Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 13 ապրիլի 2017

ՀՀ կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի միջև փոխըմբռնման հուշագիր կստորագրվի










Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, մի շարք հանձնարարականներ է տվել:
Հայաստանի կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև կստորագրվի ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի համատեղ իրականացման մասին փոխըմբռնման հուշագիր: Ֆոնդի հետ ՀՀ կառավարության համագործակցությունը հնարավորություն կընձեռի կենտրոնացնել մեծածավալ մասնավոր ներդրումներ և դրանք ուղղել Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների զարգացմանը, ինչպիսիք են էներգետիկան, այդ թվում այլընտրանքային էներգիայի արտադրությունն ու էներգետիկ ենթակառուցվածքները, զբոսաշրջային ենթակառուցվածքները, հանքարդյունաբերությունը, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները (ՏՀՏ), մշակող արդյունաբերությունը: Ֆոնդը կլինի ՀՀ կառավարության գործընկերը «պետություն-մասնավոր հատված» գործակցության իրականացման գործում, ներդրումային ծրագրերում կմասնակցի սեփական միջոցներով` կիսելով ռիսկերը: Ֆոնդը կդառնա արտաքին ներդրումների ներգրավման կատալիզատոր` ստեղծելով խոշոր նախագծերի ֆինանսավորման իրական հնարավորություն, ինչը կնպաստի տնտեսական աճի տեմպերի արագացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ֆոնդը բարենպաստ պայմաններ կստեղծի անհատ ներդրողների համար, կիրականացնի ռիսկերի հավասարակշռման գործառույթ: Չլինելով մրցակից առևտրային բանկերի համար` ներդրողների համար ֆոնդը կապահովի ներդրումների դիվերսիֆիկացիա՝ նվազեցնելով ռիսկերը: Կարեն Կարապետյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Ֆոնդը ոչ միայն նպաստելու է ներդրումների ներգրավմանը, այլև բերելու է բիզնեսի նոր մշակույթ: Ֆոնդի անդամները բավականին ճանաչված, հաջողակ բիզնեսմեններ են, ունեն լայն շրջանակներ, բազմաթիվ գործընկերներ տարբեր երկրներում, և նրանք հանդիսանալու են կամուրջ մեր և այդ երկրների բիզնես համայնքի միջև: Մաքսիմալ աջակցություն ենք ցուցաբերում ֆոնդի կայացմանը ու սերտ համագործակցում»:

Լիցենզավորման պահանջը կհանվի գործունեության 4 տեսակների համար


Գործադիրի հավանությանն է արժանացել «Լիցենզավորման մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը: Առաջարկվող նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ կառավարության որդեգրած՝ տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին և բիզնեսին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման քաղաքականության համատեքստում: Վերոնշյալ նպատակների իրականացումը սերտորեն կապված է լիցենզավորման բնագավառում գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման, ընթացակարգերի պարզեցման, ինչպես նաև մաքսային բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորման պահանջը հանելու հետ: Նախագծերի ընդունմամբ առավել արդյունավետ, նվազ ժամանակատար և օպտիմալ ընթացակարգ կնախատեսվի լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների համար, կիրականացվի լիցենզավորման լիազորությունների կենտրոնացում համապատասխան ոլորտային իրավասու մարմիններում: Բացի այդ, կհանվի մաքսային բնագավառում ընդգրկված` լիցենզավորման ենթակա գործունեության բոլոր 4 տեսակների (մաքսային և ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանություն, անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացում, մաքսային փոխադրողի գործունեություն և մաքսային հսկողության տարածքների կազմակերպում) համար լիցենզավորման պահանջը: ՀՀ տարածքում գործունեության Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առքուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման որոշ տեսակների իրականացման համար կներդրվի ծանուցման մեխանիզմ: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է տնտեսական գործունեություն ծավալելու պայմանների բարելավման նպատակով լիցենզավորման բնագավառում առկա խնդիրների լուծում, ընթացակարգերի պարզեցում և տնտեսվարող սուբյեկտների ծախսերի կրճատում: Գործադիրի ղեկավարը կարևորել է օրինագծերի ընդունումը և հանձնարարել նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն ներկայացնել բիզնես միջավայրին:
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է 2017թ. հուլիսի 1-ից կիրառությունից հանել «2013» և «2014» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը և 2018թ. հուլիսի 1-ից արգելել նշված թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված արտադրանքի իրացումը:


Կիրականացվեն պետական պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկան ակտիվացնելուն միտված միջոցառումներ


Պետական պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկան (նաև մանրածախ վաճառքի շուկան) ակտիվացնելուն միտված միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Միևնույն ժամանակ, խնայողական պարտատոմսերի հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման ձևաչափը համապատասխանեցվում է այլ պետական գանձապետական պարտատոմսերի հետ կապված իրավահարաբերությունների կարգավորմանը: Նախատեսվում է գանձապետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումն իրականացնել ժամանակակից ծրագրային լուծումներով և պարտքի կառավարման գործիքներով գործարքներ իրականացնելու հնարավորություններով օժտված առևտրային հարթակի միջոցով: Պարտատոմսերով գործարքները կիրականացվեն (T+n) սկզբունքով` հետաձգելով գործարքի իրականացման օրն աճուրդի օրից, ինչը պետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցներին հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել իրենց դրամական միջոցները: Առաջնային տեղաբաշխումը կիրականացվի մրցակցային առաջարկությունների հիման վրա, իսկ աճուրդի միջին կշռված եկամտաբերությամբ պարտատոմսեր կվաճառվեն միայն աճուրդի ժամանակ պարտատոմս գնած գործակալներին ու մանրածախ վաճառքի գանձապետական պահառու համակարգի ներդրողներին: Կարճաժամկետ պարտատոմսերի յուրաքանչյուր թողարկում կտեղաբաշխվի վերաբացումների միջոցով (ինչպես ներկայումս տեղաբաշխվում են միջնաժամկետ և երկարաժամկետ պարտատոմսերի թողարկումները)՝ մեկ թողարկմամբ համախմբելով տարբեր ժամկետայնության կարճաժամկետ պարտատոմսերը: Առցանց համակարգով գանձապետական պահառուի միջոցով պարտատոմսերի վաճառքի կազմակերպումը կնպաստի մանրածախ վաճառքի ներդրողների շրջանակի ընդլայնմանը, ներդրման ծավալների ավելացմանը: Կարեն Կարապետյանը նշել է, որ այս հարցում ակնկալում է դրական արդյունքներ Ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի համագործակցությունից. «Կապիտալի շուկային մաքսիմալ պետք է ուշադրություն դարձնենք»:
ԾԻԳ-երի կողմից իրականացվող արտաքին ֆինանսավորմամբ նպատակային վարկային ծրագրերի 2017թ. կանխատեսումների քննարկման արդյունքներով՝ ծրագրերի տարեկան ծախսերի չափաքանակների վերանայման անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ցուցանիշների նախատեսման համար հիմք է ընդունվել քննարկման արդյունքները և այդ կապակցությամբ ԾԻԳ-երի ներկայացրած տեղեկատվությունը: Հիմնավորման համաձայն՝ ԾԻԳ-երի կողմից իրականացվող արտաքին ֆինանսավորմամբ նպատակային վարկային ծրագրերի 2017թ. ցուցանիշները ծրագրավորված էին դեռևս 2016թ.՝ հաշվի առնելով ինչպես նախորդող, այնպես էլ տվյալ պահի դրությամբ հաջորդող տարիների հարկաբյուջետային ցուցանիշների դինամիկան, պետական բյուջեի դեֆիցիտի և արտաքին պետական պարտքի սահմանափակումները: Հաշվի առնելով ՀՀ 2017թ. պետբյուջեի եկամուտների հավաքագրման դինամիկան, դրա գծով սպասվող դրական ազդակներն ու զարգացումները, իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության խթանող բնույթը, ինչպես նաև ենթակառուցվածքային ծրագրերի գծով ստանձնված պարտավորությունների առկայությունը, տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող նպատակային ծրագրերի ծախսերի (հիմնականում կապիտալ բնույթի) ավելացման համար որոշմամբ արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող նպատակային վարկային ծրագրերի 2017թ. ծախսային ցուցանիշներն ավելացվում են 57.11 մլրդ ՀՀ դրամով, այդ թվում՝ 47.28 մլրդ ՀՀ դրամ վարկային միջոցներ և 9.83 մլրդ ՀՀ դրամ ՀՀ կառավարության համաֆինանսավորում՝ ընդհանուր ծախսային ցուցանիշին համապատասխան ավելացնելով նաև պետբյուջեի եկամտային ցուցանիշները: Արդյունքում՝ ՀՀ 2017թ. պետբյուջեի դեֆիցիտի ծրագրային մակարդակը մնում է անփոփոխ: Անդրադառնալով հարցին՝ վարչապետը նշել է. «Կարևոր գործ ենք սկսել: Իրականում մենք շատ համարձակ պլան ենք դրել, որ 57,11 միլիարդ դրամով ավելացնում ենք սեփական եկամուտները : Այն որոշումներն ու առաջարկությունները, որոնք ՊԵԿ-ը բերել է ավելացված արժեքի հարկի գերավճարների վերադարձի հետ կապված, թե արտահանող, թե ներքին շուկայում, մեր սեփական եկամուտների վրա լրացուցիչ բեռ է դնում: Այնպես որ ՊԵԿ-ը պատրաստ է, շատ համարձակ գնում ենք առաջ»:
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկվում է լուծարել ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը և դրանով պայմանավորված փոփոխություն կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Լուծարվող կենտրոնի որոշ գործառույթներ կիրականացի ՀՀ ֆինանսների նախարարությունը:


Առավել բարենպաստ պայմաններ՝ գյուղատնտեսական գործունեության համար

Կառավարությունը հավանություն է տվել Բնակլիմայական աղետներից գյուղատնտեսության վնասների կանխարգելման հայեցակարգին, որի հիմնական նպատակը բնակլիմայական աղետներից գյուղատնտեսության դիմակայունության մակարդակի բարձրացման, ոլորտի ռիսկերի մեղմման ու հասցվող վնասների կանխարգելման բնագավառում քաղաքականության հիմնական ուղղությունների կանխորոշումն է: Հիմնավորման համաձայն, ՀՀ-ում բնական տարբեր աղետներից` գարնանային ցրտահարություններից, կարկտահարությունից տարեկան վնասվում են 30-35 հազ. հեկտար գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների տարածքներ, որը խիստ բացասաբար է անդրադառնում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարողների հետագա արտադրական գործունեության ու սոցիալական վիճակի վրա: Բնակլիմայական աղետների վնասների կանխարգելման ներկա վիճակի վերլուծությունը վկայում է, որ այս բնագավառում հրատապ անհրաժեշտություն է պետական քաղաքականության հստակեցումը և վերջինիս հիման վրա համապատասխան միջոցառումների իրականացումը: Փաստաթղթով ներկայացվում են բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման հիմնական ուղղությունները, դրանց իրականացման մոտեումները, հայեցակարգի իրականացման ռիսկերը և դրանց մեղմման հնարավորությունները, ակնկալվող արդյունքները: Կարեն Կարապետյանը կարևորել է հայեցակարգով նախատեսվող քայլերը և նշել. «Շատ լավ բան եք նախատեսել: Այս միջոցառումների մեջ ներառված է ապահովագրումը, ոռոգման համակարգի բարելավումը, կարկտապաշտպան միջոցների՝ ցանցերի հարցը, հողատեսքերի հակահեղեղային պաշտպանությունը, սերմնաբուծությունը: Վստահ եմ՝ խելացի համակարգ է, և ոլորտում շատ բարելավելու բան ունենք: Ձեզնից ակնկալում ենք որակապես փոխել այդ համակարգը: Նրա մուլտիէֆեկտը լինելու է անկանխատեսելի»:
Կառավարությունն ընդունել է «Մի շարք փակ բաժնետիրական ընկերություններ լուծարելու մասին» որոշում: Այն պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում առկա տարբեր ֆինանսավորման աղբյուրներ ունեցող ծրագրերի մեկ միասնական մարմնի կողմից իրականացման, գյուղացիական տնտեսություններին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շրջանակի ընդլայնման, գյուղատնտեսության ոլորտում դոնորների կողմից իրականացվող ծրագրերի համակարգման, արդյունավետ գյուղատնտեսության զարգացման, ռեսուրսների օպտիմալ բաշխման անհրաժեշտությամբ: Նախատեսվում է ստեղծել թիրախավորված խորհրդատվություն, որը կապահովի գյուղատնտեսության ոլորտի դերակատարների կարողությունների զարգացումը, կմատուցի բարձրակարգ մասնագիտացված ծառայություններ, կօժանդակի նորարարության, նոր տեխնոլոգիաների, գիտելիքների ներդրմանը, կմատուցի գյուղացիական տնտեսությունների կայացմանը, առևտրայնացմանը զարգացմանը և արդիականացման ուղղված խորհրդատվություն և ծառայություններ: Վարչական ապարատի օպտիմալացման, պահպանման ծախսերի կրճատման, այդ թվում՝ ավտոմեքենաների թվաքանակի, արդյունքում հնարավոր կլինի խորհրդատուների վարձատրություն բարձրացնել մոտ երկուսուկես անգամ: Որոշման ընդունման արդյունքում նախատեսվում է 241 հաստիքի փոխարեն հիմնադրամում սահմանել 140-150 հաստիք, ընդ որում բուն մասնագիտական գործունեություն իրականացնող խորդհրդատուների քանակը նվազեցնել ընդամենը մոտ 20 հաստիքով: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետը նշել է. «Մենք ունեինք մի համակարգ, որը պետք է կրթեր մեր գյուղատնտեսին: Համակարգը համարում ենք ոչ էֆեկտիվ, որովհետև դրա արդյունքում ունենք 352 ֆերմեր ու կոոպերատիվ: Համակարգը վերացնում ենք, դրա փոխարեն ստեղծում ենք սպեցնազ: Ամեն տարվա վերջ հաշվետվություն ենք տալիս, թե քանի ֆերմեր և կոոպերատիվ ունենք, քանի գյուղատնտեսի աչքեր է սկսել փայլել: Գյուղատնտեսության նախարարը շատ համարձակ բարեփոխումներ է սկսել, մենք իրեն ամեն ինչով աջակցելու ենք»:
Կառավարությունը սահմանել է գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության պետական ծրագրի մշակման և հաստատման կարգը, գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները: ՀՀ կառավարության գործունեության ծրագրով, ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարությամբ կարևորվել է կոոպերացիայի զարգացումը:

 

Աջակցություն կստանան հերթական ներդրումային ծրագրերը


Կառավարության որոշմամբ «Երևանի քիմիա-դեղագործական ֆիրմա» ԲԲԸ կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից: Ներմուծվող սարքավորումն ընկերությունն օգտագործվելու է դեղագործության ոլորտում։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 1 մլրդ 300 մլն ՀՀ դրամ, որն իրացվելու է ԵԱՏՄ այլ անդամ երկրներում։ Ներկայումս ստեղծված է 176 աշխատատեղ՝ 140 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Նախատեսվում է ստեղծել 15-20 նոր աշխատատեղ։ Ներդրումները կկազմեն 293 900 000 ՀՀ դրամ։
Մեկ այլ որոշմամբ էլ նույն արտոնությունից օգտվելու իրավունք է տրվել «Այ պլաստ» ՍՊԸ: Ներմուծվող հումքն օգտագործվելու է բժշկական կպչուն սպեղանիի արտադրության համար։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 2-2,5 մլն ՀՀ դրամ։ Նախատեսվում է իրականացնել 20 000 ԱՄՆ դոլար ներդրում։
Ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի նաև «Ֆենսի» ՍՊԸ: Ներմուծվող հումքն ընկերությունն օգտագործելու է ոսկերչության ոլորտում։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 200 մլն ՀՀ դրամ։ Արտադրանքի իրացման ծավալները ԵԱՏՄ երկրներում՝ 190 մլն ՀՀ դրամ, երրորդ երկրներում՝ 10 մլն ՀՀ դրամ։ Ներկայումս ստեղծված է 34 աշխատատեղ՝ 84 884 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Նախատեսվում է ստեղծել 21 նոր աշխատատեղ։ Ընկերության ներդրումները կազմում են 58 046 593 ՀՀ դրամ, նախատեսվում է իրականացնել 90 000 000 ՀՀ դրամի ներդրում։


Վտանգավոր թափոնների արդյունավետ կառավարման համար նախատեսվում է ընդլայնել արտադրողի կամ ներկրողի պատասխանատվությունը


Գործադիրը հավանություն է տվել Արտադրատեսակների համար արտադրողի (ներկրողի) պատասխանատվության ընդլայնման համակարգերի ներդրման հայեցակարգին: Հայաստանի համար շարունակում են արդիական մնալ վտանգավոր թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածության հիմնախնդիրները, քանի որ դեռևս լուծված չեն այդ թափոնների էկոլոգիապես անվտանգ եղանակով հեռացման, վնասազերծման և ոչնչացման հարցերը: Ներկայումս Հայաստանում գործում են գործածությունից դուրս եկած շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի (ապրանքների) գծով թափոնների վերամշակում, հավաքում, պահում իրականացնող լիցենզավորված 10 կազմակերպություն, որոնցից` 2-ը զբաղվում են օգտագործած անվադողերի վերամշակմամբ, մյուս 2-ը` օգտագործված կապարային կուտակիչների (կապարաթթվային մարտկոցների) ընդունում և պահեստավորում` հետագայում վերամշակող կամ արտահանող կազմակերպություններին վաճառելու գործառույթներով: Հայեցկարգով նախատեսվում է հստակեցնել վտանգավոր արտադրատեսակների (ապրանքատեսակների) էկոլոգիապես արդյունավետ օգտահանման և/կամ վնասազերծման համակարգի ներդրման համար անհրաժեշտ բնապահպանական քաղաքականության հիմնական խնդիրները: Նախադրյալներ կստեղծվեն արտադրողի (ներկրողի) պատասխանատվության ընդլայնման համակարգի ներդրման համար, որի հիմքում ընկած կառավարման ռազմավարության համաձայն՝ գործածությունից դուրս եկած շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանք արտադրողը (կամ ապրանք ներկրողը) հենց արտադրության (կամ ներմուծման) նախնական փուլում նախատեսում է այդ արտադրանքի (ապրանքի) օգտագործման վերջնական փուլում առաջացող բնապահպանական հետևանքները կանխարգելող միջոցառումներ, վարչական և ֆինանսական պատասխանատվություն է կրում բացասական այդ հետևանքների վերացման համար: Նախատեսվում է ապահովել վտագավոր արտադրատեսակների (ապրանքատեսակների) էկոլոգիապես արդյունավետ օգտահանման և/կամ վնասազերծման համակարգի ներդրման իրավական հենքը: Արդյունքում կստեղծվեն արտադրողի (ներկրողի) պատասխանատվության ընդլայնման համակարգի ներդրման համար անհրաժեշտ իրավական հենքի նախադրյալներ: Ըստ այդմ՝ կապահովվի «Գործածությունից դուրս եկած շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրանքի (ապրանքների) գիտակից կառավարման համակարգի» նեդրումը Հայաստանում, ինչն էլ կնպաստի այդ ոլորտի գծով առաջացող թափոնների արդյունավետ կառավարմանը և օրեցօր աճող բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը:

 

Կառավարությունն ընդունել է պետական գույքը մասնավորեցնելու, օտարելու մասին որոշումներ


Կառավարությունը հավանություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի կատարման 2016թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունմամբ ակնկալվում է առավել հրապարակային դարձնել Հայաստանում իրականացվող մասնավորեցման քաղաքականությունը և արդյունքները: Գործադիրի ղեկավարը հետաքրքվել է մնացած ընկերությունների հարցով: ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը տեղեկացրել է, որ ի կատարում վարչապետի հանձնարարականի՝ շրջանառության մեջ է դրվել 2017- 2020 թթ. մասնավորեցման ծրագիրը. «Այն ամբողջությամբ նոր ծրագիր է, որում ընդգրկված է 42 ընկերություն, որոնցից 23-ը հին՝ 2006-2007-թթ. ծրագրերից են, 17՝ նոր ընկերություններ են»: Վարչապետը ևս մեկ անգամ հանձնարարել է մաքրել դաշտը, գույքագրել այդ ընկերությունները. «Ամբողջը մաքրում ենք, ագրեսիվ գնում ենք առաջ: Ճկուն մեխանիզմ ենք ստեղծում»: Պատասխանելով վարչապետի հարցին՝ Արման Սահակյանը տեղեկացրել է, որ ոլորտի վերաբերյալ նախատեսվող բարեփոխումների առաջարկությունները կներկայացվեն 1 ամսվա ընթացքում:
Գործադիրի որոշմամբ նախատեսվում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հաշվեկշռում հաշվառված և անհատույց օգտագործման իրավունքով «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված Շիրակի մարզի Ամասիա համայնքում գտնվող Ախուրյանի աջափնյա ջրանցքը՝ ուղղակի վաճառքի ձևով օտարել «Անի» ԲԲԸ-ին՝ վաճառքի գինը սահմանելով գնահատված արժեքի 75 տոկոսի չափով: Գույքը գնելու դեպքում՝ ընկերությունը պարտավորվել է 15 տարվա ընթացքում ջրանցքի վերանորոգման, վերականգման և շահագործման նպատակով ներդնել 540 մլն ՀՀ դրամ: Ընկերությունը պարտավորվել է նաև ոռոգման շրջանում անխափան, անվճար ապահովել ոռոգման համար անհրաժեշտ ջրաքանակները՝ ջրանցքի տվյալ հատվածը շահագործել ոռոգման ջրամատակարարման ռեժիմների ու ծավալների գերակայությամբ, ջրի անվճար փոխադրմամբ, առանց պետության կողմից համակարգի շահագործման և պահպանման համար տրվող դոտացիոն վճարների, իսկ ՓՀԷԿ-ի ջրամատակարարումը կիրականացվի ոչ ոռոգման, ինչպես նաև ոռոգման շրջանում մնացորդային ջրերի հաշվին: Գնորդը համաձայնվել է նաև «Ջրաձոր» ՓՀԷԿ-ը չշահագործելու կամ այն երրորդ անձի օտարելու դեպքում ջրանցքի տվյալ հատվածը վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի:
Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է աճուրդային եղանակով մասնավորեցման ներկայացնել «Արաքս» ՓԲ ընկերության 80 տոկոս պետական բաժնեմասը: Ընկերության գործունեության տեսակը գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական, նախագծային աշխատանքների կազմակերպում է. ներկայումս այն գործունեություն չի ծավալվում: Վարչապետը, դիմելով պետգույքի կառավարման վարչության պետին, նշել է, որ բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ մշակելիս պետք է հաշվի առնել նաև այս փաստերը: «Այս ընկերությունը 2000թ.-ից գործունեություն չի ծավալում և ունի 6 աշխատող: 2000 թ.-ից ձեռնակությունը գործունեություն չի ծավալում, ինչու՞ ենք 17 տարի սպասում»,-ընդգծել է գործադիրի ղեկավարը՝ հանձնարարելով բոլոր հարցերը դասակարգել և նման ընկերությունները գույքագրել:


Հստակեցվել է սոցիալապես անապահովներին տրվող աջակցության հասցեականությունը

ՀՀ կառավարության 2016թ. համապատասխան որոշմամբ սահմանվել է, թե որ ընտանիքներն են համարվում սոցիալապես անապահով բնական գազի և էլեկտրաէներգիայի մեղմացված սակագներից օգտվելու տեսանկյունից: Այս որոշմամբ, սակայն չի սահմանվել, թե ինչ մեխանիզմով պետք է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ը որոշեն սոցիալապես անապահով ընտանիքներին և նրանցից` տրամադրված կոմունալ ծառայության համար գանձեն սահմաված մեղմ սակագնով հաշվարկված գումարը: Կառավարությունն այսօր ընդունել է որոշում, որով սահմանվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների տրամադրող մարմինը, տվյալների փոխանակման ժամկետները, ինչպես նաև գործընթացի վերահսկման մեխանիզմները: Կարեն Կարապետյանը նշել է, որ բյուջեն սուբսիդավորելու ծախս չի կրում. «Ծախսերը կրում են մատակարար ընկերությունները: Նախարարությունը հստակեցրել է ցանկը, որպեսզի այնտեղ պատահական մարդիկ չհայտնվեն»:


Երեխաների և երիտասարդների հակադիաբետիկ դեղի պահանջարկը կապահովվի 100 տոկոսով

Շաքարային դիաբետ ունեցող երեխաներին և երիտասարդներին անվճար ինսուլին ստանալու իրավունքի իրացումը պատշաճ մակարդակով ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Խնդրի կարգավորման նպատակն է պետբյուջեից հատկացվող միջոցների շրջանակում 2017-2019թթ. անխափան ապահովել շաքարային դիաբետով տառապող երեխաների և երիտասարդների հակադիաբետիկ դեղի պահանջարկը 100 տոկոսով: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շաքարային դիաբետով հիվանդների թիվն տարեցտարի աճում է։ ՀՀ-ում 2016թ.-ին մինչև 18 տարեկան դիաբետ ունեցող հիվանդների տարեկան աճը 2015թ.-ի հետ համեմատ կազմել է 8 տոկոս, իսկ 18-22 տարեկաններինը՝ 14,4 տոկոս:

Այլ որոշումներ


Կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016թ. բարեգործական ծրագրերի կատարման ընթացքի մասին հաղորդումը: Ըստ այդմ՝ անցյալ տարվա ընթացքում հանրապետությունում բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրեր են իրականացրել միջազգային և հանրապետական 108 կազմակերպություն, որից 37-ը՝ երկարաժամկետ, իսկ 71-ը՝ կարճաժամկետ ծրագրեր: 43 երկրից հանրապետություն են ներմուծվել 21.18 մլրդ դրամ մաքսային արժեքով բեռ: Բեռների 50.7 տոկոսը ներմուծվել է ԱՄՆ-ից, 17.65 տոկոսը՝ Շվեյցարիայից, 6.03 տոկոսը՝ Չինաստանից, 5.03 տոկոսը՝ Իտալիայից, և 3.79 տոկոսը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից:
Կառավարությունն ընդունել է ««Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ը «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» որոշում: Վերակազմակերպելու արդյունքում հիմնադրամը կունենա լայն հնարավորություն ավելի ճկուն, ազատ, ռացիոնալ, արդյունավետ շահագրգիռ օգտագործել իր գույքը, ներգրավել արտաքին ներդրողների՝ ի նպաստ կրթության, գիտության և կերպարվեստի ոլորտի զարգացման: Կավելանան հիմնադրամի կողմից պետբյուջե մուծվող հարկերը:
Գործադիրը հաստատել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում Վահրամ Առաքելյանի ընտրության արդյունքը:

 

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ