երկուշաբթի, 21 հունիսի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի անդամներին, որոնց ուժերով, շուրջ մեկուկես տասնամյակի ընթացքում, Կիլիկյան Հայաստանի 13-րդ դարի առևտրային նավերի նմանողությամբ կառուցված «Կիլիկիա» նավը՝ ակումբի նախագահ և նավի կապիտան Կարեն Բալայանի գլխավորությամբ, օրերս կմեկնի ծովային երկարատև ճանապարհորդության: Ակումբի անդամները տեղեկացրել են, որ հունիսի 23-ին նավը Հայաստանից նախ կտեղափոխվի Փոթի նավահանգիստ, ապա նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներն ավարտելուց հետո, դուրս կգա բաց ծով՝ ուղղություն վերցնելով դեպի Վենետիկ: Հաջորդ 1-2 տարիներին գիտական արշավախումբը նավարկությունը կշարունակի Միջերկրական, Բալթիկ ծովերում, Հնդկական օվկիանոսում և իր վերջնական հանգրվանը կգտնի դարձյալ Հայաստանում:
Նշելով «Այաս» ակումբի անդամների, «Կիլիկիա» նավի շինարարների ու անձնակազմի անցած տարիներին կատարած տքնաջան աշխատանքը, մեծ փորձություններ դիմագրավելու նրանց կամքն ու խիզախությունը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ տևական ժամանակ համաշխարհային ջրերում նավարկելիս՝ «Կիլիկիա»-ի վրա ծածանվող անկախ Հայաստանի պետական դրոշը խորհրդանշելու է մեր նախնիների պատմական սխրանքներին տեր կանգնելու և դրանք շարունակելու հայ ժողովրդի կամքն ու պատրաստակամությունը:
Շնորհակալություն հայտնելով վարչապետին՝ իրենց նախաձեռնությանը գործնականորեն աջակցելու համար, «Այաս» ակումբի անդամները հավաստիացրել են, որ արել են ամեն հնարավորը գիտարշավը հաջողությամբ ավարտին հասցնելու համար և հույս են հայտնել, որ դա կնպաստի նաև աշխարհում Հայաստանի ու հայ ժողովրդի պատմական մեծ անցյալի և ներկա հաջողությունների ճանաչողությանն ու տարածմանը:
Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բարեհաջող նավարկություն է մաղթել «Կիլիկիա»-ի գիտական արշավախմբի մասնակիցներին, խոստանալով նրանց հետ հանդիպել նաև նավարկությունից վերադառնալուց հետո՝ արդեն ձեռք բերված արդյունքներն ամփոփելու համար: