հինգշաբթի, 14 սեպտեմբերի 2017
Կառավարությունը նախատեսում է զիջել պարարտանյութերի և սերմերի դիմաց գյուղացիների կուտակած պարտքերը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Գործադիրի ղեկավարը, անդրադառնալով գյուղատնտեսական ոլորտում պետական աջակցության զանազան ծրագրերով գյուղացիներին 2012 թվականից տրամադրված պարարտանյութերի և սերմերի դիմաց կուտակված պարտքերի հավաքագրման խնդրին, գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվել է կառավարության համապատասխան հանձնարարականի ընթացքի մասին, որը տրվել էր այս տարվա մայիսին:
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ներկայացվելիք՝ պարտապանների ցանկերի հիման վրա տվյալները կամփոփվեն և համապատասխան որոշում կներկայացվի կառավարություն՝ զիջելու կամ այլ կարգադրություն տալու համար: Նախարարը հավելել է, որ 2017 թվականին տրամադրված պարարտանյութերի ու սերմերի դիմաց վճարումները կատարվել են 100 տոկոսով, որևէ պարտք չի գոյացել:
Կարեն Կարապետյանը նշել է, որ որոշում են կայացրել համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում 2012-2016 թթ.-ին գյուղացիների կուտակած պարտքերը զիջել և սկսել մաքուր էջից. «Մանավանդ, որ 2017 թ.-ի պրակտիկան ցույց է տվել՝ կարելի է կազմակերպել գործընթացն առանց պարտք կուտակելու»:
Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է ՀՀ մարզպետներին 1-ամսյա ժամկետում կազմել պարտապանների վերջնական անվանական ցանկերը՝ ըստ հանրապետության մարզերի և համայնքների, ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ 1-շաբաթյա ժամկետում ամփոփման համար։ Գյուղատնտեսության նախարարին էլ հանձնարարվել է 1-ին կետով սահմանված պարտքերի վերջնական ամփոփված ցանկն ստանալուն պես 1-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն՝ հարցին վերջնական կարգավորում տալու նպատակով։ «Մենք այսուհետ շատ կոշտ կարգապահություն ենք դրսևորելու: Բոլոր միջնորդ կառույցներին այս գործընթացից պետք է հանենք, աշխատենք ուղիղ հասցեատիրոջ հետ՝ ասելով, որ այս զիջումն ավանդույթ չի լինելու, մեկ անգամ պայմանավորվում ենք խաղի կանոնների մասին և գնում առաջ»,- ընդգծել է վարչապետը: Անդրադառնալով այն դեպքերին, երբ հասցեատերերը գյուղապետերն են՝ վարչապետը նշել է, որ այդ ժամանակ որպես պարտապան պետք է գյուղապետերին դիտարկել:
Անդրադառնալով մարզպետների աշխատանքների գնահատման հայտանիշերին՝ Կարեն Կարապետյանն առաջարկել է դրանցում ներառել նաև միջմարզային, միջհամայնքային ճանապարհաշինարարության ցուցանիշը:
Կմշակվեն շինարարական աշխատանքներն ըստ եղանակային պայմանների կազմակերպելու նորմատիվային պահանջներ
Ըստ եղանակային պայմանների շինարարական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ գործադիրի ղեկավարը նշել է. «Տեղական ինքնակառավարման մարմինները, հաշվի առնելով եղանակային պայմանները, որոշում են շինարարական աշխատանքների թույլտվությունների տրամադրման կամ մերժման հարցը։ Արդյունքում, հատկապես հանրային ծառայության ոլորտի կազմակերպությունները, չնայած շինարարական աշխատանքներ կատարելու անհրաժեշտությանը, ձմեռային պայմաններում հաճախ զրկված են լինում աշխատանքները կատարելու հնարավորությունից, քանի որ վերջիններիս որպես կանոն չի տրամադրվում համապատասխան թույլտվություն: Ստեղծված իրավիճակը հիմնականում պայմանավորված է շինարարական աշխատանքներն ըստ եղանակային պայմանների ներկայացվող նորմատիվային պահանջների և հստակ պայմանների բացակայությամբ»։
Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին 40 օրում մշակել և հաստատել շինարարական աշխատանքներն ըստ եղանակային պայմանների կազմակերպելու, դրանց ներկայացվող պահանջների և պայմանների ապահովման վերաբերյալ իրավական ակտի նախագիծ։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարին էլ հանձնարարվել է ուսումնասիրել և ըստ անհրաժեշտության ևս ներկայացնել իրավական ակտի նախագիծ՝ շինարարական աշխատանքների կատարման համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համապատասխան թույլտվությունների տրամադրման հայեցողական լիազորությունների սահմանափակման և բացառապես եղանակային պայմաններից ելնելով մերժման դեպքերը բացառելու նպատակով: «Վերջերս հանդիպել ենք ենթակառուցվածքների ղեկավարների հետ: Նրանք ասում են, որ ձմեռը թույլտվություններ չենք տրամադրում, աշխատանքները կուտակվում են և այլն: Մենք ունենք կարծրատիպ՝ ձմեռը շինարարություն անել չի կարելի: Պետք է ուսումնասիրել հյուսիսային երկրների փորձը, որպեսզի շինարարության տեմպը չգցենք»,-ընդգծել է կառավարության ղեկավարը:
Առաջարկություններ կներկայացվեն խաղողի մթերման ոլորտում առկա որոշ խնդիրների վերացման վերաբերյալ
Կարեն Կարապետյանի երկրորդ հանձնարարականը խաղողի մթերման ոլորտում առկա որոշ խնդիրների վերաբերյալ էր: «Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են որոշ խնդիրներ՝ մթերված խաղողի ծավալների և գինենյութերի ծավալների միջև, ինչը որոշակի ռիսկեր է պարունակում»,-նշել է վարչապետը և խաղողի մթերման գործընթացի արդյունավետության բարձրացման, գինենյութերի որակի հսկողության և ոլորտում առկա ռիսկերի վերացման նպատակով հանձնարարել է գյուղատնտեսության նախարարին՝ խաղողի մթերումների ընթացքում ստացված տեղեկատվության հիման վրա պարբերաբար, շաբաթական կտրվածքով ամփոփել խաղողի մթերումների արդյունքները՝ ըստ մթերող ձեռնարկությունների։ Գործադիրի ղեկավարը հանձնարարել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին 1-ին կետով սահմանված տեղեկատվության հիման վրա համապատասխան ձեռնարկություններում իրականացնել մոնիթորինգ՝ առկա գինենյութերի ծավալները մթերված խաղողի ծավալների հետ համադրելու նպատակով և արդյունքների հիման վրա ներկայացնել առաջարկություններ կառավարության աշխատակազմ: «Մենք ունենք կոնյակի և գինու վաճառքի աճի որոշակի տենդենց: Գյուղնախարարը և Հայաստանի զարգացման հիմնադրամը ինտենսիվ աշխատում են շուկան ընդլայնելու ուղղությամբ: Մենք իրականում պետք է ուշադրություն դարձնենք այս արտադրանքի, հայկական բրենդի որակի հսկողության վրա»,-ասել է վարչապետը:
Գյուղատնտեսությունում տնտեսվարողների վարկավորման մատչելիության բարձրացում և պայմանների բարելավում
Կառավարությունը հավանություն է տվել Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին: Ներկայումս գյուղատնտեսության զարգացմանը խոչընդոտող գործոններից է տնտեսվարողների վարկավորման մատչելիության ցածր մակարդակը: Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել վարկավորման մատչելիության մակարդակը` հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, պայմանների բարելավման միջոցով: Արդյունքում կընդլայնվեն տնտեսվարողների կարողությունները և կխթանվի արդիական տեխնոլոգիաների ներդրումը: Ծրագրով սահմանվելու են վարկավորման պայմանները՝ ըստ վարկավորման ուղղությունների, վարկավորման մեխանիզմների, սուբսիդավորման ձևի ու չափի հստակեցում: Ծրագրով ներկայացվում են դրա իրագործման հիմնական մոտեցումները, մոնիթորինգը, իրականացման ռիսկերը, ակնկալվող արդյունքներն ու ֆինանսական գնահատականը: Ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակի բարձրացումը կհանգեցնի համախառն արտադրանքի աճին, էականորեն կնվազեն բանկերի և վարկային կազմակերպությունների ռիսկերը, կբարձրանա գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչությունը, կընդլայնվեն գյուղատնտեսությունում տնտեսվարողների կարողությունները և այլն: Նշենք, որ Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգի համաձայն հանրապետությունում 2011 թ. ապրիլի 1-ից իրականացվել է վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր: Ընդհանուր առմամբ, 2011 թ. ապրիլի 1-ից մինչև 2017 թ. հունիսի 30-ը տրամադրվել է շուրջ 127.5 հազար միավոր վարկ 106.4 մլրդ դրամ գումարով: Սուբսիդավորված գումարը կազմել է շուրջ 5.1 մլրդ դրամ: Նոր ծրագրով առաջարկվում է տրամադրել 3-10 մլն ՀՀ դրամ վարկ՝ մինչև 5 տարի ժամկետով: Վարկերը տնտեսվարողներին կտրամադրվեն 5 տոկոս տոկոսադրույքով: Բացի այդ, կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի և գյուղատնտեսական կոոպերատիվների տնտեսվարողներին վարկերը կտրամադրվեն 3 տոկոս տոկոսադրույքով: Ի պատասխան վարչապետի հարցին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ ծրագիրը հաստատվելուց հետո, բանկերը կդիմեն նախարարություն. «Մենք ընտրելու ենք, որ բանկը կտա ավելի նվազագույն շեմով տոկոսադրույք, դրա հետ էլ կսկսենք առաջին հերթին համագործակցել»:
Անդրադառնալով հարցին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Եվս մեկ անգամ ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել գյուղատնտեսության ոլորտում մեր վարած քաղաքականության վրա: Ուղղակի արձանագրենք ինչ ենք անում՝ գյուղտեխնիկայի տրամադրման վարկի տոկոսը սուբսիդավորում ենք, որ օգտատերը վճարի ընդամենը 2 տոկոս, կաթիլային համակարգ դնողը՝ վճարում է ընդամենը 2 տոկոս, ինտենսիվ այգի կազմողը վճարում է վարկի ընդամենը 5 տոկոսը, հակակարկտային ցանց օգտագործողը՝ 2 տոկոս: Այս գործիքակազմով մենք տրամադրվող վարկի շեմը բարձրացնում ենք մինչև 10 միլիոն՝ տալիս ենք 5 տոկոսով, իսկ սահմանամերձ գյուղերում և կոոպերատիվներին՝ 3 տոկոսով: Մենք համոզված ենք, որ գյուղատնտեսությունը կարող է լինել ժամանակակից, շահութաբեր, լավ բիզնես: Մենք սրանով ուզում ենք զարկ տալ, որպեսզի այս ալիքը բարձրանա, հաջող օրինակներ առաջանան, հետագայում իրենք, արդեն շուկայի պահանջարկից և առաջարկից ելնելով, կարող են ինքնուրույն առաջ շարժվել»:
Խթանվում են հերթական ներդրումային ծրագրերը. կստեղծվեն նոր աշխատատեղեր
Կառավարության որոշմամբ «ԱՆԴ» ՍՊԸ կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ներմուծվող սարքավորումներն ու հումքն ընկերությունն օգտագործվելու է գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես, մեղրի արտադրության մեջ: Ծրագրի արժեքը կազմում է 68,5 մլն ՀՀ դրամ: Նախատեսվում է ստեղծել 12 հիմնական և 44 սեզոնային աշխատատեղ:
Նույն արտոնությունից օգտվելու թույլտվություն է տրամադրվել նաև «ԼԵՎ էներջի» ՍՊԸ-ին: Ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 3,8 մլրդ ՀՀ դրամ։ Նախատեսվում է ստեղծել 9 նոր աշխատատեղ՝ 115 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: «ԼԵՎ էներջի» ՍՊԸ-ին կառավարության մեկ այլ որոշմամբ տրամադրվել է նաև ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություն:
Գործադիրը որոշել է նաև «Արոյան» ՍՊԸ-ին «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրել: Ընկերությունը նախատեսում է գործունեություն ծավալել ոսկերչության ոլորտում՝ 8 տարվա ընթացքում իրականացնելով 11 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Ընթացիկ տարում նախատեսվում է բացել 5 նոր աշխատատեղ, իսկ մոտակա 8 տարիներին՝ մինչև 100 նոր աշխատատեղ` 300 ԱՄՆ դոլար միջին աշխատավարձով: Ընկերությունը պլանավորում է արտահանումն իրականացնել հետևյալ հիմնական ուղղություններով՝ ՌԴ, Ղազախստան, ԱՄԷ, Կատար, Բահրեյն, Քուվեյթ, Օման: Արտադրանքի արտահանման տարեկան ծավալը կկազմի մոտ 2,5 մլն ԱՄՆ դոլար:
Կիրականացվեն սեյսմիկ ռիսկի նվազեցմանը և հնարավոր հետևանքների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ում շենքերի սեյսմակայունության բարձրացման ռազմավարությանը, որի նպատակն է նպաստել հանրապետության տարածքում սեյսմակայունության բարձրացման կարիք ունեցող տարբեր նշանակության շենքերի անվտանգ շահագործմանը, սեյսմիկ ռիսկի նվազեցմանը և հնարավոր հետևանքների կանխարգելմանը: Հիմնավորման համաձայն, հանրապետությունում առկա են տարբեր նշանակության ավելի քան 545 հազար շենքեր և շինություններ, այդ թվում` 428 հազար անհատական բնակելի տուն, 19 հազար բազմաբնակարան շենք և 98 հազար տարբեր նշանակության շենքեր և շինություններ, այդ թվում՝ պատմամշակութային հուշարձաններ: Ռազմավարությամբ սեյսմիկ ռիսկի նվազեցման հիմնախնդրի լուծման առավել նպատակահարմար տարբերակ դիտարկվել է բնակարանային ֆոնդի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի, այդ թվում՝ հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյմակայունության բարձրացմանն ուղղված առանձին ոլորտային նպատակային ծրագրային մոտեցումը: Այն հնարավորություն կտա ըստ ոլորտների գնահատել առկա իրավիճակը, վերհանել խնդիրները, սահմանել դրանց լուծման առաջնահերթությունները և մշակվող ծրագրերում հաշվի առնել սեյսմիկ ռիսկի բոլոր բաղադրիչները, փուլային մոտեցմամբ իրականացնել համակարգված միջոցառումներ: Անդրադառնալով նախագծին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ սեյսմիկ հարցերի հետ կապված անհրաժեշտ է գույքագրել ոլորտում առկա խնդիրները, գտնել լուծումներ: «Շատ հետևողական պետք է լինենք, ճիշտ է՝ հարցի լուծումը ֆինանսական ծանր խնդիր է, բայց պետք է քայլ առ քայլ գնանք առաջ»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ սեյսմիկ ռիսկի նվազեցման համար կանխարգելմանն ուղղված ծախսերն ավելի քիչ են, քան դրա հետևանքների վերացման համար պահանջվող ծախսերը:
Օրենսդրական նախաձեռնություններ
Գործադիրը հավանություն է տվել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում կփոփոխվեն որոշակի մասնագիտացված պաշտոնների անձնագրերի գծով աշխատակիցների ընտրության չափանիշները: Մասնավորապես, կփոփոխվեն աշխատակազմի համալրման համապատասխան կանոնները և ընթացակարգերը: Ըստ այդմ, կսահմանվի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը ներքին մրցույթով զբաղեցնելու կարգ: Հստակ կտարանջատվեն քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու երեք կարգերը, մասնավորապես՝ ներքին, արտաքին մրցույթներ կամ արտամրցութային: Այսպիսով կներդրվի ներքին մրցույթով պաշտոն զբաղեցնելու կարգը, հնարավորություն կընձեռվի կազմակերպական կառուցվածքի շրջանակում թափուր մշտական աշխատատեղերը լրացնելու համար օգտվել բացառապես (ըստ առաջնահերթության) ներքին կադրային ռեսուրսներից:
Կառավարությունը եզրակացություն է ներկայացրել ԱԺ մի խումբ պատգամավորների ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծով առաջարկվում է դեղերի իրացումն ազատել ավելացված արժեքի հարկից, ինչը կհանգեցնի դեղերի որոշակի էժանացման, դեղերը, համապատասխանաբար, կդառնան ավելի մատչելի, ինչը դրական ազդեցություն կունենա Հայաստանի բնակչության առողջապահական վիճակի վրա: Գործադիրն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ: Ըստ կառավարության եզրակացության՝ նախագծով ներկայացված առաջարկության ընդունումը ոչ միայն չի հանգեցնի իր առջև դրված նպատակների իրագործմանը, այլև դեղեր իրացնող տնտեսվարող սուբյեկտների համար կստեղծի գերշահույթ ստանալու հնարավորություններ, կնվազեն պետբյուջեի եկամուտները: Անդրադառնալով օրինագծին, Կարեն Կարապետյանը նշել է, որ պետք է ուշադիր լինել ընդհանրապես հարկային արտոնություն տալու բանաձևի նկատմամբ, հատկապես, որ իրականացվում է սոցիալապես խոցելի խավերին աջակցելու քաղաքականություն: Վարչապետն առաջարկել է ձևավորել նախաձեռնող խմբերի հետ հանդիպելու և կառավարության տեսակետը ներկայացնելու պրակտիկա:
Հավանության է արժանացել նաև «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունը: Օրինագծով առաջարկվում է գույքահարկից ազատել ՀՀ Զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց: Կառավարությունն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ, քանի որ, ներկայացված առաջարկությունը մի կողմից հակադրվում է գույքահարկով հարկման ընդհանուր տրամաբանությանը, մյուս կողմից ստեղծում է արտոնությունից անհարկի օգտվելու ռիսկեր և չի հանգեցնելու իր առջև դրված խնդիրների իրագործմանը:
Այլ որոշումներ
Գործադիրը սահմանել է հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթներին, մրցաշարերին, օլիմպիադաներին ներկայացվող չափորոշիչները՝ ավելացված արժեքի հարկից ազատման առումով: ԱԱՀ-ից ազատման արտոնության կիրառության առումով պետք է բավարարվեն հետևյալ չափորոշիչները՝ վերջին 3 տարվա ընթացքում հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների առնվազն 10000 և ավելի սովորողների մասնակցություն` ՀՀ ամբողջ տարածքից, հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթների, մրցաշարերի, օլիմպիադաների ծրագրային բովանդակության` ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված` հանրակրթության պետական չափորոշիչին և ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված` առարկայական չափորոշիչներին համապատասխանություն, անհրաժեշտ ուսումնաօժանդակ նյութերով, խրախուսման միջոցներով ապահովում:
Աուդիտորական գործունեության ոլորտը կատարելագործելու և միջազգային չափանիշներին համապատասխանեցելու նպատակով գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Կառավարության որոշմամբ «Լույս» հիմնադրամի 2017 ուսումնական տարվա կրթաթոշակին արժանացած 6 ՀՀ քաղաքացիներին տրվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում: Արդյունքում վերոնշյալ քաղաքացիներին հնարավորություն կտրվի ավարտելու ուսումնառությունը, այնուհետև` ներկայանալու զինվորական ծառայության: Ուսանողներն ընդունվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Հարվարդի, Քեմբրիջի, Օքսֆորդի, Չիկագոյի համալսարաններ:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ներուժն առավել նպատակամետ և արդյունավետ օգտագործելու համար կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ նոր հիմքեր կստեղծվեն տնտեսվարող սուբյեկտների կողմից ոլորտում օրենսդրության հնարավոր խախտումների բացահայտման և կանխարգելման համար: