երկուշաբթի, 21 հունիսի 2004
Հունիսի 22-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որտեղ նախատեսվում է անցկացնել հայ-գերմանական տնտեսական համագործակցության համաժողով: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար, ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանը, Առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Շուգարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախատարի տեղակալ Բագրատ Սարգսյանը, «Զարգացման հայկական գործակալության» գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանը, «Ձեռնարկությունների աջակցման հիմնադրամի» տնօրեն Ալլա Զարգարյանը, Կառավարության և համապատասխան նախարարությունների աշխատակազմերի աշխատակիցներ: Համաժողովին մասնակցելու նպատակով վարչապետի հետ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն են մեկնում նաև տնտեսության մի շարք ոլորտներ ներկայացնող երկու տասնյակից ավելի գործարարներ:
Հայ-գերմանական տնտեսական համագործակցության համաժողովին մասնակցելուց բացի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Գերմանիայում երկկողմ հանդիպումներ կունենա: Մասնավորապես, հանդիպումներ են նախատեսված ԳԴՀ փոխվարչապետ, արտգործնախարար Յոշկա Ֆիշերի, Բեռլինի երկրամասի խորհրդարանի նախագահ Վալթեր Մոմփերի, Բեռլինի քաղաքապետ Կլաուս Վովերայտի, ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Հայդեմարի Վիչորեկ-Ցոյլի, ԳԴՀ արդյունաբերողների միության Արևելյան հանձնաժողովի տնօրեն Քլաուս Մանգոլդի, Բադեն-Վյութեմբերգ երկրամասի փոխվարչապետ, նախարար Ռուդոլֆ Քյոբերլեի հետ: