երեքշաբթի, 29 հունիսի 2004
Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ, համապատասխան գործադիր կառույցների ներկայացուցիչների և մանկապատանեկան առողջարարական ճամբարների պետերի մասնակցությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված դպրոցականների 2004թ. ամառային հանգստի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին:
Ի գիտություն է ընդունվել, որ ՀՀ վարչապետի 2004թ. հունիսի 4-ի N 363-Ա որոշմամբ հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմիններին տրված հանձնարարականները կատարված են և մանկապատանեկան առողջարարական ճամբարները պատրաստ են ընդունելու 3000 հանգստացող երեխաներին: Քննարկման արդյունքում հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարին` ապահովել անհրաժեշտ դեղորայքի մատակարարումը մանկապատանեկան առողջարարական ճամբարներին, ինչպես նաև համապատասխան հսկողություն իրականացնել ճամբարներում սանիտարահիգիենիկ նորմերի և երեխաների առողջության պահպանման նկատմամբ, ՀՀ Կոտայքի մարզպետին` մարզին հատկացված միջոցների սահմաններում կատարել ճամբարներ տանող ճանապարհների բարեկարգում`ապահովելով երեխաների անվտանգ փոխադրումը: Հանձնարարվել է նաև դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար Ա. Կարապետյանին` կազմակերպել հանձնաժողովի անդամների պարբերական այցելություններ ճամբարներ և համապատասխան տեղեկատվություն ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին: