ուրբաթ, 18 հունիսի 2004
ՀՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Վկայակոչելով կառավարության կողմից հաստատված այդ հիմնադրամի կանոնադրությունը, ըստ որի հիմնադրամի գործունեության առարկան և նպատակը մշակույթի պահպանման տարածման ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը և ու մշակույթի գործիչների սոցիալական պաշտպանության իրականացումն է, վարչապետը հույս է հայտնել, որ մշակույթի բնագավառի, ինչպես նաև պետական համապատասխան մարմինների ներկայացուցիչներից ու գործարարներից կազմված խորհուրդը կկարողանա իրագործել իր առջև դրված խնդիրները, որոնք ևս հստակ ներկայացված են հիմնադրամի կանոնադրության մեջ և անչափ կարևոր առաքելություն ունեն:
Հոգաբարձուների խորհրդի անդամները ողջունել են հիմնադրամի ստեղծման գաղափարն ու առաջադրված նպատակները, վստահեցնելով, որ իրենց կարողությունների չափով կնպաստեն նշված խնդիրների լուծմանը:
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն այսօրվա նիստում խորհրդի նախագահ է ընտրել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Կարինե Խոդիկյանին՝ նկատի առնելով նաև այն հանգամանքը, որ հիմանդրամի անունից հանդես եկող պետական կառավարման մարմինը Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունն է:
Խորհուրդը նաև իր ընտրությամբ վերահաստատել է կառավարության որոշմամբ հաստատված հիմնադրամի գործադիր տնօրենի՝ Թամարա Պողոսյանի թեկնածությունը: Այնուհետև, տիկին Պողոսյանը հոգաբարձուների խորհրդին է ներկայացրել հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքն ու հաստիքացուցակը, որը ղեկավար մարմինը հաստատել է: