երեքշաբթի, 29 հունիսի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել վարչապետին առընթեր տնտեսական ռազմավարությունն ու քաղաքականությունը համակարգող խորհրդի առաջին նիստը: Խորհուրդը ստեղծվել է ՀՀ վարչապետի հունիսի 21-ի որոշմամբ՝ ելնելով ՀՀ տնտեսական ռազմավարության և քաղաքականության համակարգման անհրաժեշտությունից:
Խորհրդի աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով, նիստում հաստատվել է խորհրդի կանոնակարգը: Այն սահմանում է խորհրդակցական այդ մարմնի աշխատանքների կազմակերպման և իրականացման կարգը: Խորհրդի հիմնական նպատակը, ըստ կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության կողմից ծրագրային առաջարկություններ ներկայացնելը, աջակցություն ստանալը և նշված ծրագրի իրագործման գործընթացն առաջնորդելն ու համակարգելն է: Իր աշխատանքների կազմակերպման համար, խորհուրդը, անհրաժեշտության դեպքում, ձևավորում է աշխատանքային խմբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դոնոր կազմակերպությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներից: Խորհրդի քարտուղարությունը ՀՀ կառավարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումն է:
Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում ներկայացվելիք հայաստանյան առաջարկությունների ծրագրի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Քննարկվել են նաև կազմակերպչական և այլ հարցեր: