երեքշաբթի, 22 հունիսի 2004
ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և նրան ուղեկցող պատվիրակության անդամներն այցելել են Բեռլինի Մայր տաճար, որից հետո կայացել է Բեռլինի քաղաքապետ Քլաուս Վովերայթի հետ հանդիպումը: Քաղաքապետի հետ զրույցի ընթացքում քննարկվել են երկու մայրաքաղաքների միջև համագործակցության հնարավոր ոլորտները՝ նշելով, որ երկու պետությունների քաղաքական, տնտեսական հարաբերությունները լավ նախադրյալ են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացման համար: Հանդիպման ժամանակ կարևորվել է երկուստեք մշակութային օրերի անցկացումը, մի շարք հարցերում փորձի փոխանակումը: Բեռլինի քաղաքապետը ՀՀ վարչապետից հետաքրքրվել է Հայաստանի տնտեսական առաջնահերթություններով, առևտրատնտեսական գործընկերներով, նաև Թուրքիայի հետ հարաբերությունների հեռանկարով: Անդրանիկ Մարգարյանը զրուցակցի խնդրանքով ներկայացրել է մեր երկրի տնտեսական իրավիճակը, ռազմավարական ծրագրերը, առկա խնդիրների լուծման գործում ակնկալելով գործընկեր, բարեկամ երկրների, այդ թվում՝ ԳԴՀ-ի աջակցությունը:
Բեռլինի քաղաքապետարանում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում:
Այսօր երեկոյան սպասվում է նաև ՀՀ վարչապետի հանդիպումը Բադեն- Վյուրթենբերգ երկրամասի փոխվարչապետ, նախարար Ռուդոլֆ Քյոբերլեի հետ: