շաբաթ, 14 հունվարի 2017
Վարչապետի մոտ քննարկվել է Գյումրիի պատմամշակութային արժեքների վերականգնման ծրագիրը
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի զարգացման ծրագրերի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, տարբեր ոլորտներ ներկայացնող գործարար կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ:
Խորհրդակցության ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Կումայրի արգելոց-թանգարանի և Գյումրու Շիրակացի ու Ռուսթավելի փողոցների վերականգնման ծրագիրը: Պատմամշակութային այս կարևոր արժեքների վերականգնումը հնարավորություն կտա խթանել զբոսաշրջության զարգացումը Գյումրիում:
Վարչապետ Կարապետյանը, կարևորելով առաջարկվող ծրագրի իրականացումը, նշել է, որ Գյումրին զբոսաշրջության զարգացման լուրջ հնարավորություններ ունի, և այս առումով անհրաժեշտ են հենց այսպիսի՝ բիզնես տրամաբանությամբ մշակված ծրագրեր: «Պետք է Գյումրին ավելի հարմարավետ դարձնել ու բիզնեսին ևս ներգրավել այդ գործընթացում, որպեսզի և´ եկամուտ ստանա, և´ կարողանա քաղաքը գրավիչ դարձնել», - ընդգծել է կառավարության ղեկավարը:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մանրամասներ ներկայացնելով ծրագրի մշակման վերաբերյալ, նշել է, որ տարբեր կազմակերպությունների կողմից մեծ աշխատանք է կատարվել, և առաջիկայում լինելու է ծրագրի շնորհանդես՝ հետագա քայլերը քննարկելու նպատակով: Նա տեղեկացրել է, որ նախատեսվում է նաև Գյումրիում ներդրումներ կատարելու պատրաստակամություն հայտնած գործարարների մասնակցությամբ հանդիպում, ստեղծվելու է հատուկ հիմնադրամ, որի շրջանակում քննարկվելու են փողոցների վերականգնման, լուսավորության ապահովման և ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր: