Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 հունվարի 2017

Աշխատանքներ կիրականացվեն հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ձևավորման մեկնարկն ապահովելու համար










Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Առաջին հանձնարարականը վերաբերել է ՌԴ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելուն: Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին ՌԴ համապատասխան գերատեսչությունների հետ ակտիվ աշխատանքներ իրականացնել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ձևավորման մեկնարկն ապահովելու ուղղությամբ, կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացնել ամենամսյա հաշվետվություն:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարվել է նաև Մեղրիի տարածաշրջանում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտում ռուսական կապիտալի ներգրավվածությունն ապահովելու նպատակով ՌԴ համապատասխան գերատեսչությունների և շահագրգիռ կազմակերպությունների հետ ապահովել անհրաժեշտ աշխատանքներ և ընթացքի վերաբերյալ ներկայացնել ամենամսյա հաշվետվություն:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է Երևանի քաղաքապետարանի, նախարարությունների և պետական կառավարման համապատասխան այլ մարմինների հետ քննարկել 2017թ. ընթացքում գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտ միջոցառումները՝ հատկապես ուշադրություն դարձնելով Համաշխարհային բանկի համապատասխան զեկույցի այն ցուցանիշի վրա, որով, ունենք ցածր արդյունքներ: «Մշակել անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ առաջարկություններ՝ նպատակ ունենալով էապես բարելավել և պարզեցնել վարչարարական ներկա ընթացակարգը և մինչև ս.թ. փետրվարի 20-ը դրանք ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը»,-նշել է վարչապետը:
Գործադիրի ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է 15-օրյա ժամկետում կազմակերպել Ռուսաստանում և այլ երկրներում գյուղատնտեսության տեխնիկա արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպում՝ տեխնիկայի մատակարարման պայմանները քննարկելու նպատակով: Մեկամսյա ժամկետում ներկայացնել Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի նախագիծը:
Բնակլիմայական աղետների վնասներից կանխարգելման հայեցակարգի (հայեցկարգի մշակումը նախատեսված է ՀՀ կառավարության ծրագրով) վերաբերյալ գործադիրի ղեկավարը գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է, որ հայեցակարգի շրջանակում անդրադարձ կատարվի նաև ամպացրող թնդանոթների և կարկտապաշտպան ցանցերի արդյունավետությանն ու տնտեսական իրացվելիությանը և մշակվի ծրագիր առավել խոցելի համայնքներում կարկուտի վնասի էական նվազեցման նպատակով:
 

Վարչապետը հանձնարարել է մշակել ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջության ծառայության լայն փաթեթ

Տուրիզմի խթանման վերաբերյալ հունվարի 24-ին Մոսկվայում պաշտոնական այցի շրջանակում տեղի ունեցած ԱԳՆ նոտաների փոխանակման ընթացքում հնարավոր է դարձել ՌԴ քաղաքացիների՝ առանց արտասահմանյան անձնագրի ՀՀ մուտք գործելը: Վարչապետը ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարել է հարցի տեխնիկական լուծումները կարգավորել մինչև մարտի 1-ը, որպեսզի ապահովվի միայն ներքին անձնագիր ունեցող Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեին հանձնարարվել է այլ շահագրգիռ կառույցների և մասնավոր հատվածի հետ աշխատելով՝ ապահովել ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջության ծառայության լայն փաթեթ: «Մինչև մարտի 1-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին»,-ասել է Կարեն Կարապետյանը:

Առաջարկություններ կներկայացվեն այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ
 

Հաշվի առնելով բանակցությունները Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ և Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհահատվածում եղանակային պայմաններով պայմանավորված թողունակության սահմանափակումները՝ վարչապետը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարել է ռուսական և վրացական կողմերի հետ քննարկել և մինչև մարտի 1-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ:
Գործադիրի ղեկավարը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին հանձնարարել է քննարկել ՀՀ կառավարության 2010 թվականի N 98-Ն որոշմամբ սահմանված «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրով նախատեսված արտոնությունների վերանայման հնարավորությունը՝ մասնավորապես բարձրացնելով ծրագրի շրջանակում ձեռք բերվող բնակարանների արժեքի շեմը և նվազեցնելով պարտադիր կանխավճարների չափը: Ըստ անհրաժեշտության՝ համապատասխան հարցը քննարկել նաև ՀՀ կենտրոնական բանկի հետ:


Կբարձրացվի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակությունը
 

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում` արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով, ծրագրի երկրորդ փուլի» նախագծին: Հայաստանում արդյունաբերության բարելավման և արդիականացման ծրագրի պիլոտային փուլի իրականացմանը 2014թ.-ի սեպտեմբերից աջակցում է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ): Առաջին փուլի նպատակն էր զարգացնել նորաձև արտադրանքի ամբողջական մի շղթա` իր մեջ ներառելով շուկայի ժամանակակից միտումները և հայկական ու համաշխարհային նորաձևության ավանդույթները: Դրա շրջանակում ստեղծվել են տեխնիկական տեղական կարողություններ՝ ՓՄՁ-ների զարգացմանը և արդիականացմանն աջակցելու ու հայկական տեքստիլի և հագուստի արտադրանքը որպես որակյալ դիզայներական ապրանք ներկայացնելու նպատակով: Ծրագրի երկրորդ փուլն իր աշխատանքները կուղղի վերականգնելու հայաստանյան կոշիկ և հագուստ արտադրող ձեռնարկությունների միջև արդյունաբերական կապերը տարածաշրջանային արժեշղթաներում՝ խթանելով ոլորտների արդյունավետությունը և մրցունակությունը, գործարար ու ինստիտուցիոնալ համագործակցությունը տեղական կոշիկ և հագուստ արտադրողների, արտահանողների և նրանց ասոցիացիաների միջև: Արդյունքում տեքստիլ/հագուստ և կոշիկի/կաշվե ոլորտներում գործող ՓՄՁ-ները կարդիականացնեն իրենց բիզնեսները, կընդլայնեն արտադրությունը, կբարձրացնեն որակը և շուկա մուտք գործելու հնարավորություն կունենան ազգային տեխնիկական փորձագետների աջակցությամբ: Ի պատասխան վարչապետի հարցին՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ ծրագրի իրականացման արդյունքում կբարձրանա թեթև արդյունաբերության մրցունակությունը: «Քայլեր ենք իրականացնելու այդ ճյուղի զարգացման ուղղությամբ. կստեղծվեն կենտրոններ, կմշակվի ու կներկայացվի ծրագիր, թե ինչ միջոցառումներ պետք է իրականացնենք, որպեսզի արտահանման ներուժ ունեցող այս ոլորտում արտադրանքի մրցունակությունը բարձրացվի»,-ընդգծել է նախարարը: Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է, թե արդյոք ծրագիրը բիզնես միջավայրի հետ քննարկումների արդյունքում է ձևավորվել: Ս.Կարայանը տեղեկացրել է, որ այն ոչ միայն քննարկվել է մասնավոր հատվածի հետ, այլև ծրագրով նախատեսվում է ստեղծել համակարգող խորհուրդ, որում կընդգրկվեն ինչպես պետական մարմինների, այնպես էլ ոլորտը ներկայացնող ՀԿ-ների ներկայացուցիչները:
Տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը խթանելու և վերջիններիս աջակցություն ցուցաբերելու նպատակով գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. առաջարկվում է տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումների իրականացման (բացառությամբ հարկային և մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգումների) արգելքի ժամկետը երկարաձգել՝ 2016թ. դեկտեմբերի 31-ի փոխարեն սահմանելով մինչև 2017թ. հուլիսի 1-ը:


Ազատամուտ համայնքն ընդգրկվել է սոցիալական աջակցություն ստացող և հարկերից ազատվող սահմանամերձ համայնքների ցանկում


ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ընտանիքների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցելու նպատակով կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկելով Ազատամուտ համայնքը: Արդյունքում ակնկալվում է բարելավել Ազատամուտ համայնքի ընտանիքների կենսապայմանները:
Մեկ այլ որոշմամբ էլ Ազատամուտ համայնքը կներառվի այն սահմանամերձ համայնքների ցանկում, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից:
ՀՀ վարչապետը, անդրադառնալով հարցին, հանձնարարել է կառավարության աշխատակազմին քննարկել միջգերատեսչական հանձնաժողով կամ համակարգող խորհուրդ ստեղծելու հնարավորությունը՝ սահմանամերձ համայնքների խնդիրները, հարցերը հավաքագրելու և դրանց լուծումները ներկայացնելու նպատակով. «Գույքագրենք, թե ինչ հարցեր ենք ուզում լուծել, դա ինչ էֆեկտ կարող է տալ, որպեսզի հստակ ծրագիր մշակենք»:

 

Հաստատվել է էլեկտրոնային առողջապահության համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու մրցույթի անցկացման կարգը


ՀՀ միասնական առողջապահական տեղեկատվական համակարգի ծրագրային ապահովման և սերվերային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման հանձնելու կապակցությամբ մրցույթ կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ համակարգի ծրագրային ապահովման մշակումը, սերվերային ենթակառուցվածքի նախագծումը, մատակարարումն ու տեղադրումը, ինչպես նաև ՀՀ տարածքում գործող 6 բուժհաստատություններում պիլոտային փորձարկումն իրականացվել է 2014-2015թթ. ընթացքում՝ Համաշխարհային բանկի պետական հատվածի բարեփոխումների 2-րդ ծրագրի շրջանակում: ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է համակարգի ամբողջական ներդրումը ՀՀ բոլոր բուժհաստատություններում իրականացնել 2017 թվականին: Որոշմամբ առաջարկվում է հայտարարել մրցույթ, որի ընթացքում հաղթող ճանաչված կազմակերպությանը կոնցեսիոն պայմանագրով նախատեսված պայմաններով կապահովի համակարգի տեխնիկական սպասարկումն ու շահագործումն, ինչպես նաև պատասխանատու կլինի համակարգի հետագա բարելավման և վերազինման համար: Որոշմամբ հաստատվել է նաև բժշկական օգնություն, սպասարկում և դեղատնային գործունեություն իրականացնող լիցենզավորված սուբյեկտներում համակարգի ներդրման ժամանակացույցը: Կարևորելով էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը՝ գործադիրի ղեկավարը ՀՀ առողջապության նախարար Լևոն Ալթունյանից հետաքրքրվել է, թե արդյոք այդ համակարգի կիրառումը կնպաստի ծախսերի կրճատմանը: Նախարարը պատասխանել է, որ համակարգի ներդրման արդյունքում անպայման կլինի ծախսերի կրճատում, քանի որ այն ծառայելու է որպես պետպատվերի վերահսկման գործիք: Կարեն Կարապետյանը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպել և անցկացնել համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու մրցույթը և ապահովել համապատասխան իրազեկումը:


Հնարավորություն է տրվում դրամարկղային գիրքը վարել նաև էլեկտրոնային եղանակով


Դրամարկղային գրքի էլեկտրոնային եղանակով վարման ապահովման նպատակով կառավարությունը լրացումներ և փոփոխություն է կատարելու նախկինում ընդունած որոշումներից մեկում: Համապատասխան որոշման ընդունումը պայմանավորված է «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի ընդունմամբ, որով հնարավորություն է տրվում դրամարկղային գիրքը վարել նաև էլեկտրոնային եղանակով: Որոշմամբ առաջարկվում է կանոնակարգել կանխիկ դրամի մուտքագրումների և ելքագրումների էլեկտրոնային եղանակով գրանցման հարցերի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանել էլեկտրոնային դրամարկղային գրքի ձևը: Պատասխանելով վարչապետի հարցին ՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը տեղեկացրել է, որ դրամարկղային գրքի էլեկտրոնային եղանակով վարումը պարտադիր կլինի 2018թ.-ից: Վարչապետն առաջարկել է վերանայել սահմանված ժամկետը և հնարավորոււթյան դեպքում այդ գործընթացին անցումն ավելի շուտ ապահովել:


Կընդլայնվի պետական մարմինների սպասարկման գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը


Պետական մարմինների սպասարկման գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկի ընդլայնմամբ պայմանավորված գործադիրը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Նախատեսված ծառայությունները կմատուցեն նաև «Անելիք բանկը» և «Հայէկոնոմբանկը»: Նշենք, որ մինչ այդ սպասարկման գործառույթներ են իրականացնում «Հայփոստ», «Արդշինբանկ», «Ամերիաբանկ» և «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ները: Բարեփոխումների նպատակն է պետական մարմինների գործառույթներն առավել հասանելի դարձնել ՀՀ քաղաքացուն, որպեսզի հեռավոր, գյուղական համայնքների քաղաքացին ստիպված չլինի այդ հարցերի համար հասնել Երևան կամ մարզկենտրոն: Կարևորելով պետական մարմինների գործառույթները ՀՀ քաղաքացուն առավել հասանելի դարձնելուն ուղղված բարեփոխումները՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է ապահովել լիարժեք իրազեկում, քանի որ պետական համապատասխան կառույցներում դեռևս առկա են հերթեր, ինչը քաղաքացիների՝ ոչ լիարժեք տեղեկացված լինելու արդյունք է:
Նոտարական գործողության համար նախատեսվող սակագնային գործակիցը սահմանելու և համապատասխան օրենսդրական կարգավորումն ապահովելու նպատակով գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Սակագնային գործակիցները սահմանվել են՝ հաշվի առնելով համանման նոտարական գործողության համար արդեն իսկ գործող սակագները, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների կողմից համանման գործողություն իրականացնելիս սահմանված ծառայությունների վճարի և պետական տուրքի գործակիցները՝ հնարավորինս փորձելով չծանրացնել բնակչության ֆինանսական բեռը:


Միջազգային համագործակցություն


ՀՀ կառավարությունը Սինգապուրի և Կանադայի կառավարությունների հետ նախատեսում է ստորագրել օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրեր: Գործադիրը համաձայնություն է տվել այդ համաձայնագրերի կնքման առաջարկությանը: Համաձայնագրերն ուղղված են օդային հաղորդակցությունների ոլորտում Սինգապուրի և Կանադայի հետ հարաբերությունների լիարժեք և պատշաճ իրավական կարգավորմանը, «բաց երկնքի» քաղաքականության սկզբունքների ներդրմանը և պետությունների ավիաընկերությունների համար ազատ մրցակցային դաշտի ապահովմանը: Ակնկալվում է, որ համաձայնագրերի կնքման արդյունքում օդային հաղորդակցությունների ոլորտում պետությունների հարաբերությունները լիարժեք կկարգավորվեն միջկառավարական համաձայնագրի շրջանակում, ինչպես նաև համաձայնագրի կնքումը կնպաստի զբոսաշրջության և տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին այցելելու է Գյումրի և ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին հանձնարարել է այցի մեկնարկային կետ նախատեսել «Շիրակ» օդանավակայանը: «Գյումրիում քննարկելու ենք զբոսաշրջության հետ կապված լայնածավալ ծրագիր: Խնդրում եմ օդանավակայան հրավիրեք տնօրեններին, որովհետև կա պայմանավորվածություն, որ իրենք պետք է ներդրումներ կատարեն, քանի որ զբոսաշրջության հոսքը Գյումրի մեծ է լինելու»,- ընդգծել է վարչապետը:
Կառավարությունը համաձայնություն է տվել «ԱՊՀ մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի ստորագրումը կնպաստի ԱՊՀ անդամ պետությունների գիտատեխնիկական ոլորտում հիմնարար հետազոտությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Համաձայնագրի ստորագրումը կնպաստի նաև հիմնարար հետազոտություններ իրականացնող կադրերի մասնագիտական պատրաստման որակի բարելավմանը, ազգային և միջազգային փորձի ուսումնասիրմանը:
 

Օրենսդրական նախաձեռնություններ


Գործադիրի հավանությանն է արժանացել «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Ներկայացված օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է պետական մարմինների օպտիմալացման արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության լուծարմամբ և գյուղատնտեսական տեխնիկայի պետական համարանիշի և գյուղատնտեսական տեխնիկայի վարման իրավունքի վկայականի տրամադրման գործառույթներն այլ պետական մարմնին փոխանցման գործընթացն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացման անհրաժեշտությամբ: Արդյունքում կհստակեցվի գյուղտեխնիկայի շահագործման հետ կապված կանոնակարգող ՀՀ օրենսդրական դաշտը, կապահովվի գյուղտեխնիկայի շահագործման և դրա նկատմամբ վերահսկողության գործառույթների իրականացումը:
Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Օրինագծերի ընդունմամբ վերոնշյալ օրենսգրքերում կսահմանվեն թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերը որոշելու չափորոշիչները, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի հասկացությունը, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերը, շրջանառությունն արգելված` թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց չափերը, պրեկուրսորների չափերը սահմանելու` ՀՀ կառավարության լիազորությունը:
 

 Այլ որոշումներ

Գործադիրն ընդունել է «Գնման պայմանագիրը դադարեցնելու և գույքն ի շահ ՀՀ հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» որոշում, մասնավորապես, ՀՀ Նախագահի 2016թ. նոյեմբերի 2-ի համապատասխան հանձնարարականով հայտարարված՝ հանրային շահերը շոշափող ոլորտներում մասնավոր հատվածի հետ պետական մարմինների փոխգործակցության սկզբունքները բարեփոխելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Որոշմամբ, մասնավորապես, նախատեսվում է դադարեցնել ՀՀ ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի միջև կնքված Պետության կարիքների համար երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ տեխնիկական վերահսկողության համակարգերի ձեռքբերման (գնման) և դրանց սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիրը: Նախատեսվում է ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ տեխնիկական վերահսկողության համակարգը հանձնել ընկերության հավատարմագրային կառավարմանը:
Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին Հայաստանի Հանրապետության կողմից մարդասիրական օգնության տրամադրումը կազմակերպելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Նախատեսվում է պահուստային ֆոնդից ՀՀ ԱԳՆ-ին հատկացնել 43,368.8 հազ. ՀՀ դրամ, որը նվիրաբերության կարգով կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով:  

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ