երկուշաբթի, 14 օգոստոսի 2017
Կարեն Կարապետյանը և Բակիտժան Սագինտաևը քննարկել են հայ-ղազախական տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանն Աստանայում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևի հետ:
Ղազախստանի կառավարության ղեկավարը նշել է, որ միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակը, երկու պետությունների միջև առկա բարձր քաղաքական երկխոսությունը լավ հիմք են տնտեսական փոխգործակցության խորացման համար: Պարոն Սագինտաևն ընդգծել է, որ հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը մեծապես կնպաստեն բարձր մակարդակով փոխայցելությունները:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ վարչապետը նշել է, որ ուրախ է հանդիպելու իր գործընկերոջ հետ Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախաշեմին: Կարեն Կարապետյանի խոսքով՝ հայ-ղազախական առևտրատնտեսական հարաբերություններում նկատվում են աճի միտումներ և առկա է տնտեսական փոխգործակցության հետագա զարգացման ներուժ: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ երկու երկրներում էլ կան բազմաթիվ հեռանկարային նախագծեր, որոնք կարելի է իրականացնել համատեղ և փոխշահավետ պայմանների հիման վրա:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր, մատնանշել փոխգործակցության մի շարք ուղղություններ: