չորեքշաբթի, 23 հունիսի 2004
Այսօր կառավարությունում, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահմյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ քաղաքաշինության նախարարի, Երևանի քաղաքապետի, Արմավիրի, Կոտայքի մարզերի մարզպետների և շահագրգիռ գերատեսչությունների այլ պատասխանատուների մասնակցությամբ: Քննարկվել է մայրաքաղաքը հարակից մարզերի հետ կապող հանրապետական նշանակության մայրուղիներին հարող տարածքներում կառուցապատման կանոնակարգման խնդիրը: Հարցը ներկայացնող Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը մտահոգություն է հայտնել մայրաքաղաքի վարչական սահմանից դուրս մայրուղիներին անմիջականորեն հարող տարածքների ինտենսիվ կառուցապատման վերաբերյալ, ընդգծելով, որ շինությունների մի մասը կատարվում է առանց հաշվի առնելու այդ կարգի ճանապարհների համար նախատեսված անվտանգության գոտիները, քաղաքաշինական զարգացման հեռանկարները, հաճախ նաև հակասելով գործող նորմերին: Նա նշել է, որ խնդրի օրենսդրական կարգավորման նպատակով, Երևանի քաղաքապետարանը հիմնավոր առաջարկներ է ներկայացրել մերձքաղաքային գոտին որպես քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտ առանձնացնելու համար: Քաղաքապետն առաջարկել է մայրուղիների անվտանգությանն ու թողունակությանը խոչընդոտող կառույցների բացառման նպատակով, ապահովել մայրաքաղաքին վայել ճարտարապետական լուծումներով նախագծերի մշակումը՝ հատուկ հսկողություն սահմանելով դրանց համաձայն շինարարության իրականացման ընթացքին:
Քննարկումից հետո, նախարար Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է քաղաքաշինության նախարարին, համապատասխան մարզերի մարզպետներին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի օժանդակությամբ, 15-օրյա ժամկետում, կատարել նշված տարածքներում շինարարական, ճարտարապետական նորմերին չհամապատասխանող կառույցների հաշվառում՝ դրանց նկատմամբ համապատասխան մոտեցումներ դրսևորելու, կառուցապատման խնդիրները կանոնակարգելու համար: