հինգշաբթի, 11 մայիսի 2017
Անհրաժեշտ են կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներ կրթության համակարգում. ՀՀ վարչապետ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Անդրադառնալով կրթական համակարգում կատարվող բարեփոխումներին՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Բազմիցս բարձրաձայնել եմ իմ այն համոզմունքը, որ մարդկային կապիտալը մեր ամենամեծ հարստությունն է: Այդ կապիտալի զարգացման համար անհրաժեշտ է մասնագիտական պատշաճ պատրաստվածություն և համակողմանի զարգացում ապահովող կրթական համակարգ: Մեր երկրի կրթական համակարգը պետք է ապահովի միջազգային ասպարեզում մրցունակ մասնագետներ, որոնք կապահովեն մեր երկրի զարգացումը: Ակնհայտ է, որ անհրաժեշտ են կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներ և հանրակրթությունում, և միջին մասնագիտական կրթության համակարգում և բարձրագույն կրթության համակարգում»: Այդ նպատակով վարչապետը ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարել է 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ՝ հաշվի առնելով ուսուցիչների օպտիմալ ծանրաբեռնվածությունը և դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման 2-րդ հերթի բացառումը: 2-ամսյա ժամկետում ԿԳ նախարարությունը Ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված հաստատման պետք է ներկայացնի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր բանաձևը, որը կապահովի հանրային միջոցների թափանցիկ, արդյունավետ և արդարացի բաշխումը: Հանձնարարվել է նաև 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմի և շահագրգիռ կողմերի հետ քննարկել բուհական անձեռնմխելի ֆոնդերի ձևավորման սկզբունքների և օրենսդրական նախադրյալների ստեղծման վերաբերյալ նախագիծը:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է 2-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմի առաջարկությունների հիման վրա լրամշակել և ներկայացնել «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, 4-ամսյա ժամկետում՝ մշակել ուսանողների ֆինանսական աջակցության և կրթաթոշակների տրամադրման նոր սկզբունքներ, 1-ամսյա ժամկետում՝ ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների օպտիմալացման (խոշորացման) վերաբերյալ:
ԲՈՒՀ-երում ծրագրային հավատարմագրման ներդրման վերաբերյալ կառավարության ղեկավարը նշել է. «Այսօր մեր բուհական համակարգում ներդրվող որակի ապահովման մեխանիզմները գործնական կիրառություն չեն ստանում: Անհրաժեշտ է մշակել կրթական համակարգի զարգացման ծրագիր: Այս ծրագիրը պետք է հիմնված լինի երկրի տնտեսության և գիտելիքի երեք բաղադրիչների՝ ուսուցման, հետազոտության և կրթության կապի վրա»: Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարին և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրենին 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ԲՈՒՀ-երում ծրագրային հավատարմագրման գործընթացը պարտադիր դարձնելու և այդ գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ:
3-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ պետք է ներկայացվի բուհերի կառավարման արդյունավետության ցուցանիշների ներդրման հայեցակարգ, դրա ներդրման ճանապարհային քարտեզը և ժամանակացույցը, հաշվի առնելով մեր կրթական համակարգի առաջ ծառացած մարտահրավերները՝ բուհ-տնտեսություն կապն ապահովելու համար:
Վարչապետն անդրադարձել է կառավարության և հանրապետական գործադիր մարմինների գործունեության կազմակերպման թերություններին
Անդրադառնալով կառավարության և հանրապետական գործադիր մարմինների գործունեության կազմակերպման թերություններին՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Սույն թվականի հունվարի 17-ին ներկայացվել էր հանձնարարական կառավարության նիստին ներկայացվող հարցերը ՀՀ օրենսդրության պահանջներին ամբողջությամբ պահպանելու և նիստին տրված հանձնարարականները պատշաճ և սահմանված ժամկետներում կատարելու վերաբերյալ: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը զեկուցել է, որ արձանագրվել են դեպքեր, երբ կառավարության նիստին ներկայացվող հարցերը չեն համապատասխանել օրենսդրությամբ նախատեսված պահանջներին կամ համապատասխան նախագծերը լրամշակելու համար տրամադրված ժամկետները չեն պահպանվել»: Այդ ամենը հաշվի առնելով՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին կառավարության նիստերի քննարկմանը ենթակա իրավական ակտերի նախագծերը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացվեն օրենսդրությամբ սահմանված պահանջների խստագույն պահպանմամբ և պատշաճ մակարդակով, իսկ դրանք լրամշակելու հանձնարարական ստանալու դեպքում` խստորեն պահպանել տրված ժամկետները։ «Կառավարության նիստերի, խորհրդակցությունների և այլ քննարկումների ընթացքում ներկայացվող հանձնարարականների կատարման ժամկետների հաշվարկը դիտարկվում է դրանց հնչեցման պահից, իսկ ակնկալվող արդյունքը պետք է ներկայացվեն պատշաճ որակով։ Երկու պահանջներից մեկի բացակայությունը դիտարկվելու է որպես հանձնարարականի կատարողականի բացակություն»,-նշել է կառավարության ղեկավարը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարել սահմանել խիստ վերահսկողություն առաջին կետում նշված գործողությունների կատարման և ՀՀ կառավարության աշխատակազմի պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ և դրանց ընթացքի վերաբերյալ պարբերաբար զեկուցել:
Անդրադառնալ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին կառավարության նիստին տրված հանձնարարականներին Կարեն Կարապետյանը նշել է. «Հաշվի առնելով բարձրացված հարցերի և հիմնախնդիրների կարևորությունը, անհրաժեշտ եմ համարում մոտ ապագայում քննարկել տրված հանձնարարականների կատարողականի հսկողությունը: Միաժամանակ տեղեկացնեմ, որ ներկայացվել են նաև կառավարության կողմից իրականացվող ծրագրերի և միջոցառումների ամփոփ ցանկը ըստ նախարարությունների և գերատեսչությունների: Այդ նպատակով հանձնարարում եմ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին սույն թվականի մայիսի 13-ին կազմակերպել համապատասխան խորհրդակցություն և ներկայացնել տրված հանձնարարականների կատարողականի հսկողության արդյունքները: Խորհրդակցության ժամանակ հատուկ անդրադառնալ նաև ցանկում ներառված կառավարության կողմից իրականացվող ծրագրերի և միջոցառումների կատարման ընթացքին՝ առաջարկելով լսել կատարման վերաբերյալ 2-3 նախարարությունների հակիրճ հաշվետվությունը»: Գործադիրի ղեկավարը հայտնել է, որ վաղը կուղարկեն հանձնարարականների կատարման և որակի վերաբերյալ ամբողջ նյութը, ինչպես նաև կներկայացվի ցանկը, որտեղ բացի մեծ հանձնարարականներից, ներկայացվել են խոշոր ծրագրերը, նախագծերը, որոնց նկատմամբ հատուկ հսկողություն է սահմանվելու:
Կառավարությունը գումար է հատկացրել զինծառայողների բուժումն ՌԴ-ում կազմակերպելու նպատակով
Մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած Աշոտ Գրիգորյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Մեկ այլ որոշմամբ էլ գումար կհատկացվի առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ականապայթունային վնասվածք ստացած Ռոլանդ Սահակյանի բուժումը նույնպես Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով: Զինծառայողների բուժումը ՌԴ-ում իրականացնելու վերաբերյալ դրական եզրակացություններ է տրվել ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը:
Էլեկտրոնային հարթակը հնարավորություն կտա ազդարարներին ներկայացնել կոռուպցիոն դեպքերի մասին անանուն հաղորդումներ
Կառավարության հավանությանն է արժանացել «Ազդարարման համակարգի մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որը մշակվել է՝ հիմք ընդունելով միջազգային առաջադեմ փորձի ուսումնասիրությունները, ՀՀ հակակոռուպցիոն բնագավառում որդեգրած քաղաքականության առանձնահատկությունները: Նախագծերը համալիր կարգավորման կենթարկեն ազդարարման հետ կապված իրավահարաբերությունները և կերաշխավորեն ազդարարման իրավունքի արդյունավետ իրացումը: Մասնավորապես, առաջարկվող օրենքով կարգավորվում են ազդարարման, ազդարարման կարգի, ազդարարի իրավունքների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ ազդարարման հետ կապված պարտականությունների, ինչպես նաև ազդարարի և նրա հետ փոխկապակցված անձանց պաշտպանության հետ կապված հարաբերությունները: «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է օրենսգրքում առանձին հոդվածներով քրեական պատասխանատվություն նախատեսել կոռուպցիոն բնույթի դեպքի կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ հաղորդում տալու համար հաղորդում տվող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքի, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի դեպքի կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ հաղորդում տվող անձի անձնական տվյալների` իրավասու մարմնի ներկայացուցչի կողմից ոչ իրավաչափ գաղտնազերծման համար: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել իրավական երաշխիքներ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ հաղորդում ներկայացնող անձանց պաշտպանության համար, մասնավորապես՝ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ հաղորդում ներկայացնող անձանց համար կնախատեսվի տուժողների, վկաների և փորձագետների համար քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված հատուկ պաշտպանության միջոցներից հավասարապես օգտվելու հնարավորություն: «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կերաշխավորվեն քրեադատավարական օրենսդրությամբ՝ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ հաղորդում տվող անձանց համար նախատեսված պաշտպանության միջոցների իրականացումը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ oրենuգրքում լրացումներ կատարելու մաuին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ներքին և արտաքին ազդարարման ընթացակարգի շրջանակում գործատուի կամ նրա կողմից լիազորված անձի կամ պաշտոնատար անձի վրա դրված պարտականությունների չկատարման դեպքում նախատեսել վարչական պատասխանատվության միջոցներ: Ներկայացված օրինագծերի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության՝ ազդարարների պաշտպանության առումով ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը: Ազդարարների պաշտպանությանն ուղղված գործուն մեխանիզմների ներդնումը կնպաստի հանրության մեջ կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարում ազդարարների ներգրավման եղանակով: Միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծումը հնարավորություն կընձեռի ազդարարներին ներկայացնել անանուն հաղորդումներ՝ պահպանելով իրենց անձնական տվյալների գաղտնիությունը: Բացի այդ, քննարկվող ինստիտուտի ներդրմամբ կբարձրանա կոռուպցիոն դեպքեր բացահայտող մարմինների գործունեության արդյունավետությունը:
ՉԺՀ կառավարությունը Հայաստանին ևս 200 շտապ օգնության մեքենա կնվիրաբերի
Գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ ՉԺՀ կառավարությունը հավանություն է Հայաստանին ևս 200 շտապ օգնության մեքենա և ռեանիմոբիլ նվիրաբերելու ծրագրին: Այդ մեքենաները ստանալով՝ հայկական կողմը կկարողանա ամբողջությամբ բավարարել հանրապետությունում շտապ օգնության ավտոմեքենաների կարիքը: Նախկինում ՉԺՀ –ի տրամադրած 88 ավտոմեքենաների մեծ մասը՝ 56 հատը, բաշխվել է ՀՀ մարզերի միջև:
Կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 10 փոփոխության կնքման առաջարկությանը: Թիվ 10 փոփոխության նախագծով նախատեսվում է լրացուցիչ 1,442,000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որն ուղղվելու է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվելիք ծրագրի ֆինանսավորմանը: Ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը համաձայնագրի շրջանակում կկազմի 62 578 078,36 ԱՄՆ դոլար:
Աջակցություն՝ հերթական ներդրումային ծրագրերին. կստեղծվեն 95 նոր աշխատատեղեր
Կառավարության որոշմամբ երեք տարով կհետաձգվի ներդրումային ծրագրի շրջանակում «Սևան ակվա» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: Մեկ այլ որոշմամբ էլ թույլատրվել է ընկերությանն օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա ծրագրի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: Ընկերությունը նախատեսում է տեղակայել ևս 12 մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն Սևանա լճում` գործող թվով 12 ցանցավանդակի թիվը հասցնելով 24-ի: Ծրագրի իրականացման արդյունքում տեղական սպառողները հնարավորություն կունենան մշտապես սպառելու բարձրորակ և համեմատաբար մատչելի գներով ձկնամթերք: Մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն կառուցելու համար ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 1,75 մլրդ ՀՀ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 0,9 մլրդ ՀՀ դրամ: Արդյունքում կստեղծվի մոտ 85 աշխատատեղ` 2017թ. 230, 2018թ. 220, 2019թ. 220 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
Ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվի նաև «ԱԱՍ ինդուստրյա» ՍՊԸ: Ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործվելու է ջերմազգայուն թղթերի և ինքնասոսնձվող ջերմային թղթե պիտակների արտադրության մեջ։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 750 մլն ՀՀ դրամ։ Արտադրանքի իրացման ծավալը ՀՀ տարածքում կկազմի 470 մլն ՀՀ դրամ, իսկ երրորդ երկրների տարածքում՝ 280 մլն ՀՀ դրամ։ Նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ և իրականացնել 115 000 000 ՀՀ դրամի ներդրում։
Հակակարկտային պաշտպանության նոր՝ հրթիռային եղանակի ներդրման պիլոտային ծրագիր կիրականացվի
Հակակարկտային պաշտպանության նոր՝ հրթիռային եղանակի ներդրման պիլոտային ծրագրի իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Պիլոտային ծրագիրը կիրականացվի Արագածոտնի և Լոռու մարզերում: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում բնական տարբեր աղետները բացասաբար են անդրադառնում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողների հետագա արտադրական գործունեության ու սոցիալական վիճակի վրա: Միայն 2016թ. ընթացքում կարկտահարություններից գյուղատնտեսությանը հասցվել է մոտ 34 մլրդ ՀՀ դրամի վնաս: Վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են անցկացվել ոլորտում: Կարկտահարություններից առաջացած վնասների կանխարգելման ներկա վիճակի վերլուծությունը փաստում է, որ այս բնագավառում հրատապ անհրաժեշտություն է առաջացել հակակարկտային պաշտպանության նոր եղանակների կիրառումը: Որոշման ընդունումը կնպաստի գյուղատնտեսական արտադրանքի կորուստների նվազեցմանը և գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, եկամուտների ավելացմանը և գյուղում աղքատության հաղթահարմանը: Հնարավորություններ կստեղծվի գյուղատնտեսության առկա ռեսուրսային ներուժի օգտագործման և շուկայի պահանջներին համապատասխան արտադրության ծավալների ապահովման համար, կխթանվի հանրապետության գյուղատնտեսության հետագա զարգացումը, արդյունավետության ու մրցունակության բարձրացումը: Կարեն Կարապետյանը կարևորել է ծրագրի իրականացումը և նշել. «Մենք շատ մեծ հույս ենք կապում ծրագրի հետ: Կարծում եմ, որ այն չափազանց կարևոր և ազդեցիկ նշանակություն կարող է ունենալ գյուղատնտեսության զարգացման համար»:
Կլուծվեն ՀՀ Լոռու մարզի առաջնահերթ նշանակություն ունեցող հիմնախնդիրները
ՀՀ Լոռու մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար իրականացվելիք աշխատանքների համար կառավարության պահուստային ֆոնդից մարզպետարանին կհատկացվի 360,960.7 հազար ՀՀ դրամ: Ներկայում մարզի տարբեր ոլորտներում առկա են մի շարք հիմնախնդիրներ` մասնավորապես, դպրոցաշինության, մշակութային, նախադպրոցական հաստատության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում:
***
ԱՄՆ կառավարության աջակցությամբ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համար կկառուցվի մոտ 900 քմ մակերեսով մարզային լաբորատորիա: ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Շահումյան փողոց թիվ 15 հասցեում գտնվող կենտրոնի ներկայիս լաբորատորիայի վերանորոգումը գնահատվել է առավել ծախսատար և նպատակահարմար է գտնվել լաբորատորիան կառուցել նոր հողատարածքում: Մարտունու քաղաքապետի առաջարկությամբ վերոնշյալ հասցեում գտնվող շենք-շինություններն իրենց զբաղեցրած տարածքներով համայնքին հանձնելու դեպքում կլուծվի սոցիալապես անապահով, անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրը: Քաղաքապետն առաջարկել է նաև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համար նոր լաբորատորիա կառուցելու նպատակով հատկացնել Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 13 հասցեում 2600 քմ մակերեսով հողատարածքը: Կառավարությունն այդ նպատակով ընդունել է համապատասխան որոշում: Արդյունքում կկառուցվի միջազգային չափանիշների համապատասխան լաբորատորիա, որը անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի կենտրոնին, իսկ Շահումյան 15 հասցեում գտնվող գույքը համայնքին նվիրաբերելու դեպքում կլուծվի շուրջ 30 սոցիալապես անապահով, անօթան ընտանիքների բնակարանային խնդիրը:
***
Կառավարությունն ընդունել է նաև ««Ջրառ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնելու, գույք հանձնելու և անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ տրամադրելու մասին» որոշում: Նման որոշում ընդունելը պայմանավորված է նրանով, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հունվարի 1-ից դադարեցրել է ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների իրականացման գործառույթը և ներկայումս խիստ սահմանափակ թվաքանակով աշխատակիցներով իրականացնում եմ գույքի հանձման աշխատանքներ: Որոշումը հնարավորություն կստեղծի զգալիորեն կրճատելու «Ջրառ» ՓԲԸ կողմից կատարվող ծախսերը՝ մասնավորապես վարչական շենքի և օժանդակ շինությունների պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ տարեկան ծախսերը կազմում են շուրջ 20.0 մլն դրամ, ինչպես նաև կոորդինացված աշխատանքի կազմակերպմամբ բարձրացնելու կառավարման արդյունավետությունը:
Նիստի ավարտին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ համատեղ և արդյունավետ աշխատանքի համար՝ մաղթելով ամենայն բարիք. «Ցանկանում ենք՝ այն արդյունավետությունը, որ նա ցուցաբերել է կառավարության աշխատակազմում, ցուցաբերի նաև Ազգային ժողովում»: Արփինե Հովհաննիսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին և իր գործընկերներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: