չորեքշաբթի, 6 սեպտեմբերի 2017
Քննարկվել են թեթև արդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված մեխանիզմները
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են թեթև արդյունաբերության ոլորտին պետական աջակցության մեխանիզմների ընդլայնման հնարավորություններն ու տարբերակները: Ոլորտի զարգացման պատասխանատուները համոզմունք են հայտնել, որ այն ունի զարգացման ու արտահանման մեծ ներուժ: Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել ձեռնարկությունների մրցունակության բարձրացմանը, արդիականացմանը, արտադրանքի մատչելիության ապահովմանը, միջազգային շուկայում հնարավոր ռիսկերին:
Վարչապետը նշել է, որ պետք է աջակցության մեխանիզմներն ընտրել՝ հստակ հաշվի առնելով դրանց արդյունավետությունն ու հնարավոր ռիսկերը: Կառավարության ղեկավարը կարևորել է վարչարարության կրճատումը և ընդգծել, որ այն պետք է հասցնել նվազագույնի: Կարեն Կարապետյանը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին լրացուցիչ քննարկել ներկայացված առաջարկություններն ու արդյունքները ներկայացնել կառավարության աշխատակազմ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև հանրային սննդի ոլորտում հարկային վարչարարությանն առնչվող հարցեր: