հինգշաբթի, 16 մարտի 2017
Կարեն Կարապետյանը հանձնարարել է վերհանել վառելանյութերի ոլորտում առկա խնդիրները և մշակել դրանք կանխարգելելու հստակ մեթոդաբանություն
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Անդրադառնալով բենզինի և դիզելային վառելիքի որակին՝ վարչապետը նշել է. «Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են խնդիրներ բենզինի և դիզելային վառելիքի որակի վերաբերյալ: Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաև գործնականում առկա որոշակի բացերով: Արդյունքում էական վնաս է պատճառվում սպառողներին և շուկային»: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին 1-ամսյա ժամկետում բենզինի, դիզելային վառելիքի և այլ վառելանյութերի վաճառքի ոլորտում չարաշահումների վերացման և որակի վերահսկողության գործառույթներն առավել արդյունավետ իրականացման նպատակով, ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ համապատասխան թույլտվություններն ըստ վառելիքի տեսակների հստակ տարանջատման վերաբերյալ՝ հաշվի առնելով հանրապետության ներքին շուկայում դրանց սպառման փաստացի կառուցվածքը։ Հանձնարարվել է նաև, համատեղ քննարկելով, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հետ մշակել այս ոլորտում առկա խնդիրները վերհանելու և կանխարգելելու հստակ մեթոդաբանություն:
Առաջարկություն կներկայացվի գրավի առարկայի իրացման գործընթացը հստակ ժամկետներում իրականացնելու վերաբերյալ
Բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից գրավի իրացման գործընթացի վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է. «Ներկայումս գործող օրենսդրական կարգավորումները բանկերին և վարկային կազմակերպություններին գրավի իրացման կազմակերպման գործընթացում ընձեռում են հայեցողության բավականին լայն շրջանակ, քանի որ առկա չէ բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնելուց հետո այդ գործընթացը սկսելու հստակ ժամկետ: Նշվածը խիստ մտահոգիչ է այն տեսանկյունից, որ այն դեպքերում, երբ գրավի առարկայի արժեքը գերազանցում է դրանով ապահովված պարտավորության չափը, բանկերը կամ վարկային կազմակերպությունները հնարավորություն ունեն և որոշ դեպքերում չեն իրացնում գրավի առարկան մինչև այն պահը, երբ պարտավորության խախտման հետևանքով հաշվեգրվող տուգանքների շնորհիվ վարկառուի պարտքի չափը կհավասարվի կամ նույնիսկ կգերազանցի համապատասխան գրավի առարկայի արժեքը»: Այս իրավիճակը բացառելու նպատակով վարչապետը հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարին 1-ամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն գրավի առարկայի իրացման գործընթացը հստակ ժամկետներում իրականացնելու և դրա խախտման դեպքում համապատասխան տուժանքների դադարեցման մեխանիզմների վերաբերյալ:
Հավանության է արժանացել ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին: Ծրագրի հիմնական նպատակը` գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես, լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է, ինչի արդյունքում նպաստավոր պայմաններ կստեղծվեն գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման համար: Ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար առաջարկել գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման հնարավորինս մատչելի և արդյունավետ մոտեցումներ: Ծրագրի շրջանակում գյուղատնտեսական տեխնիկան տնտեսավարողներին կտրամադրվի լիզինգային եղանակով՝ հաշվի առնելով 2013-2016թթ. դրական փորձն ու արդյունքները: Ծրագրով ներկայացվում են դրա իրագործման հիմնական մոտեցումները, մոնիթորինգը, իրականացման ռիսկերը և դրանց մեղմման հնարավորությունները, ակնկալվող արդյունքները, ֆինանսական գնահատականը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ արդյունքում ակնկալվում է 2017թ.-ին մոտ 2,2 մլրդ ՀՀ դրամի գյուղտեխնիկայի իրացում: Կարեն Կարապետյանը նշել է, որ գյուղտեխնիկայի ապահովման հարցը կարևորագույն խնդիրներից է. «Մենք իրականում տալիս ենք հնարավորություն գյուղատնտեսությամբ զբաղվող գործարարին, մեր քաղաքացուն տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով լիզինգային պայմաններով ձեռք բերել տեխնիկա, որը կծառայի իր բիզնեսի կառուցմանը»: Վարչապետի խոսքով՝ ստեղծվելու է հատուկ կառույց, որը զբաղվելու է գյուղատնտեսության զարգացման համար առավելագույն ժամանակակից պայմաններ ստեղծելու ուղղությամբ: «Մենք պետք է հստակ իմանանք և հասկանանք, որ եթե մենք գյուղատնտեսության մեջ տեխնոլոգիաների, գյուղմեխանիզացիայի և այլ խնդիրները չլուծենք, ապա ոլորտում ռեալ դրական արդյունքներ չենք ունենալու»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը և հանձնարարել Գյուղատնտեսության նախարարին չբավարարվել ընդունված որոշմամբ և շարունակել ուշադրության կետրոնում պահել այդ գործընթացը: «Գյուղատնտեսության նախարարությունը, մարզպետերը, բոլորը համայնքներում պետք է այս քարոզչությամբ զբաղվեն, և գյուղատնտեսի ձեռքը բռնած ուղեկցեն և ցույց տան, թե որտեղ և ինչպես է լիզինգը ձևակերպվում և փորձեն ամեն ինչ անել նրան աջակցելու համար»,-ընդգծել է կառավարության ղեկավարը:
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով գործադիրի մեկ այլ որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը:
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած երկու որոշումներում, որով առաջարկվում է կազմակերպությունների պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետը երկարաձգել մինչև սույն թվականի դեկտեմբերի 1-ը՝ 2015-2016թթ. հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի բաշխման ծրագրով նախատեսված, սակայն չբաշխված մնացորդը 2017թ.-ին նույն ծրագրի շրջանակում բաշխումը կազմակերպելու, ինչպես նաև պարտավորությունների կետանցի համար հաշվարկված տույժերի մարումը ապահովելու նպատակով: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ նախորդ տարիների պարարտանյութերի բաշխումից գոյացել են պարտավորություններ և այս տարի կան ընկերություններ, որոնք կրկին շարունակելու են այն մատակարարել. «Բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկելով՝ եկել ենք այն եզրահանգման, որպեսզի չխախտվի այս տարվա մատակարարումը՝ տանք հին պարտքերը գանձելու և վերադարձնելու ժամանակացույց»: Կարևորելով որոշումը՝ գործադիրի ղեկավարը հանձնարարել է գյուղատնտեսության նախարարին լինել ուշադիր: Կարեն Կարապետյանը նշել է, որ այս տարի պարարտանյութի մատակարարման մրցույթի 19 մասնակցից հաղթող է ճանաչվել 2-ը, ինչի արդյունքում տնտեսվել է 1.2 մլրդ ՀՀ դրամ սուբսիդավորման գումարից: Անդրադառնալով գոյացած պարտքերին՝ վարչապետն ընդգծել է, որ դրանք ունեն երկու բաղադրիչ՝ կանխավճար և սուբսիդավորում: «Մենք տալիս ենք արտոնություն, որպեսզի որևէ գյուղատնտես չտուժի: Հետագայում մենք այդ բոլոր հարցերը դիտարկելու ենք: Մենք հսկելու ենք, որ ֆինանսական կարգապահությունը և այն, ինչի շուրջ պայմանավորվում ենք՝ լինի առարկայական»,-նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետն ընդգծել է նաև, որ պետք է հասկանալ գոյացած պարտքերի պատճառները և ցուցաբերել անհատական մոտեցում. «Գուցե մի անգամ ռեալ զիջումների գնանք, էջը փակենք և նոր էջից սկսենք»:
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով հնարավոր կլինի պայքարի միջոցառումներ իրականացնել 129,2 հազ. հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ձեռք կբերի 10335 կգ թունանյութ: Պայքարի միջոցառումներ իրականացված տարածքներում մկնանման կրծողների կողմից գյուղատնտեսական մշակաբույսերին հասցված վնասը հնարավոր կլինի նվազեցնել շուրջ 85 տոկոսով:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմին կհանձնվի տարածք, ինչի արդյունքում նպաստավոր պայմաններ կստեղծվեն ծառայության աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման, վերապահված վերահսկողական գործառույթների համակարգված, արագ և օպերատիվ իրականացման համար:
Հստակեցվել է առևտրական կցորդների, ներկայացուցիչների, մաքսային կցորդի և առևտրի համաշխարհային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչի պահպանման ծախսերի նախահաշիվների հաստատման գործընթացը
Կառավարությունը փոփոխություններ է կատարել 2005թ.-ի սեպտեմբերի 22-ի համապատասխան որոշման մեջ, որի նպատակն է հստակեցնել առևտրական կցորդների, ներկայացուցիչների, մաքսային կցորդի և առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պահպանման ծախսերի նախահաշիվների հաստատման գործընթացը: Ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, դա բխում է կառավարության գործունեության ծրագրից և կոչված է պետական կառավարման համակարգն օպտիմալացնելուն: Ս. Կարայանի խոսքով՝ առաջարկվում է այդ գործընթացը վերապահել համապատասխան լիազոր մարմնի ղեկավարին: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ այն նույնպես կարևոր գործընթաց է: Ըստ վարչապետի՝ համապատասխան գերատեսչությունները, եթե ցանկություն ունեն ներկայացուցիչներ ունենալու, ապա վերջիններս էլ պետք է հոգան այդ ծախսերը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հաջորդ բյուջեի ժամանակ պետք է հիմնավորվի ներկայացուցիչ ունենալու ծախսը՝ ներկայացնելով դրա արդյունավետությունը: «Եվ ընդհանրապես, այն բարեփոխումները, որոնք մենք նախատեսում ենք և իրականացնելու ենք, ուղղված են լինելու այդ ամենին՝ կառուցվածքը պետք է լինի մաքսիմալ ֆունկցիոնալ, որի յուրաքանչյուր օղակ, յուրաքանչյուր պաշտոն պետք է հստակ արդյունք ապահովի»,-նշել է գործադիրի ղեկավարը:
Առավել նպաստավոր պայմաններ՝ գործարար միջավայրի զարգացման համար
Գործարար միջավայրի զարգացման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշմամբ առաջարկվում է, որպեսզի ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը վերապահվի մի շարք վճարովի ծառայություններ մատուցելու հնարավորություն: Ըստ հիմնավորման, նման անհրաժեշտությունն առաջացել է՝ ելնելով ավելացվող և (կամ) վճարների նոր չափեր նախատեսող ծառայությունների պահանջարկի շուրջ արդեն իսկ ձևավորված փորձից: Մասնավորապես, փորձը ցույց է տալիս, որ նշված ծառայություններն իրենց բնույթով շատ ավելի ծավալուն են, պահանջում են ավելի շատ աշխատանք և ռեսուրս: Փոփոխությունների և լրացումների նպատակը մատուցվող ծառայությունների ընդլայնումն է: Ըստ այդմ՝ նախատեսվում է առավել նպաստավոր պայմաններ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալելու նպատակ ունեցող անձանց համար, ինչպես նաև ավելացնել համապատասխան վճարովի ծառայությունների որակն ու դրանից օգտվողների քանակը: Վճարովի ծառայությունների քանակի ավելացումը նպատակ ունի խուսափել կոռուպցիոն հնարավոր ռիսկերից, ինչպես նաև բավարարել նշված ծառայությունների համար դիմող տնտեսվարող սուբյեկտների պահանջմունքները: Կարեն Կարապետյանը, անդրադառնալով հարցին, նշել է, որ նման դեպքերում, որպեսզի կոռուպցիոն ռիսկերն ու միջավայրը նվազի, քաղաքացուն պետք է տալ ընտրության հնարավորություն: «Մենք ՊԵԿ-ում էլ ենք քննարկում, որ որոշակի ծառայություններ ՊԵԿ-ը վճարովի տրամադրի, քանի որ ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ մի քանի բրոքերներ կարողանում են պայմանավորվել և շուկային թելադրել իրենց կանոնները: Պետությունը բիզնեսով չի զբաղվում, բայց պետությունն այլընտրանք է առաջարկելու, որպեսզի մեկ՝ ախորժակները զսպվի, երկրորդ՝ բրոքերների քանակը շատանա, որպեսզի մրցակցություն լինի և կոնսեսուսի գալու հնարավորությունը պակասի»,-ասել է վարչապետը:
Ներդրումային ծրագրի շրջանակում «Թայգր Գրուպ» ՍՊԸ կողմից ներմուծվող ապրանքների ցանկի հստակեցման անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ ընկերության գործունեությունն իր մեջ ներառում է երկու հիմնական նախագծեր, որոնցից մեկը` տարածաշրջանում ամենամեծ մարզաառողջարանային համալիրն է՝ հագեցած նորագույն սարքավորումներով, իսկ մյուսը` Հայաստանում նախադեպը չունեցող ընտանեկան ժամանցի փակ կենտրոնը: Այդ նպատակով ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 11.4 մլրդ ՀՀ դրամի չափով, որից 3.4 մլրդ ՀՀ դրամը՝ ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու համար: Արդյունքում կստեղծվի մոտ 280 աշխատատեղ: Անդրադառնալով արտոնությունների տրամադրմանը՝ վարչապետը հետաքրքրվել է, թե արդյոք կարգավորվել է այդ գործընթացի հետ կապված մեխանիզմը՝ պարտավորությունների կատարման ընթացքը ժամանակին վերահսկելու համար: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վախթանգ Միրումյանը պատասխանել է, որ համապատասխան մեխանիզմը դրված է, ինչը հստակեցնելու անհրաժեշտություն ունի: «Պետք է դառնա ավտոպիլոտ ռեժիմ: Այսօր ինչ-որ մեկը պարտավորություն ունի և չի վճարել, ձեր և իրենց մոնիտորների վրա դա երևա»,-ասել է Կարեն Կարապետյանը:
Կառավարության մեկ այլ որոշմամբ թույլատրվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությանը կազմակերպել պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի պատմամշակութային արժեք ներկայացնող իրերի ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանում:
Ապահովագրական ընկերությունների մասնաճյուղերին կամ գործակալներին կտրվի մաքսային կետերի տարածքում տեղակայվելու հնարավորություն
Մաքսային կետերի տարածքում ապահովագրական ընկերությունների մասնաճյուղերի կամ գործակալների տեղակայվելուն իրավական հնարավորություն տալու հանգամանքով պայմանավորված կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշման ընդունման դեպքում կապահովվեն համապատասխան իրավական հիմքեր` ապահովագրական ընկերությունների և գործակալների տեղակայումը ոչ միայն մաքսային կետին հարող տարածքում, այլ նաև մաքսային կետի տարածքում ապահովելու համար: Կարեն Կարապետյանը հանձնարարել է գործընթացը պահել ուշադրության կենտրոնում, որպեսզի ծառայությունների տրամադրումն իրականացվի թափանցիկ պայմաններում և հաճախորդներին տրվի ընտրելու հնարավորություն:
Ներկա պահին արտահանողների կողմից ներկայացված հայտերով ս.թ. առաջին եռամսյակում ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումներ: Մասնավորապես, կկանոնակարգվեն ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի դուրսգրման հետ կապված հարաբերությունները՝ սահմանելով դրանում պարտադիր ներառվող տվյալների շրջանակը:
ԱՄԷ քաղաքացիները կազատվեն ՀՀ մուտքի վիզայի պահանջից
Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի պահանջից կազատվեն: Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով թույլ կտրվի Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Հիմնավորման համաձայն, ՀՀ-ի և Ծոցի տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններն ու բազմակողմ համագործակցության դինամիկան տարեցտարի արձանագրում է նոր առաջընթաց: Տարեցտարի ավելանում է ԱՄԷ-ից ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գործնական նպատակներով Հայաստան ժամանողների թվաքանակը: Նման որոշման ընդունումը լրացուցիչ խթան կհանդիսանա առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա խթանման համար:
Միջազգային համագործակցություն
Գործադիրը համաձայնություն է տվել «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակում ՀՀ-ին տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին» 2015թ. մայիսի 21-ի համաձայնագրում փոփոխություն և լրացում կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: Համաձայնագրով Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված թվով վեց ուղղություններով (մաքսային վարչարարություն, տեխնիկական կարգավորումներ, սանիտարական, ֆիտոսանիտարական և անասնաբուժական միջոցառումներ, վիճակագրություն, արդյունաբերություն, ընդհանուր տեղեկատվական տարածքի կառուցում և ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծում) միջոցառումների իրականացման նպատակով Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրել էր մինչև 42 մլն ԱՄՆ դոլար և 130 մլն ռուբլի ընդհանուր գումարի չափով օժանդակություն: Անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու միջգերատեսչական համաձայնագրի գործողության ժամկետը, ինչպես նաև՝ վերաբաշխումներ կատարելու մնացորդային գումարի ծախսման ուղղություններում՝ այն ուղղելով հրատապ և անհրաժեշտ մի շարք միջոցառումների ֆինանսավորմանը:
Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Հայաստանի հանրային հեռուստատեսության արխիվային ձայնագրությունները թվայնացնելու համար նախատեսված սարքավորումների բարելավման ծրագրի համար» հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի շրջանակում ծրագրի իրականացմանը նպաստելու նպատակով Ճապոնիայի կառավարությունը շնորհելու է մոտավորապես 1,2 մլն ԱՄՆ դոլար:
Այլ որոշումներ
Կառավարությունն ընդունել է «Պետական գույքը մասնավորեցնելու մասին» որոշում, որի համաձայն մասնավորեցման է ներկայացվում ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության ենթակայության «Գեոէկոնոմիկա» ՓԲԸ-ն (հասցեն` ք. Երևան, Կոմիտասի 49), որն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում: Առաջարկվում է ընկերության 100 տոկոս պետական բաժնեմասը ներկայացնել մասնավորեցման աճուրդային եղանակով, բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գինը սահմանելով գնահատված արժեքի 100 տոկոսի չափ գումարով` 3 977 900 դրամով: Ընկերության գույքի մասնավորեցման արդյունքում կավելանան պետբյուջեի մուտքերը: Կարեն Կարապետյանն անդրադարձել է պետական բաժնեմաս ունեցող, պետական մասնակցություն ունեցող հիմնարկների հետ կապված բոլոր գերատեսչություններին, նախարարություններին տրված հանձնարարականին՝ ֆինանսական արդյունքներն ամփոփելու վերաբերյալ: Ըստ վարչապետի՝ ֆինանսական վատ արդյունք ունեցող և անմխիթար վիճակում գտնվող հիմնարկների վերաբերյալ պետք է համապատասխան որոշում կայացնել: Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է, թե արդյոք այդ ուղղությամբ աշխատանքներն ավարտել են: Ի պատասխան ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը նշել է, որ հանրապետական գործադիր մարմինների ներկայացրած առաջարկություններն արդեն ամփոփվել են:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գործունեությունը իրականացնելու համար կառավարությունը որոշել է Դիլիջանի ուսումնական կենտրոնն՝ իր շարժական և անշարժ գույքով, ամրացնել ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Լիազորված անձանց դատական գործերի մասնակցության օպերատիվությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունը լրացում և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: