուների օգնությամբ, միջազգային կազմակերպությունների տեխնիկական աջակցությամբ կամ սեփական ուժերով մշակվել և այնուհետև ՀՀ կառավարության կողմից հավանության են արժանացել իրենց կառավարման ոլորտներին վերաբերող ռազմավարություններ և բարեփոխումների հայեցակարգեր: Այդ փաստաթղթերն ստացել են տարբեր անվանումներ՝ ռազմավարություն, զարգացման ծրագիր, հայեցակարգ, բարեփոխումների փաթեթ և այլն: Իրավական տեսանկյունից գործող կարգավիճակ ունեցող ռազմավարությունների և բարեփոխումների հայեցակարգերի շարքում առկա են այնպիսիք, որոնց ուղղությամբ փաստացի աշխատանքներ այս պահին չեն իրականացվում, քանի որ դրանք, կարող է, չեն համապատասխանում ժամանակի հրամայականին կամ չեն համապատասխանում մեր ռեսուրսներին կամ այլ պատճառներ»,-ասել է գործադիրի ղեկավարը: Ելնելով դրանից՝ ՀՀ վարչապետը բոլոր նախարարություններին և գերատեսչություններին հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել բոլոր այդպիսի ռազմավարություններն ու բարեփոխումների հայեցակարգերը՝ կենտրոնի կողմից դրանք ամփոփելու համար, երեքշաբաթյա ժամկետում՝ առաջինը, ներկայացնել այդ ռազմավարության և բարեփոխումների հայեցակարգերի իրագործման համար անհրաժեշտ ռեսուրսների առկայության վերաբերյալ տեղեկանք, և երկրորդ, այդ ռազմավարությունների և բարեփոխումների հայեցակարգերի պահպանման նպատակահարմարության վերաբերյալ տեղեկանք՝ համապատասխան հիմնավորումներով:
 

Վարչապետն առաջարկել է քննարկել և նվազեցնել ԾԻԳ-երի քանակն առնվազն կիսով չափ, իսկ դրանց պահպանման ծախսերը՝ մեկ երրորդով


Վարչապետի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր ծրագրերի իրականացման գրասենյակներին: «ԾԻԳ-երի օպտիմալացման ուղղությամբ մինչև այս իրականացված աշխատանքների ընթացքում ՀՀ կառավարության որոշումներով լուծարվեցին թվով 5 ԾԻԳ-եր: Այժմ օտարերկրյա և միջազգային վարկային կազմակերպություններից ստացված վարկային միջոցներով ծրագրերն իրականացնում են 17 նմանատիպ կառույցներ: Այնտեղ, եթե հիշողությունս չի դավաճանում, 11 ԾԻԳ է, մի քանի խմբեր են, բաժիններ են, փակ բաժնետիրական ընկերություններ են և այլն: Առաջարկում ենք մեկնարկել ԾԻԳ-երի օպտիմալացման հաջորդ փուլը: Հանձնարարում եմ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար պարոն Գաբրիելյանին՝ ներգրավելով ճյուղային պետական մարմինների պատասխանատուներին բանակցել օտարերկրյա և միջազգային վարկատու կազմակերպությունների հետ ԾԻԳ-երի քանակի, ինչպես նաև դրանց պահպանման ծախսերի կրճատման ուղղությամբ: Առաջարկում եմ քննարկել և նվազեցնել ԾԻԳ-երի քանակն առնվազն կիսով չափ, իսկ դրանց պահպանման ծախսերը՝ մեկ երրորդով: Մենք նախնական հաշվարկել ենք. 11 ԾԻԳ-ից պետք է մնա 5-ը, բոլոր հարակից կառույցները, բաժինները, ստորաբաժանումները նախարարություններում պետք է վերանան, փակ բաժնետիրական ընկերություններում այդ գործառույթն իրականացնող կառույցներն էլ պետք է օպտիմալացվեն»,-ընդգծել է գործադիրի ղեկավարը: Հաշվի առնելով, որ բանակցությունների գործընթացը ժամանակատար է Կարեն Կարապետյանն առաջարկել է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել աշխատանքների իրականացման ժամանակացույցը:


Գործադիրի ղեկավարը հանձնարարել է ուսումնասիրել դեղերի շուկան


Հաշվի առնելով, որ կեղծված և նմանակված, կոնտրաֆակտ դեղերի շրջանառությունը բացասական ազդեցություն կարող է ունենալ հանրապետությունում դեղագործության ճյուղի զարգացման և շուկայում մրցակցային հարաբերությունների վրա՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ առողջապահության նախարարին երկշաբաթյա ժամկետում իրականացնել դեղերի շուկայի ուսումնասիրություն, իրավական կարգավորումների վերլուծություն և կառավարության աշխատակազմ ներկայացնել արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն՝ կցելով անհրաժեշտ քայլերի իրականացման ժամանակացույցը:
Իսկ բուժաշխատող-պացիենտ հարաբերություններում վստահության բարձրացման, հարգանքի և հոգատարության մթնոլորտ ձևավորելու, իրազեկվածության մակարդակը բարելավելու նպատակով գործադիրի ղեկավարն առողջապահության նախարարին հանձնարարել է. «Առաջին, մշակել և քսանօրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով կկարգավորվեն բժշկական էթիկայի նորմերի հաստատման, կիրառման և այդ նորմերի համար պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարաբերությունները: Երկրորդ, եռամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկ՝ պետպատվեր իրականացնող հաստատությունների բուժաշխատողների անհատական գնահատման համակարգ ներդնելու վերաբերյալ, գնահատման արդյունքների հիման վրա դիտարկել բուժաշխատողների նկատմամբ խրախուսանքների միջոցներ կիրառելու հնարավորության հարցը»:


Որակավորման ստուգումները պետք է իրականացվեն առավելագույնս թափանցիկ և պարզ ընթացակարգերով


ՀՀ վարչապետը հանձնարարական է տվել նաև որակավորման ստուգման հարցի վերաբերյալ: «Լիցենզիաների որոշ տեսակներ տրամադրելու համար պետական մարմիններն ստուգում են տնտեսվարող սուբյեկտների համապատասխան մասնագետների որակավորումը: Հակակոռուպցիոն գործունեություն իրականացնող հասարակական որոշ կազմակերպություններ ահազանգում են այդ գործընթացը կարգավորող իրավական ակտերի վերանայման անհրաժեշտության մասին: Որակավորման ստուգումները պետք է իրականացվեն առավելագույնս թափանցիկ և պարզ ընթացակարգերով: Ելնելով դրանից՝ հանձնարարում եմ լիցենզավորող մարմիններին՝ երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել որակավորման կարգերը և անհարկի պահանջվող կրճատելու ընթացակարգերը պարզեցնելու վերաբերյալ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ»,-ասել է գործադիրի ղեկավարը: Վարչապետը միաժամանակ առաջարկել է տվյալ ստուգումների օբյեկտիվությունը բարձրացնելու նպատակով մեկամսյա ժամկետում ուսումնասիրել լիցենզավորող բոլոր մարմիններում որակավորման ստուգումները միայն տեխնիկական միջոցներով կիրառման իրականացնելու հնարավորությունը և ներկայացնել առաջարկություններ:
Պետական մարմինների արտաբյուջետային միջոցների գոյացման, դրանց նպատակային ծախսման թափանցիկությունը և հաշվետվողականությունը ապահովելու նպատակով Կարեն Կարապետյանը ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարել է մինչև 2016 թ. դեկտեմբերի 9-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման արտաբյուջետային միջոցների վերաբերյալ կառավարության համապատասխան որոշման նախագիծ:


Վարչապետը ՀՀ գլխավոր դատախազի ուշադրությունն է հրավիրել խաղաղ պայմաններում զոհված զիծառայողների ծնողների բարձրացրած հարցերին


Գործադիրի ղեկավարը, մինչ օրակարգի քննակմանն անցնելը, հանդես է եկել հայտարարությամբ. «Կխնդրեի ՀՀ գլխավոր դատախազին ուշադրություն դարձնել այս հարցին, որովհետև խաղաղ պայմաններում զոհված զիծառայողների ծնողները դիմել են ինձ և աշխատակազմ: ՀՀ վարչապետին հասցեագրված դիմումի լավագույն ընթացքը կհանդիսանա այն, եթե ՀՀ գլխավոր դատախազի կողմից ընդունելություն կազմակերպվի: Նշված մոտեցումն արդարացված է այնքանով, որ ծնողների կողմից բարձրացված խնդիրները վերաբերում են կոնկրետ քրեական գործերին, որոնց մասով հսկողությունն իրականացնում է ՀՀ դատախազությունը: Մենք այդ գրությունները կփոխանցենք, որտեղ նաև նշված են բոլոր ծնողների տվյալները»:


Նախատեսվում է առավել լիարժեք դարձնել հիփոթեքային վարկավորման ոլորտում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը


Գործադիրի հավանությանն է արժանացել «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Փաթեթով նախատեսված օրինագծերի ընդունումը հնարավորություն կտա առավել լիարժեք դարձնել հիփոթեքային վարկավորման ոլորտում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, ինչպես նաև անխոչընդոտ իրականացնել հիփոթեքային վարկի տրամադրման և հետագա սպասարկման հետ կապված տարբեր ընթացակարգերը: Սահմանվել են նաև կրեդիտավորողի պատասխանատվությունը պետության և վարկառուի առջև` նախագծով սահմանված դրույթները խախտելու համար:
Կառավարությունը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվի կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների և այլ անձանց կողմից ֆոնդի մասնակիցների պատճառված վնասների հատուցման գործընթացը, այդ թվում՝ դեպքերը և հետադարձ պահանջի ծավալը, ինչը զերծ կպահի այդ գործընթացն իրավական ռիսկերից: Միասնական մոտեցում է սահմանվում նաև ֆոնդերի պահառուների համար: Օրենքների նախագծերով հնարավորություն է տրվում անձանց՝ էլեկտրոնային եղանակով ստանալ կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը առանց մասնակիցների ռեեստրը վարողին լրացուցիչ դիմում ներկայացնելու: Առաջակվող փոփոխությունների նպատակն է՝ ստեղծել կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի մասնակիցների շահերի լիարժեք պաշտպանության և համակարգի նկատմամբ վստահության բարձրացման մեխանիզմներ:
Գործադիրը հավանություն է տվել «Ճարտարապետական գործունեության մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Մասնավորապես, «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում ճարտարապետական գործունեությանն առնչվող իրավահարաբերությունների հստակեցման, տարբեր բարդության քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործընթացի կանոնակարգման առանձնահատկությունները սահմանելու անհրաժեշտությամբ: Ըստ այդմ՝ նախատեսվում է ֆիզիկական անդամակցության հիման վրա ստեղծել Հայաստանի ճարտարապետների պալատ, որն իրականացնելու է, մասնավորապես՝ ճարտարապետների արտոնագրում, հաստատելու է էթիկայի կանոնները, վերահսկելու է դրանց կատարումը: Նախագծի մշակման հիմնական նպատակն է`ապահովել կառուցապատվող միջավայրի, շենքերի ու շինությունների հարմարավետությունը, անվտանգությունն ու հուսալիությունը, ճարտարապետների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, ինչպես նաև քաղաքացու և հասարակության պաշտպանվածությունը ճարտարապետության ոլորտում ոչ արհեստավարժ գործունեության բացասական հետևանքներից: Արդյունքում ակնկալվում է ճարտարապետական գործունեության մասնագիտական որակի բարձրացում, բնագավառում առողջ մրցակցության ստեղծում: ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագիծը մշակվել է տևական ժամանակ և անցել է բազմաթիվ ընդլայնված քննարկումներով: Ի պատասխան վարչապետի հարցին, թե քանի տարի է մշակվել օրինագիծը՝ Նարեկ Սարգսյանը նշել է, որ օրենքի նախագիծը մշակվել է 2008-2009 թվականներից սկսած, բազմաթիվ քննարկումներից հետո 2012-2013 թվականներին դուրս է եկել շրջանառությունից և նորից շրջանառության մեջ է դրվել 2014 թվականին:


Կառավարությունը համաձայնություն է տվել բնական գազի գնի վերաբերյալ արձանագրության կնքման առաջարկությանը
 

Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ ձեռք բերված համաձայնությամբ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2017թ. հունվարի 1-ից մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է 150 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խորանարդ մետրի համար: Արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը:


Վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման համար ներդրված ակտիվները կդառնան համայնքային սեփականություն


Գործադիրն ընդունել է «Գնման պայմանագրեր կնքելու թույլտվություն տալու մասին» որոշում, որը մշակվել է ՀՀ Նախագահի մոտ 2016թ. նոյեմբերի 2-ին կայացած խորհրդակցության ընթացքում արված առաջարկությունների հիման վրա: Որոշմամբ թույլատրվել է Երևանի քաղաքապետին երկկողմանի համաձայնությամբ ամբողջությամբ լուծել Երևանի քաղաքապետարանի և «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ՓԲԸ-ների կոնսորցիումի հետ 2013թ. ապրիլի 4-ին կնքված «Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնման» համապատասխան պայմանագիրը: ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի քաղաքապետարանը բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու մինչև 10 տարի ժամկետով կկնքի համապատասխան պայմանագրեր: Որոշման ընդունմամբ վերը նշված գործարքների արդյունքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման համար ներդրված ակտիվները կդառնան համայնքային սեփականություն:
 

Գյուղատնտեսության սուբսիդավորման գործընթացում կիրականացվի համակարգված քաղաքականություն


Գործադիրը հավանություն է տվել ՀՀ-ում գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգին, որը կնպաստի այդ գործընթացում միասնական մոտեցումների ձևավորմանն ու համակարգված քաղաքականության իրականացմանը: Հայեցակարգով ներկայացվում են գյուղատնտեսության սուբսիդավորման գերակայությունները, դրանց իրականացման մոտեցումները, ակնկալվող արդյունքները: Արդյունքում բարենպաստ պայմաններ կստեղծվեն գյուղատնտեսությունում տնտեսվարողների գործունեության համար, կբարձրանա ռեսուրսային ներուժի առավել նպատակային օգտագործումը, արտադրության մրցունակությունը, ինչն էլ կնպաստի երկրի պարենային անվտանգության հիմնախնդրի աստիճանական լուծմանը:
Գործադիրի հավանությանն է արժանացել ՀՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգից բխող միջոցառումների 2017-2021թթ. ծրագիրը: Միջոցառումների ծրագրի ընդունումը նպատակաուղղված է ՀՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգով նախանշված քաղաքականության դրույթների իրականացմանը: Միջոցառումների իրականացման արդյունքում էներգետիկ արժեքով հաշվարկված կենսականորեն կարևորագույն սննդամթերքի ինքնաբավության ներկայիս 60 տոկոս մակարդակի ցուցանիշն ակնկալվում է 2021թ. հասցնել 74-76 տոկոսի, անհրաժեշտ նախադրյալներ կստեղծվեն երկրի պարենային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների փոխհամաձայնեցված և համակարգված իրականացման համար, տեղական արտադրության հաշվին կբարձրանա կարևորագույն սննդամթերքի նկատմամբ սպառողական պահանջարկի բավարարման մակարդակը, նախադրյալներ կստեղծվեն բնակչության կենսամակարդակի բարձրացման, աղքատության կրճատման, գյուղական համյնքների զարգացման համար:
Կառավարությունը հավանություն է տվել նաև բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման փաստաթղթերի մշակման և դրանցով նախատեսված գործողությունների ու միջոցառումների իրականացման արդյունքների մոնիթորինգի ընթացակարգերին: Հիմնավորման համաձայն, բնապահպանության ռազմավարական պլանավորումը ենթադրում է համակարգային վերլուծության մեթոդների կիրառում և ծրագրերի մշակում ողջ հանրապետության ու տարածաշրջանների կտրվածքով:


Գործադիրը հավանություն է տվել ՀՀ 2017թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին


Գործադիրը հավանություն է տվել ՀՀ 2017թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին և ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում պետբյուջեի նախագծի քննարկման արդյունքներով ԱԺ մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթին: Պետբյուջեի նախագծի լրամշակված տարբերակը կներկայացնի ՀՀ կառավարության աշխատակազմ, որից հետո սահմանված կարգով՝ Ազգային ժողով: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ Ազգային ժողովում պետբյուջեի նախագծի քննարկումների արդյունքներով կառավարությունն ԱԺ մշտական հանձնաժողովներից և պատգամավորներից ստացել է 339 առաջարկություն: Ըստ նրա՝ հաշվի առնելով միայն հստակ գումարներ պարունակող առաջարկությունները` բյուջեի նախագծի լրացուցիչ եկամուտների և ծախսերի զուտ ծավալներն առաջարկվել է ավելացնել, համապատասխանաբար, շուրջ 97.0 և շուրջ 84.3 ՀՀ մլրդ դրամ: Փոփոխությունների արդյունքում, ՀՀ 2017թ. պետբյուջեի նախագծի վերջնական տարբերակում եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի ամփոփ ցուցանիշները կկազմեն, համապատասխանաբար, եկամուտներինը` 1,210.0 մլրդ ՀՀ դրամ (եկամուտներ/ՀՆԱ - 22.4 տոկոս), որից հարկային եկամուտներ և տուրքեր 1,135.0 մլրդ ՀՀ դրամ կամ հարկեր/ՀՆԱ–21.0 տոկոս, ծախսերինը` 1,360.1 մլրդ ՀՀ դրամ կամ ծախսեր/ՀՆԱ – 25.2 տոկոս, դեֆիցիտինը` 150.1 մլրդ ՀՀ դրամ կամ դեֆիցիտ/ ՀՆԱ - 2.8 տոկոս:
Գործադիրի որոշմամբ հավանություն է տրվել մի շարք պայմանագրերի նախագծերին, որոնց ստորագրման անհրաժեշտությունը բխում է «Գույքի առուվաճառքի պայմանագրի» ստորագրումից, որով «Որոտան Հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի մասնավորեցման արդյունքում, «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ին փոխանցված պարտավորությունների ստանձնումով պայմանավորված, ներկա փուլում անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կատարել նշյալ շրջանակում արդեն իսկ գործող մի շարք համաձայնագրերում, ինչպես նաև առաջարկվում են համաձայնագրերի նոր նախագծեր, որոնք միտված են կարգավորելու հետագա համագործակցության պատշաճ իրականացումը:
 

Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կբարձրանա պետական մարմինների գործունեության արդյունավետությունը


ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության գործառույթների առավել լիարժեք իրականացմամբ և գործունեության արդյունավետության բարձրացմամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ուսումնասիրվել են նախարարությանը վերապահված գործառույթները և դրանք իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունն ու արդյունավետությունը, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել աշխատակազմի կառուցվածքում: Մասնավորապես, Ընդերքի տրամադրման, Օգտակար հանածոների պաշարների գործակալությունները և Ընդերքի բաժինը միաձուլման ձևով կվերակազմակերպեն Ընդերքի գործակալության: Ի պատասխան վարչապետի հարցադրման՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը տեղեկացրել է, որ կրճատումը շարունակական գործընթաց է. այս պահին կազմում է 13 տոկոս, իսկ Երկրաբանական ֆոնդի արխիվի թվայնացումից հետո ընդհանուր կրճատումը կկազմի 29,5 տոկոս:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ նախատեսվում է դադարեցնել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Մեղրու տարածքային ներկայացուցչության գործունեությունը և գործառույթները հանձնել արխիվի Սյունիքի մարզային մասնաճյուղին։ Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի ազգային արխիվի փոքրածավալ գործառույթներ իրականացնող տարածքային ստորաբաժանումների գոյությունը (1-2 հոգի անձնակազմով) հնարավորություն չի տալիս իրականացնել դրանց տեխնիկական վերազինումը, քանի որ միջոցների ներդրումը կլինի անարդյունավետ: Արդյունքում Սյունիքի մարզում բնակչությանը մատուցվող ծառայությունները կկենտրոնացվեն, ինչը կնպաստի ֆինանսական միջոցների ռացիոնալ օգտագործմանը, ստորաբաժանումների տեխնիկական վերազինմանը, որակյալ ծառայությունների մատուցմանը:


Հաստատվել է բուհերի 2017/2018 ուստարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը


Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2017/2018 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը: Որոշման ընդունման նպատակն է՝ կանոնակարգել բակալավրի կրթական ծրագրով ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկը, ինչպես նաև դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս պետական և ոչ պետական բուհերի դիմորդների համար ապահովել միևնույն պայմանները:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ