ուրբաթ, 2 հուլիսի 2004
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Քննարկվել են ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի 2004թ. գործունեության աշխատանքային պլանի նախագիծը, հակակոռուպցիոն ռազմավարություն իրականացնող մոնիտորինգի հանձնաժողովի կազմը, հանձնաժողովի աշխատակարգը և ընթացիկ հարցեր: Անդրադարձ է եղել նաև գերատեսչական հակակոռուպցիոն ծրագրերին:
Նիստում որոշվել է մինչև 2004թ. տարեվերջ անցկացնել խորհրդի ևս երեք նիստ, որոնցում, ըստ աշխատանքային պլանի, քննության կառնվեն կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային կազմակերպությունների կոնվենցիաներով, համաձայնագրերով և այլ փաստաթղթերով ՀՀ ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման ընթացքը: Նախատեսված է քննարկել նաև նշված հարցերով մինիտորինգի հանձաժողwվի առաջարկությունները, ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության գերատեսչական ծրագրերի իրականացման ընթացքը, իրավապահ և վերահսկողություն իրականացնող մարմինների գործունեությունը հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների իրականացման գործում, ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2004թ. միջոցառումների իրականացման ընթացքը: Աշխատանքային պլանի մեջ ընդգրկված է նաև ՀՀ նախագահին ներկայացվելիք խորհրդի աշխատանքների և ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2004թ. միջոցառումների իրականացման արդյունքների վերաբերյալ զեկույցի նախագծի քննարկումը:
Նշվել է, որ հաստատված աշխատանքային պլանը խորհրդի գործունեության համար ծառայելու է իբրև ուղեցույց, որը, անհրաժեշտության դեպքում, կարող է լրացվել օրակարգային այլ հարցերով:
Խորհրդի անդամները հաստատել են նաև հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի աշխատակարգը: Նշվել է, որ հանձնաժողովի գործունեությունը կանոնակարգվում է նրա աշխատակարգով, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի որոշումներով և իրականացվում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Նիստում ձևավորվել է հակակոռուպցիոն ռազամավարության իրականացման մոնիտորինգի հանձանժողովը, որի նախագահն է ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը: Հանձանաժողովում ընդգրկվել են ՀՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունների և խմբերի մեկական ներկայացուցիչ (համաձայնությամբ), կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբում (GRECO) ՀՀ պատվիրակության ղեկավար Աշոտ Գալոյանը, ՀՀ պետական կառավարաման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար, անցումային տնտեսություններ ունեցող երկրների հակակոռուպցիոն նախաձեռնությունում աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Խուդավերդյանը, տարածաշրջանային զարգացման կենտրոն Թրենսփերենսի ինթերնեշնլի հայաստանյան մասնաճյուղի նախագահը (համաձայնությամբ), Խորհրդի որոշմամբ հանձնաժողովում ընդգրկվել են նաև 7 անդամ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների և խմբերի կողմից առաջարկվելիք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից, որոնք փոփոխվում են տարեկան մեկ անգամ ռոտացիոն կարգով՝ խորհրդի որոշմամբ:
Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով: Ըստ աշխատակարգի, հանձնաժողովի անդամը առաջարկություններ է ներկայացնում հանձնաժողովի գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ, իրականացնում է այդ գործունեությունից բխող այլ աշխատանքներ: Հանձնաժողովի որոշումներն ունեն խորհրդատվական բնույթ: Սահմանվել է, որ հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների լուծման համար իրավունք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և այլ կազմակերպություններից, սահմանված կարգով, պահանջել և ստանալ իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն, վիճակագրական տվյալներ ու այլ փաստաթղթեր, հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կատարել ուսումնասիրություններ և հետազոտություններ, կազմել աշխատանքային խմբեր կամ ենթախմբեր, ներգրավել փորձագետներ, կազմակերպել կոռուպցիայի դեմ պայքարի հարցերին նվիրված համաժողովներ, սեմինարներ, հեռուստահաղորդումներ, ինչպես նաև տարբեր բնույթի այլ քննարկումներ: