երկուշաբթի, 19 հունիսի 2017
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նիստում ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է ՀՀ կառավարության՝ 2017-2022 թթ. Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիրը, որի առանցքը կազմում են լայնամասշտաբ բարեփոխումները: ՀՀ փոխվարչապետը նշել է, որ ծրագիրը հենվում է ՀՀ Նախագահի ուղերձի, Հայաստանի Հանրապետական Կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական ծրագրերի և կոալիցիոն հուշագրի սկզբունքների հիման վրա, ինչպես նաև լայն հասարակությունում շրջանառվող առաջադեմ գաղափարների վրա: Ծրագրի կենտրոնում ՀՀ քաղաքացին է, իսկ հաջողության գրավականը՝ ՀՀ քաղաքացիների նախաձեռնողական և ակտիվ մասնակցությունն առաջարկվող բարեփոխումներին:
ՀՀ կառավարության ծրագրի տեսլականը հիմնված է անվտանգ, արդար, ազատ և խելացի Հայաստան ունենալու սկզբունքի վրա։ Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ յուրաքանչյուր բաժնում նշված են նախորդ 9 ամսում կառավարության կողմից իրականացված ախտորոշման արդյունքում բացահայտված խնդիրները և դրանց առարկայական լուծումները: Դրանք միտված են թե´ շարունակելու կառավարության կողմից 9 ամսվա ընթացքում արդեն կատարված նախաձեռնությունները, թե´ երկարաժամկետ զարգացման հիմքեր են դնում՝ նախատեսելով առարկայական միջոցառումներ, որոնք մոտակա 5 տարում հստակորեն նշված ժամկետներում կառավարությունը պատրաստվում է իրականացնել: Հստակ ամրագրված են այն առաջնահերթությունները և տեսլականը, որ կառավարությունն ունի արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում, այն է՝ ազատ, անկախ Հայաստանի ու Արցախի խորացող կապը և Հայաստանի անվտանգությունը՝ որպես տնտեսական զարգացման գրավական: Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական բաժնից՝ պետական կառավարման և իրավական համակարգ, արտաքին քաղաքականություն և պաշտպանություն, տնտեսության առաջընթաց և սոցիալական ոլորտ: Յուրաքանչյուր բաժնում արտացոլված է նաև գերատեսչությունների կողմից արդեն իսկ հստակորեն ժամկետներով ներկայացված բարեփոխումների ցանկը, որոնք երկարաժամկետ առումով զարգացում են ապահովելու ամբողջ երկրում:
«Կարծում եմ՝ կառավարության ծրագիրը բավական հավակնոտ խնդիրներ է դրել իր առջև: Մենք ֆիքսել ենք, թե ինչ նպատակի ենք ցանկանում հասնել և´ տնտեսության, և´ գործազրկության, և´ նվազագույն աշխատավարձի, և´ արտահանման ծավալների, ինչպես նաև հարկեր-ՀՆԱ հարաբերակցության առումով: Բացի այդ, ըստ ոլորտների հստակ ձևակերպել ենք այն գործողությունները, բարեփոխումները և անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է անենք, որպեսզի հասնենք այդ նպատակին», - անդրադառնալով ծրագրին՝ ասել է վարչապետ Կարապետյանը:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին, որը կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: