երկուշաբթի, 5 հուլիսի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: 1995թ. ընդունելով ՀՀ Հիմնական օրենքը, մեր պետությունն ու ժողովուրդը արտահայտեցին քաղաքակիրթ աշխարհի հետ մեր երկրի ինտեգրման, ժողովրդավարական արժեքների արմատավորման, քաղաքացիական հասարակության ձևավորման ուղիով ընթանալու իրենց հաստատակամությունն ու վճռականությունը: Անցած տարիներին ՀՀ Սահմանադրությունն, անկասկած, նպաստել է մեր անկախ պետականության կայացմանը, դժվարին իրավիճակներում՝ նաև երկրի ներքին ու արտաքին կայունության ապահովմանը: Սակայն կյանքն առաջ է ընթանում, նոր իրողություններն իրենց պահանջներն են առաջադրում հասարակությանն ու պետությանը, որոնք, բնականաբար, պետք է ամրագրվեն նաև Հիմնական օրենքում: Սակայն կարևոր է, որ սահմանադրական բարեփոխումներն իրականացվեն քաղաքական ուժերի փոխհամաձայնության մթնոլորտում, լիարժեքորեն ընկալվեն և աջակցություն գտնեն ամբողջ հանրության կողմից: Այդ դեպքում միայն ՀՀ Սահմանադրությունը կկատարի մեր քաղաքացիների բարեկեցությունն ու համերաշխությունը ապահովելու, միջազգայնորեն հռչակված սկզբունքներին ու նորմերին համահունչ՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու իր գլխավոր դերը, կնպաստի մեր ազգային նվիրական իղձերի ու նպատակների իրականացմանը:
Վստահ եմ, որ համատեղ ուժերով կյանքի կոչված բարեփոխումների արդյունքում, ի վերջո, կունենանք այն Սահմանադրությունը, որը մեր պետության և հասարակության բարգավաճման գլխավոր երաշխիքն է: