Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 ապրիլի 2017

Կառավարությունը գնում է պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 50 մլրդ ՀՀ դրամով ավելացնելու քայլին










Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում նախքան օրակարգային հարցերի քննարկումը գործադիրի ղեկավարը հանդես է եկել աշխատանքային արտակարգ ռեժիմի անցնելու վերաբերյալ հայտարարությամբ: «Անցել են ընտրությունները շատ ավելի հանդուրժողական մթնոլորտում: Մեր թիմը ստացել է մեր երկրում փոփոխություններ անելու քվե: Իմ հորդորը մեր բոլոր թիմակիցներին հետևյալն է՝ աշխատանքային ռեժիմի, համապատասխան ջանքերի, պատասխանատվության և բոլոր գործողությունների մասով հայտարարում ենք արտակարգ իրավիճակ: Ուրախացնում եմ ձեզ, որ մեր ռեժիմն ավելի է ծանրանում»,- ասել է վարչապետը։
Այնուհետև գործադիրի ղեկավարը հանձնարարականներ է տվել գերատեսչությունների ղեկավարներին, ապա խոսքը փոխանցել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին: Ֆինանսների նախարարն անդրադարձել է տնտեսական զարգացումներին և նշել, որ կառավարությունը գնում է պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 50 մլրդ ՀՀ դրամով ավելացնելու քայլին:
«Անցած տարի, երբ ներկայացնում էինք 2017 թվականի պետական բյուջեն և Ազգային ժողովում, և հանրության հետ հաղորդակցվելիս բազմիցս նշեցինք, որ 2017-ի բյուջեով նախատեսվող կապիտալ ծախսերը, բնականաբար, մեզ համար բարձր հավակնություն չեն: Եվ եթե տնտեսական իրավիճակն ավելի լավ լինի, քան ակնկալում ենք, և մեր ջանքերի արդյունքում հարկահավաքումը շատ ավելի բարձր լինի քան դրված է 2017-ի բյուջեում, հավաքագրված լրացուցիչ միջոցները կվերաուղղենք կապիտալ ծախսերին: Ինչո՞ւ, որովհետև 3,2 տոկոս տնտեսական աճը, մի քանի անգամ նշվել է, որ դա մեր թիմի ամբիցիան չէ, մեր թիմի ամբիցիան շատ ավելի բարձր տնտեսական աճն է: Մենք միջնաժամկետում հավակնում ենք ունենալ շատ ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշներ: Դրա համար շատ կարևոր է, որ լրացուցիչ միջոցները մենք վերաուղղենք հատկապես կապիտալ ծախսերին: Մենք փոխվարչապետի մոտ մի քանի փուլով և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ, և մեր գործընկերների հետ քննարկումներ ենք ունեցել, որպեսզի նախապատվություն տանք արտաքին ֆինանսավորմամբ այն ծրագրերին, որոնք կապիտալ բնույթի են և կարող են ունենալ արագ տնտեսական էֆեկտ: Այդ վարժությունն ավարտված է. շուրջ 98-ի միլիոն դոլարի չափով մենք առանձնացրել ենք այն ծրագրերը, որոնք կարելի է այս տարի իրականացնել, սակայն պետք է հաշվի առնել նաև մի երևույթ, որ երբ 98 մլն դոլար մենք արտաքին ֆինանսական կազմակերպություններից վերցնում և ծախս ենք կատարում, դա որոշակիորեն ազդում է նաև պարտքի և դեֆիցիտի ցուցանիշի վրա: Մյուս կողմից, քանի որ ասել ենք, որ պարտքի ցուցանիշը միջնաժամկետում կայունացնելը մեզ համար առաջնահերթություն է, կարևոր է, որպեսզի կարողանանք արդյունավետ այդ նպատակին հասնենք: Այստեղ ունենք նաև լավ լուր. դա մեր հարկահավաքման ցուցանիշն է առաջին եռամսյակում: Մենք 1 տրիլիոն 135 միլիարդ դրամի ադեկվատ ծրագիրը գերակատարել ենք, որը դրված էր եռամսյակային կատարման համար, այսինքն՝ գերակատարել ենք ծրագիրը 11,5 մլրդ ՀՀ դրամով: Սա նշանակում է, որ եթե այդ վարքագիծը մենք կարողանանք պահպանել, իսկ կարծում ենք, որ մեր ՊԵԿ-ի գործընկերները բավականին ագրեսիվ են, որպեսզի բարեփոխումներն իրականացվեն հարկայինն ու մաքսային վարչարարության ոլորտում, մեզ համար հասանելի կլինի շատ ավելի բարձր ցուցանիշ: Տարվա համար շուրջ 50 միլիարդով մենք կարող ենք բարձրացնել հարկային եկամուտները և միևնույն ժամանակ այդքան էլ կատարենք կապիտալ ծախսեր, որպեսզի 2018 թվականին կարողանանք շատ ավելի բարձր թիրախավորել տնտեսական աճի ցուցանիշը: Իհարկե, այստեղ պետք է հաշվի առնել նաև որոշակի ռիսկեր. մենք ընդունում ենք, որ շատ բարձր ցուցանիշ ենք սահմանում ՊԵԿ-ի մեր գործընկերի համար և ամեն ինչ կանենք, որպեսզի այն բարեփոխումները, որը Դուք հանձնարարել եք և որը ՊԵԿ-ի մեր գործընկերները իրականացնելու են, նաև ֆինանսների նախարարությունը կփորձի օժանդակել, որպեսզի շատ արագ դա կյանքի կոչվի: Եթե տարվա համար նախագծված հարկերի ծրագիրը շուրջ 50 մլրդ-ի չափով ավելացնում ենք և դրա արդյունքում 1 տրիլիոն 187 միլիարդի կատարման մասով մենք ունենանք դժվարություններ, բնականաբար, մենք ընթացքում ճշգրտում կանենք ծախսերի ցուցանիշում, որպեսզի պարտքի ցուցանիշը մեզ մոտ գերաճ չլինի և միևնույն ժամանակ մենք չունենանք ավելի բարձր պակասուրդ: Այդ պարագայում, պարոն վարչապետ, ես կխնդրեմ Ձեր հանձնարարականը բոլոր գերատեսչություններին, որոնք մասնակցել են փոխվարչապետի մոտ քննարկումներին, որպեսզի մեկշաբաթյա ընթացքում շատ արագ ներկայացնեն բյուջետային հայտերը, որովհետև այս կապիտալ ծախսերն անելու համար անհրաժեշտ է իրավական հիմք և այդ իրավական հիմքը դա փոփոխություն է 1313-Ն որոշման մեջ: Ֆինանսների նախարարությունը Ձեր հանձնարարությամբ ամբողջությամբ դրանք կամփոփի՝փոփոխություն մտցնելով 2017թ. բյուջեում, որն էլ մի կողմից թույլ կտա, որպեսզի այդ կապիտալ ծախսերը 2017թ. արդեն մեկնարկեն , իսկ մյուս կողմից՝ բյուջեն կբալանսավորենք »:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է. «Նախ՝ ՊԵԿ-ի աշխատանքի առաջին եռամսյակը լավ ենք գնահատում, ինչը մեզ իրավունք է տվել նման գործողությունների գնալ: Երկրորդ՝ մենք այս քայլին գիտակցաբար գնում էինք և հատուկ ընտրություններին հաջորդող կառավարության նիստին ենք ասում, որպեսզի որևիցե մեկը մեզ չմեղադրի, որ մենք պոպուլիզմով ենք զբաղվում: Այս լուծումը մեզ մոտ նախապատրաստված էր մինչև ընտրություններ: Երրորդ՝ մենք շատ լավ գիտակցում ենք, որ ՊԵԿ-ի առջև բավականին ծանր խնդիր ենք դնում: Սա ընդհանրապես աննախադեպ է: Պլանը գերակատարելու պարագայում մենք պլանը փոխում ենք: Չորրորդ՝ մենք սպասում ենք ՊԵԿ-ից 2-րդ փուլի բարեփոխումների ծրագիրը և ամեն ինչով աջակցելու ենք: Հինգերորդ՝ մենք շատ լավ գիտակցում ենք, թե ինչ խնդիր ենք դրել և տարվա վերջ, գնահատական տալուց հաշվի ենք առնելու բոլոր այս փոփոխությունները»:

 

Քայլեր կձեռնարկվեն ընկերությունների մասնավորեցման գործընթացն
արդյունավետ իրականացնելու ուղղությամբ

 

Կառավարությունն ընդունել է մեկ միասնական որոշում, որով պետական կառավարման մարմինները ձեռնպահ կմնան մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերություններին, ինչպես նաև կառավարության որոշումներով լուծարման գործընթացում գտնվող կազմակերպություններին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելուց: Եղել են դեպքեր, երբ ընկերության մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների իրականացման ընթացքում, տվյալ ընկերությանը սնանկ ճանաչելու դիմում է ներկայացվել դատարան և արգելանք է դրվել ընկերության ակտիվների վրա, ինչը հնարավորություն չի տվել արդյունավետ իրականացնել ընկերության մասնավորեցման գործընթացը: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն պետական մարմինների կողմից սնանկության դիմում կարող է չներկայացվել, եթե առկա է տվյալ անձին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին ՀՀ կառավարության որոշումը:
Կարեն Կարապետյանի հարցին ի պատասխան՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը պատասխանել է, որ բոլոր ձեռնարկությունները ներկայացրել են պետական կապիտալի վերաբերյալ հաշվետվություններ: Դրանց վերաբերյալ վարչությունն առաջարկություններ կներկայացնի: Վարչապետը հիշեցրել է նաև գույքի օտարումից սպասվող ակնկալիքների վերաբերյալ հանձնարարականը: «Ես ձեզանից ակնկալում եմ բարեփոխումների ծրագիր: Դրա իրականացման արդյունքում ակնկալում եմ, որ վարչությունը կդառնա կոմերցիոն առումով լավ գործակալություն, որը կկառավարի մեր գույքերը, հստակ կհետևի մեր կառավարիչներին, ակցիաներին, մեր ունեցվածքին»,-ընդգծել է Կարեն Կարապետյանն ու հավելել, որ կապիտալի շուկայում փոփոխություններ արձանագրելու առումով էլ ակնկալում է Կենտրոնական բանկի աջակցությունը: «Չինովնիկ կարգավիճակից դուրս եք գալիս, դառնում եք ագրեսիվ գործակալություն»,-նշել է կառավարության ղեկավարը:


Սպառողների իրավունքներն ավելի կամրապնդվեն և կհստակեցվեն


ՀՀ-ում էլեկտրոնային առևտրի իրավական կարգավորման շրջանակում ընդունվել է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը, որով վերանայվել են պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու սպառողի (գնորդի) իրավունքը: Մասնավորապես, հստակեցվել են վերադարձման կամ փոխարինման ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքներին ներկայացվող պահանջները: Ըստ այդմ՝ հստակ սահմանվել է պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը 14 օրվա ընթացքում սպառողի վերադարձնելու իրավունքը: Նմանօրինակ ապրանքներով փոխարինման ոչ ենթակա պատճաշ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկի հետ կապված իրավական ակտերի հստակեցման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Այսպիսով՝ որոշումը կնպաստի սպառողների իրավունքներն ավելի ամրապնդելուն և հստակեցնելուն:
Կառավարության որոշմամբ հաստատվել է էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված էլեկտրոնային ձևով գնումների կատարման հետ կապված հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված: Միաժամանակ հաշվի առնելով, որ ներկայումս հնարավոր է ընդլայնել էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով կազմակերպվող գնումների շրջանակը, որոշմամբ նախատեսվում է նաև օրենքի իմաստով պատվիրատու հանդիսացող պետության կամ քաղաքային համայնքների կամ պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ստեղծված հիմնադրամների կամ ձևավորված միավորումների (միությունները) և պետական ոչ առևտրային կամ պետության՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների վերակազմակերպման միջոցով վերակազմավորված հիմնադրամների կողմից իրականացվող գնումները ևս իրականացնել էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի միջոցով:


Կբարձրանա հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը

Գործադիրը հավանություն է տվել ««Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով կամրագրվի ոստիկանության` ԴՆԹ նույնականացման հաշվառումներ վարելու իրավունքը: Անհրաժեշտ իրավական և կազմակերպչական աշխատանքների իրականացումից և համակարգի շահագործման արդյունքն ամփոփելուց հետո, երբ ակնհայտ կլինեն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման աշխատանքներում հաշվառման այս տեսակի արդյունավետությունը, կներկայացվեն առաջարկություններ անհայտ կորածների, չճանաչված դիակների, սպանությունների համար դատապարտված անձանց նույնականացման համար անհրաժեշտ մեխանիզմների մասին: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս ՀՀ-ում իրականացվում են ԴՆԹ տվյալների նույնականացման ծրագրի ներդրման և շահագործման աշխատանքներ: Նախատեսվում է հաշվառման վերցնել մեղադրյալներից, հանցագործության դեպքի վայրից վերցված և դատագենետիկական փորձաքննությունների ընթացքում նույնականացված ԴՆԹ բնութագրերը: Տարիների ընթացքում, երբ ԴՆԹ բնութագրերը քանակական իմաստով մեծ ծավալ կկազմեն, ՀՀ ոստիկանությունը կարող է, համեմատական հետազոտման համար վերցված կենսաբանական ծագման նմուշների և հաշվառման մեջ գտնվող նմուշների համեմատական հետազոտում կատարելով, քրեական վարույթն իրականացնող մարմնին տրամադրել որոնվող անձի տվյալները:


Ներկայացվել են աղետների ռիսկի կառավարման ոլորտի զարգացման միտումները

Կառավարությունը հավանություն է տվել Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությանը և դրա իրականացման գործողությունների ծրագրին: Ըստ այդմ՝ սահմանվել են աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության գերակա ուղղությունները և թիրախները: Ազգային ռազմավարությունը համապատասխանեցվել է Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրին, ներկայացվել են աղետների ռիսկի կառավարման ոլորտի զարգացման միտումները, որոնք հնարավորություն են ընձեռում ավելի մեծ ուշադրություն դարձնել աղետների ռիսկի առաջացման արմատական պատճառներին` ինչպիսիք են աղքատությունը, կլիմայի փոփոխությունը, չպլանավորված, արագ ուրբանիզացիան և այլն: Արդյունքում ակնկալվում է Հայաստանը դարձնել աղետներին դիմակայուն երկիր՝ նվազեցնելով աղետներից մարդկանց կյանքին և առողջությանը, երկրի տնտեսությանը և համայնքներին սպառնացող կորուստներն ու վնասները` ձևավորելով ամուր հիմքեր երկրի կայուն զարգացման համար:
ՀՀ տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման կազմակերպման գործընթացները կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Այլ որոշումներ


Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության 2017թ. հունվարի 12-ի «ՀՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» համապատասխան որոշման (09.01.2017 – 31.03.2017 թթ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման մասին տեղեկանքը: Ըստ այդմ՝ կատարման ենթակա թվով 36 կետից 2017թ. մարտի 31-ի դրությամբ կատարվել են 36-ը կամ 100 տոկոսը:
Կառավարության որոշմամբ ապրիլի 17-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 6` շաբաթ օր: Որոշման նպատակն է հնարավորություն ընձեռել ՀՀ քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` ապրիլի 16-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:
Գործադիրը հաստատել է օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավատարմագրում իրականացնող միջազգային կազմակերպությունների ցանկը: «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքի համաձայն օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստումն իրականացնում է սերտիֆիկացման մարմինը «օրգանական» կամ «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկատ տալու միջոցով: Սերտիֆիկացման մարմնին հավատարմագրում են ՀՀ կառավարության հաստատած ցանկում ներառված օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավատարմագրում իրականացնող միջազգային կազմակերպությունները: Մինչ օրս միջազգային այդ կազմակերպությունների ցանկը հաստատված չէր:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ