չորեքշաբթի, 21 մարտի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է գործարարության աջակցման խորհրդում ռոտացիոն կարգով ընդգրկված գործարարներին, որոնք թվով 28-ն են և ներկայացնում են տարբեր ոլորտներ:
Հանդիպման մասին ՀՀ վարչապետը նշել էր գործարարության աջակցման խորհրդի վերջին նիստի ժամանակ՝ ընդգծելով քննարկվող հարցերի շուրջ խորհրդի կազմում ներկայումս ընդգրկված գործարար համայնքի 6 անդամից բացի նաև մյուսների տեսակետները, առաջարկները, դիտողությունները լսելու և հաշվի առնելու անհրաժեշտությունը: Հանդիպմանն Անդրանիկ Մարգարյանը գործարարներին տեղեկացրել է, որ խորհրդի որոշմամբ գործարար համայնքի անդամներից որևէ մեկի բացակայության դեպքում իրավունք է տրվել խորհրդի քարտուղարության ընտրությամբ տվյալ նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով հրավիրել ռոտացիոն կարգով՝ խորհրդում ընդգրկվելու համար հաստատված գործարարներից, որպեսզի նիստի օրակարգում քննարկվող հարցերին գործարար համայնքը ներկայացված լինի ամբողջական կազմով:
Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախագահի պաշտոնակատար Արսեն Ղազարյանը տեղեկացրել է, որ նշված գործարարներից ստեղծվել է նաև «28-ի ակումբ», որի նպատակն է խորհրդի նիստից նիստ ընկած ժամանակահատվածում օրակարգային հարցերի շուրջ ակտիվ աշխատանք ծավալելը, նիստերի քննարկումները արդյունավետ և գործնական դարձնելը:
Վարչապետի և գործարարների այսօրվա հանդիպմանը առաջարկվել է գործարարությանը խոչընդոտող պրոբլեմների բանկում, որի ստեղծումը կարևորվել էր դեռևս խորհրդի առաջին նիստում, ներառել ևս մի քանի խնդիրներ, որոնք խորհրդի աշխատանքային առանցքը պետք է դառնան և քննարկվեն ու լուծումներ գտնեն նրա նիստերում: