հինգշաբթի, 8 հուլիսի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յանեշ Պոտոչնիկին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով ընդլայնման հարցերով հանձնակատարի այցը տարածաշրջան, որը տեղի է ունենում 2003թ. դեկտեմբերին ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի և ընդլայնման հարցերով հանձնակատար Գ. Ֆերհոյգենի միջև կայացած հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածության շրջանակում, վարչապետն այն կարևոր է համարել ԵՄ-Հայաստան-տարածաշրջան հարաբերությունների հետագա զարգացման, մասնավորապես, «Ընդլայնված Եվրոպա. նոր հարևաններ» ծրագրում Հարավային Կովկասի երկրների ընդգրկման համատեքստում: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ եվրաինտեգրման միջոցով զարգացման ուղին ընտրած մեր երկրի համար ընդունելի են այն սկզբունքներն ու արժեքները, որոնց հիման վրա աստիճանաբար պետք է կառուցվեն Եվրոմիության հետ հարաբերությունները և որոնք բխում են նաև մեր ժողովրդի ու պետության շահերից: Ներկայումս, ըստ նրա, աշխատանքներ են ընթանում երկկողմ առաջնայնություն հանդիսացող՝ Գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման Ազգային ծրագրի մշակման ուղղությամբ, ստեղծված է աշխատանքային խումբ՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ, իսկ «Ընդլայնված Եվրոպա. նոր հարևաններ» Գործողությունների ծրագիրը հայկական կողմը դիտում է որպես այդ նպատակին ուղղված որոշակի քայլերի համադրում:
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Յանեշ Պոտոչնիկը հայտնել է, որ «Ընդլայնված Եվրոպա. նոր հարևաններ» ծրագրի շրջանակներում սկսվել է զեկույցների նախապատրաստումը՝ մասնավորապես, հարավկովկասյան երկրների վերաբերյալ: Նա նշել է, որ այդ գործընթացում Եվրամիությունն ակնկալում է երկրների՝ այդ թվում Հայաստանի իշխանությունների աջակցությունը, քանի որ հիշյալ զեկույցների եզրակացությունների հիման վրա է տեղի ունենալու հետագա փոխհամաձայնեցված Գործողությունների ծրագրի իրականացումը: Ըստ նրա, Եվրամիությունը պատրաստ է ֆինանսավորել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ծրագրերը՝ տնտեսության և առևտրի, գիտական տեխնոլոգիաների, արդարադատության, անվտանգության՝ մասնավորապես, ահաբեկչության դեմ պայքարի և այլ ոլորտներում: Յանեշ Պոտոչնիկը նշել է, որ Եվրամիությունը հավասար հիմունքներով է իրականացնում համագործակցությունը ևրոպական ընտանիքին ինտեգրվել ձգտող բոլոր երկրների հետ, սակայն թե դա ինչպիսի՞ զարգացում կունենա հետագայում, կախված կլինի տվյալ երկրում առկա գործընթացներից, եվրոինտեգրմանն ուղղված քայլերի արդյունավետությունից:
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին՝ երկուստեք ընդգծելով, որ առանց այդ հիմնախնդիրների կարգավորման, լիարժեք եվրաինտեգրումը չի կայանա: Նշելով, որ միայն կայուն ու երկարատև խաղաղության, բազմակողմ տարածաշրջանային համագործակցության հաստատման միջոցով է հնարավոր Հարավային Կովկասի տնտեսական առաջընթացը, զրուցակիցներն այդ համատեքստում են դիտարկել տարածաշրջանի հարևան երկրների՝ այդ թվում, Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բնականոն հարաբերությունների հաստատման, առևտրի աշխուժացման, տնտեսական ներքին ինտեգրման գործընթացների խթանման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները: