երեքշաբթի, 15 հունիսի 2004
ՀՀ վարչապետ, Ջրի ազգային խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է խորհրդի նիստ: Քննարկվել են ՀՀ ջրի ազգային ծրագրի և քաղաքականության մշակման, ջրային պետական կադաստրի վարման, հանրապետությունում ոռոգման համակարգերի զարգացմանն ուղղված ծրագրերի և դրանց հետագա արդյունավետության բարձրացման միջոցառումների ընթացքը, կազմակերպական և այլ հարցեր:
Մինչև օրակարգային հարցերին անցնելը, ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Ալֆրեդ Ներսիսյանը ներկայացրել է պետական սեփականություն հանդիսացող ջրային ռեսուրսների օգտագործման թույլտվությունների ձևակերպման ընդհանուր պատկերը: Նա նշել է, որ ջրօգտագործման թույլտվության հայտի գնահատման և վերջնական ձևակերպման համար ստեղծված է համապատասխան օրենսդրական դաշտ և ջրօգտագործողներին օգնության նպատակով, ՀՀ համապատասխան օրենքով նվազեցվել է ջրօգտագործման թույլտվության ձեռքբերման պետական տուրքը
՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց համար 50 և 100 հազար դրամի փոխարեն սահմանվելով 10 և 1 հազար դրամ: ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ մշակվել է նաև կառավարության որոշման նախագիծ, որով հնարավորինս նվազեցվում է ջրօգտագործման թույլտվության հայտին կից փաթեթում պահանջվող փաստաթղթերի թիվը: Ըստ զեկուցողի, հունիսի 10-ի դրությամբ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն է ներկայացվել ջրօգտագործման թույլտվությունների 384 հայտ, որից արդեն իսկ ձևակերպվել է 313-ը` 4,2 մլրդ խմ տարի ջրօգտագործման ծավալով: Դրանով իրավական դաշտ է բերվել և հաշվառման ենթարկվել հանրապետության ընդհանուր ջրօգտագործման ծավալի շուրջ 85 տոկոսը:Անդրադառնալով ջրի ազգային ծրագրի և քաղաքականության մշակման աշխատանքների ընթացքին, Ալֆրեդ Ներսիսյանը նշել է, որ ՀՀ ջրային օրենսգրքում կատարվել են համապատասխան փոփոխություններ, որոնց արդյունքում հետաձգվել են Ջրի ազգային քաղաքականության և Ջրի ազգային ծրագրի կառավարություն ներկայացնելու ժամկետները` համապատասխանաբար 25 ամսով (մինչև 2004թ. օգոստոսը) և 3 տարով (մինչև 2005թ. հուլիսը): Ըստ նրա, նշված փաստաթղթերի մշակմանն աջակցելու նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ջրային ռեսուրսների կայուն կառավարման ծրագրի շրջանակներում ստեղծվել է տեղական և միջազգային փորձագետներից կազմված հանձնախումբ: Վերջինիս միջոցով մշակվել են ՀՀ Ջրի ազգային ծրագրի ուրվագիծը, նշված ծրագրի «Ջրային ռեսուրսների ռեսուրսավճարի ռազմավարություն» բաղադրիչի նախագիծը, ինչպես նաև «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայումս գտնվում է քննարկման փուլում: Զեկուցողն ընդգծել է, որ ՀՀ Ջրի ազգային ծրագիրը, որը պետք է պարունակի ջրավազանային կառավարման պլանները, ջրի ստանդարտները, ջրային ռեսուրսների և հիդրոտեխնիկական կառուցվածքների գործառնական նշանակության դասակարգումները և բնագավառի կառավարման ու պահպանության մի շարք մոտեցումներ և չափանիշներ, ըստ էության, հանդիսանալու է «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքով ամրագրված սկզբունքների, մոտեցումների կիրարկումն ապահովող փաստաթուղթ:
Հարցի կապակցությամբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է, ելնելով նշված օրինագծի կարևորությունից, Ջրի ազգային խորհդի անդամների և կառավարության համապատասխան ստորաբաժանումների քննարկմանն ուղարկելուց բացի, նախագիծը դնել հասարակական լայն քննարկման:
Օրակարգի երկրորդ հարցի` ՀՀ ջրային պետական կադաստրի վարման աշխատանքների ընթացքի վերաբերյալ, զեկուցողն ընդգծել է, որ այստեղ ևս ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է համապատասխան օրենսդրական դաշտ` նախադեպը չունեցող ջրային պետական կադաստրի ինստիտուտի հիմնադրման համար: ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով սահմանվել է ջրային պետական կադաստրում տվյալների գրառման գրանցամատյանների վարման կարգը: Ըստ պարոն Ներսիսյանի, առ այսօր ջրօգտագործման թույլտվություն ունեցող 313 ջրօգտագործողներից 126-ը, ՀՀ ջրային պետական կադաստրում գրանցվելով, արդեն իսկ օրենսդրորեն վավերացրել են իրենց ջրօգտագործման իրավունքները, իսկ 60 հայտ գտնվում է ձևակերպման փուլում: Աշխատանքներ են տարվում նաև հանրապետության հիդրոտեխնիկական կառուցվածքները (ջրատարներ, ջրամբարներ, ջրանցքներ, մաքրման կայաններ, պոմպակայաններ և այլն) ջրային պետական կադաստրում հաշվառելու և համակարգի ջրօգտագործողներին ջրային պետական կադատրում գրանցելու ուղղությամբ: Այդ բոլոր աշխատանքներն իրականացնելու համար, ըստ զեկուցողի, ջրային պետական կադաստրը կարիք ունի տեխնիկական, տրանսպորտային, ինչպես նաև ֆինանսական միջոցների լուրջ աջակցության:
Կարևորելով այս և այլ ոլորտներում բարեփոխումների նպատակով ներդրվող բյուջետային և ֆինանսական այլ աղբյուրներից ստացվող միջոցների արդյունավետ օգտագործումը և համակարգման անհրաժեշտությունը նշել է, որ առաջիկայում ՀՀ վարչապետին կից կստեղծվի տնտեսագիտական խորհուրդ` տարբեր շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նիստում ՀՀ ոռոգման համակարգերի զարգացմանն ուղղված ծրագրերի և դրանց հետագա ադյունավետության բարձրացման համար նախատեսվող միջոցառումների վերաբերյալ զեկուցել է ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրիասյանը: Նա նշել է, որ այս տարի գարնանային ցրտահարությունների հետ կապված հանրապետությունում ոռոգման աշխատանքները մեկ ամիս շուտ են սկսվել, մատակարարումները նորմալ են ընթանում: Ըստ նրա, ոռոգման աշխատանքներն ընթանում են ՀԲ- ի վարկային միջոցներով հանրապետությունում իրականացվող Պատվարների անվտանգության և Ոռոգման համակարգերի զարգացման ծրագրերի համաձայն: Նա նշել է, որ զարգացման ծրագիրը բաղկացած է 2 փուլից, որից առաջինի իրականացումը սկսվել է 2001թ. դեկտեմբերին և կավարտվի 2007թ-ին, արժեքն է` 30. 8 մլն ԱՄՆ դոլար, իսկ երկրորդ փուլի իրականացումը նախատեսվում է սկսել 2006թ-ից, որի արժեքը կկազմի 35 մլն ԱՄՆ դոլար: Ներկայացնելով ոլորտի կառուցվածքային բարեփոխումների ընթացքը, զեկուցողն ընդգծել է, որ ծրագրի առաջին փուլի շրջանակներում իրականացվող բարեփոխումներն ընդգրկել են ոռոգման կառավարման բոլոր օղակները` պետական մարմիններից մինչև ջրօգտագործողներ: Ըստ նրա, հանրապետությունում արդեն իսկ ստեղծվել են 54 Ջրօգտագործողների ընկերություններ, որոնք 2004թ. ջրամատակարարումն իրականացնում են առավելագույնը 7 դրամ/ խմ սակագնով: Ոլորտի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներից Անդրանիկ Անդրիասյանն առանձնացրել է 3 խոշոր ինքնահոս համակարգերի կառուցումը, որոնք թույլ կտան տարեկան տնտեսել շուրջ 47 մլն կվտ էլեկտրաէներգիա և ապահովել 6.5 հազար հա հողատարածքների հուսալի ոռոգումը, Արաքս գետից ջրառի հնարավորության մեծացումը` 27-ից հասցնելով 53 խմ/վ հզորության, որը թույլ կտա բարելավել ավելի քան 35 հազար հա հողատարածքների ջրապահովությունը, ինչպես նաև առավել վթարային հիդրոտեխնիկական կառուցվածքների վերականգնումը: Պարոն Անդրիասյանը ներկայացրել է նաև ոլորտի արդյունավետության բարձրացմանն ու զարգացմանն ուղղված հեռանկարային քայլերը:
Ոլորտի համար, որպես կարևորագույն խնդիրներ, որոնք կառաջարկվեն նաև ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում ընդգրկելու համար, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն առանձնացրել է ջրամբարների, ջրատարների վերանորոգումն ու նորերի կառուցումը, համայնքների ներտնտեսային ջրային ցանցերի և աղբյուրների գույքագրումը: Առաջնահերթ այդ աշխատանքների ֆինանսավորման նպատակով, վարչապետը հանձնարարել է մշակել համապատասխան ծրագրեր, մասնավորապես, Վարչապետը կարևորել է հատկապես հանրապետությունում խմելու ջրի սանիտարական վիճակի վերահսկման, ջրի անվտանգության ապահովման խնդիրը և հանձնարարել համապատասխան միջոցառումներ մշակել դրանք ևս Ջրի ազգային ծրագրում ընդգրկելու համար:
Նիստում խորհրդի քարտուղար է ընտրվել խորհրդի անդամ, Հիդրավլիկական հետազոտությունների հայկական ազգային ընկերության նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը: