ուրբաթ, 18 հունիսի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է Հայաստանում 2004թ. անցկացվելիք համահայկական միջոցառումների նախապատրաստական աշխատանքների համակարգման կազմկոմիտեի նիստ, որտեղ քննարկվել են տարբեր ոլորտներում նախատեսված համահայկական միջոցառումների նախապատրաստման ուղղությամբ մինչ օրս կատարված աշխատանքը, առկա խնդիրները:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացվելիք համահայկական միջոցառումների ծրագրի վերաբերյալ, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը զեկուցել է, որ հունիսի 7-ին արդեն կայացել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և ՏՏ ձեռնարկությունների միության կողմից կազմակերպված Համահայկական ծրագրավորման մրցույթը, որին մասնակցել են ոչ միայն երիտասարդ ծրագրավորողներ Հայաստանից, այլև սփյուռքի ներկայացուցիչներ: Մրցութային խնդիրները ուղարկվել էին Սփյուռքի մոտ 14 գաղթօջախներ:
Մրցույթի արդյունքում ընտրված լավագույն 30 մասնակիցները մասնակցել են Ծաղկաձորի հանգստյան տներից մեկում կազմակերպված 5-օրյա ամառային դպրոցի դասընթացներին՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհի առաջատար ընկերությունների (Lycos, Xerox, Intel) մասնակցությամբ:
Ըստ նախարարի, հունիսի 28-30-ին կկայանան Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և ՏՏ ձեռնարկությունների միության կողմից կազմակերպվող երկու միջոցառում՝ "Բաց աղբյուր" (Open Source) ծրագրի շրջանակում սեմինար և Ներդրումային կոնֆերանս: Վերջինս հանդիսանում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից նախաձեռնված Ձեռնարկատիրության խթանման դրամաշնորհային մրցույթի եզրափակիչ փուլ: Միջոցառումներին մասնակցության հայտ են ներկայացրել բազմաթիվ արտասահմանյան հյուրեր և մասնագետներ, ընդ որում ոչ միայն Սփյուռքի ներկայացուցիչներ, այլև փորձագետներ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայից, ԱՄՆ-ից:
Հրավիրված Սփյուռքահայ փորձագետներից երկուսը, Կ. Ճշմաիրտյանի հավաստմամբ, ընդգրկվել են նաև Ներդրումային կոնֆերանսի Գնահատող հանձնաժողովի կազմում:
Հաջորդ համահայկական միջոցառման՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի ծրագիրը նախատեսված է օգոստոսի 14-23-ը: Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդման, հայկական մշակույթի միասնական ներկայացման, համագործակցության զարգացման և խորացման նպատակով կազմակերպվող համահայկական առաջին այս մշակութային փառատոնի միջոցառումները նախատեսում են մշակույթի բազմաժանր ներկայացումը Հայաստանում և ԼՂՀ-ում՝ մշակույթի և արվեստի ներկայացուցիչների, աշխարհասփյուռ հայության մասնակցությամբ: Կազմկոմիտեի նիստում ծրագրի նախապատրաստական աշխատանքները ներկայացրել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանը: Վարչապետը հանձնարարել է նախարարությանը՝ նախատեսված միջոցառումներից բացի, ծրագրում մանրամասն նշել դրանցից յուրաքանչյուրի կատարման համար պատասխանատուին, անհրաժեշտ ֆինանսական միջոցները և դրանց հայթայթման աղբյուրները: Լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման համար ևս հանձնարարվել է ակտիվացնել աշխատանքները՝ հույսը չդնելով միայն «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի կողմից հավաքագրվելիք գումարների վրա, որի խնդիրը հնարավորինս աջակցելն է փառատոնի անցկացմանը:
Հաջորդ շաբաթվա վերջին, ՀՀ վարչապետի մոտ այս ծրագրի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ ևս մեկ քննարկում կհրավիրվի՝ տրված հանձնարարականների կատարման ընթացքին անդրադառնալու նպատակով:
Կրթության բնագավառում նախատեսվող «Համահայկական կրթական առաջին խորհրդաժողով»-ը կանցկացվի օգոստոսի 27-30-ին: ՀՀ կրթության և գիտության նախարար Սերգո Երիցյանը կազմկոմիտեի նիստի մասնակիցներին ներկայացրել է ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցառումները և խորհրդաժողովի նախահաշիվը:
Այս տարի համահայկական միջոցառում է ծրագրված նաև գյուղատնտեսության բնագավառում. «Հայագրոֆորում» առաջին միջազգային համաժողովը հրավիրվելու է հոկտեմբերի 28-30-ին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, միջոցառման նախպատրաստական աշխատանքների թվում, ներկայացրել է մինչ այժմ շահագրգիռ միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների, սփյուռքահայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ նախարարության վարած բանակցությունների արդյունքները, համաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառումները: Ըստ նրա, համաժողովի վերաբերյալ տեղեկությունները կտեղադրվեն նաև այդ նպատակով պատրաստվող համաժողովի պաշտոնական ինտերնետային էջում: