հինգշաբթի, 24 հունիսի 2004
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր առավոտյան ԳԴՀ արդյունաբերողների միության Արևելյան հանձնաժողովի տնօրեն Քլաուս Մանգոլդի հետ հանդիպման ժամանակ քննարկել է տնտեսության մի շարք բնագավառներում՝ էներգետիկա, քիմիական արդյունաբերություն, գյուղատնտեսություն, բանկային համակարգ և այլն, համագործակցության հնարավորությունները: Պարոն Մանգոլդը հետաքրքրվել է մեր երկրի տնտեսական առաջնահերթություններով, փոքր ՀԷԿ-երի կառուցման ծրագրերով: Նա նշել է, որ իր կողմից գերմանական մի շարք ընկերությունների, իբրև հավանական գործընկերների, լրացուցիչ կփոխանցի հայաստանյան առաջարկները՝ փորձելով խթանել գործարարների միջև համագործակցությունն ու հայ-գերմանական տնտեսական հարաբերությունների զարգացումը:
Այնուհետև վարչապետը հանդիպել է Բեռլին երկրամասի խորհրդարանի նախագահ Վալթեր Մոմփերի հետ: Այս հանդիպման ժամանակ ևս վարչապետն առաջարկել է քննարկել Գերմանիայի առանձին երկրամասերի խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը, նշելով, որ Բեռլինի՝ որպես մայրաքաղաք- երկրամասի, խորհրդարանի նման որոշումը օրինակ կարող է հանդիսանալ մյուս երկրամասերի համար և, ի վերջո, խթանել ԳԴՀ Բունդեսթագում այդ հարցի քննարկումը: «Ես չեմ ճանաչում որևէ բանական մարդու, որը չասի, որ իրոք եղել է ցեղասպանություն: Գոնե գերմանացիները ճշգրիտ գիտեին, թե ինչ է կատարվում Թուրքիայում», - ասել է խորհրդարանի նախագահը, նշելով, որ հասկանալի չէ, թե ինչու մինչ այժմ Բունդեսթագը չի անդրադարձել այդ խնդրին: «Մենք կմտածենք, թե ինչպես քննարկման առարկա դարձնենք Հայոց ցեղասպանության խնդիրը Բունդեսթագում», - նշել է նա: Վարչապետը ողջունել է Վալտեր Մոմփերի նման դիրքորոշումը, ընդգծելով, որ ցեղասպանության ճանաչումը, բացի պատմական իրողության արձանագրումից, ունի նաև կանխարգելիչ նշանակություն, որպեսզի մարդկության դեմ ուղղված նման ոճրագործություններն այլևս չկրկնվեն:
Այս հանդիպման ժամանակ ևս անդրադարձ է եղել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, տարածաշրջանային իրավիճակին և ծրագրերին, Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, ԼՂՀ հակամարտության կարգավորման ընթացքին և այդ հարցում Հայաստանի դիրքորոշմանը: Վալթեր Մոմփերը հույս է հայտնել, որ առաջիկայում հաջողություններ կգրանցվեն ինչպես ԼՂՀ հակամարտության կարգավորման, այնպես էլ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների հաստատման գործում, մանավանդ որ, ըստ նրա, Թուրքիան պատրաստվում է դառնալ Եվրամիության անդամ, որտեղ ցանկացած անդամի համար հստակ խաղի կանոններ են գործում:
Անդրադառնալով կրթության բնագավառում համագործակցությանը, Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Բեռլինի խորհրդարանի ուսումնական հիմնադրամին՝ հայ ուսանողներին ևս կրթաթոշակ տրամադրելու համար: Վարչապետն առաջարկել է նաև միջխորհրդարանական կապեր հաստատել Բեռլինի և ՀՀ խորհրդարանների միջև, հատկապես տնտեսական և վարչական իրավունքի բնագավառներում՝ ԳԴՀ և Բեռլինի բազմամյա փորձը տվյալ բնագավառում հայկական իրականության մեջ կիրառելու նպատակով, նշելով, որ իր գլխավորած պատվիրակության կազմում այս օրերին Գերմանիայում էին նաև պատգամավորներ:
ՀՀ վարչապետի և Բեռլին երկրամասի խորհրդարանի նախագահի զրույցի ընթացքում քննարկվել են նաև օրենսդրական դաշտում համագործակցության խնդիրներ:
Հանդիպումից հետո վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այցելել է ԳԴՀ Բունդեսթագ (պատմական Ռայխսթագ):
Օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հանդիպումը ԳԴՀ փոխվարչապետ, արտգործնախարար Յոշկա Ֆիշերի հետ: Նշելով վերջին շրջանում հայ-գերմանական քաղաքական հարաբերություններում նկատելի առաջընթացը, տարբեր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը, կողմերը հավաստել են, որ ներկայումս բոլոր հիմքերը կան բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն արդյունավետորեն շարունակելու համար: Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել այս տարվա հունիսին Հարավային Կովկասի երեք երկրները Եվրամիության «Նոր հարևանություն» նախաձեռնության շրջանակներում ընդգրկելու որոշման կայացմանը Գերմանիայի գործուն աջակցության համար: Կողմերն ընդգծել են, որ հայ-գերմանական համագործակցության առաջատար ուղղությունը 1995թ. սկիզբ առած գործակցությունն է զարգացման բնագավառում, որին, ըստ վարչապետի, հայկական իշխանությունները հատուկ ուշադրություն են հատկացնում: Այդ համագործակցությունը համակարգվում է բարձր մակարդակի կառավարական հանձնաժողովի կողմից, որը ղեկավարում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ հաշվի առնելով տնտեսական համագործակցության կուտակված փորձը, արդեն հասունացել են անհրաժեշտ պայմանները Գերմանիայի կողմից Հայաստանում ակտիվ ներդրումային քաղաքականություն իրականացնելու համար:
Զրուցակցի խնդրանքով ՀՀ վարչապետը ներկայացրել է տարածաշրջանում հարևանների հետ Հայաստանի ունեցած հարաբերությունները, նշելով, որ դրանց բարելավմանը խոչընդոտում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից որոշակի նախապայմանների առաջադրումը: Յոշկա Ֆիշերը ևս ընդգծելով այն հանգամանքը, որ հարավ-կովկասյան երկրներն ընդգրկվել են «Առավել ընդարձակ Եվրոպա. նոր հարևաններ» նախաձեռնության մեջ, դա կարևոր է համարել նաև եվրոպական ընտանիքի համար: Նա նշել է, որ Գերմանիայի Դաշնային կառավարությունը հնարավոր է համարում Հարավային Կովկասի երեք երկրներում էլ նոր ծրագրերի մշակումը՝ «Նոր հարևաններ» նախաձեռնությունը կյանքի կոչելու համար: