ուրբաթ, 22 սեպտեմբերի 2017
Վարչապետը հանձնարարել է պարզել գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկման պատճառները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Կառավարության ղեկավարը, անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում արձանագրված արդյունքներին, նշել է. «Գյուղատնտեսության ոլորտը կառավարության կողմից ճանաչվել է որպես գերակա ոլորտներից մեկը։ Կառավարությունը շեշտը դնում է գյուղական համայնքների տնտեսական մեծ ներուժը բացահայտելու, անհրաժեշտ պայմաններն ապահովելու և այն արդյունավետ իրագործելու վրա։ Վերջին ամիսներին գյուղատնտեսական ոլորտին վերաբերող վիճակագրական արդյունքները մտահոգության տեղիք են տալիս, և հետևաբար առկա է անհրաժեշտություն` ապահովելու ոլորտում ձևավորվող համախառն արդյունքների հաշվառման վերլուծության կատարումը։ Սա առավել կարևոր է համայնքային զարգացման համար, որպեսզի համախառն արդյունքի գնահատումը մեզ համար դառնա կանխատեսելի և հաշվառելի»։
Այդ նպատակով վարչապետը հանձնարել է ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, մարզպետներին և առաջարկել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ղեկավարին 2-շաբաթյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն՝ գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշների վերլուծության վերաբերյալ, այդ թվում՝ անդրադառնալով արձանագրված անկման պատճառներին։ Անդրադառնալով ցուցանիշներին՝ վարչապետը նշել է, որ աճ արձանագրվել է բոլոր ոլորտներում, բացի գյուղատնտեսության և շինարարության ոլորտներից: Ըստ գործադիրի ղեկավարի՝ շինարարության ոլորտում իրականացված և նախատեսվող քայլերը կնպաստեն ոլորտի զարգացմանը: «Գյուղատնտեսության մասով մեզ պետք է ռեալ հասկանալ թվերը, շատ ուշադիր անդրադառնալու ենք դրան: Կատարողականի մասով 8 ամսվա ընթացքում ունենք 90,6 տոկոս, իսկ այս տարվա օգոստոսին 2016-ի օգոստոսի համեմատ՝ 75 տոկոս կատարողական»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Միջազգային տնտեսական համաժողով կազմակերպելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի
Վարչապետի մյուս հանձնարարականը Հայաստանում 2018 թվականին Միջազգային տնտեսական համաժողով կազմակերպելու վերաբերյալ էր: Գործադիրի ղեկավարը նշել է, որ վերջերս կայացած Հայաստան-սփյուռք համաժողովի ընթացքում ներկայացվել է Հայաստանի տնտեսական հստակ ներուժի, ներդրումային ծրագրերի և արձանագրված տնտեսական աճի վերաբերյալ համալիր տեղեկատվություն։ «Փաստ է, որ մենք ունենք դա առավել հասանելի դարձնելու խնդիր։ Այդ իսկ պատճառով հարկավոր է մեր գիտական և տնտեսական ներուժը հասանելի դարձնել համաշխարհային ճանաչում ստացած տնտեսական կազմակերպություններին և ձեռնարկատերերին՝ մեր երկրում կազմակերպելով ժամանակակից պահանջներին համապատասխանող տնտեսական միջոցառումներ»,-ասել է Կարեն Կարապետյանը։ Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավարին մեկշաբաթյա ժամկետում մշակել Միջազգային տնտեսական համաժողով կազմակերպելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտի նախագիծ՝ նախատեսելով հանձնաժողովի կազմը ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ և տնտեսական ոլորտի նախարարների մասնակցությամբ։ Միջոցառման կազմակերպչական և հանձնաժողովի քարտուղարության աշխատանքների կազմակերպման իրականացումը կվերապահվի Հայաստանի զարգացման հիմնադրամին: Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ է Հայաստանում ստեղծել տնտեսական և ներդրումային հարթակ, որտեղ պարբերաբար կներկայացվեն Հայաստանի զարգացման տեսլականը, համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների հետ կքննարկվեն կառավարության մոտեցումներն ու պատկերացումները, ինչպես նաև կներկայացվեն իրագործվող և նախատեսվող նախագծերը:
Թվային օրակարգի մշակումն ուղղված է Հայաստանում կառավարման արդյունավետության բարձրացմանը
Կարեն Կարապետյանը նշել է, որ մեկնարկել են «Հայաստանի թվային օրակարգ» ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքները։ «Թվային օրակարգի մշակումն ուղղված է Հայաստանում կառավարման արդյունավետության բարձրացմանը, թափանցիկության և բարենպաստ բիզնես-միջավայրի ապահովմանը, հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայրի ձևավորմանը: Այդ գործում մենք ներգրավել ենք փորձառու միջազգային և տեղական մասնագետների։
Ժամանակակից թվային օրակարգի իրագործումը պահանջում է միասնական, մասնագիտացված և համակարգված մոտեցումներ»,-ասել է վարչապետը: Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը փաստաթղթի մշակման աշխատանքների իրականացման ընթացքում սերտ համագործակցել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն և «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ տվյալները։
Կամփոփվեն տրված հանձնարարականների կատարողականի հսկողության արդյունքները
Անդրադառնալով տրված հանձնարարականների կատարման հսկողությանը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Կառավարության աշխատակազմի ղեկավարն ինձ զեկուցել է, որ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին իմ կողմից տրվել է թվով շուրջ 260 հանձնարարական։ Հաշվի առնելով հանձնարարականների միջոցով բարձրացված հարցերի և հիմնախնդրների կարևորությունը՝ անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ դրանց կատարողականների հսկողությանը և արձանագրված արդյունքներին»։ Կարեն Կարապետյանը հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավարին 1-շաբաթյա ժամկետում ամփոփել և ներկայացնել տրված հանձնարարականների կատարողականի հսկողության արդյունքները և նշվածի վերաբերյալ կազմակերպել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն։ ՀՀ մարզպետներին էլ գործադիրի ղեկավարը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում հանրությանը ներկայացնել հաշվետվություն՝ մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի, ստեղծված աշխատատեղերի, սեփական եկամուտների, աղբահանության և այլ հայտանիշերի, ինչպես նաև ընթացիկ միջոցառումների վերաբերյալ:
Օպտիմալացման արդյունքում տնտեսված ռեսուրսներն ավելի նպատակային կօգտագործվեն
Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտի հետ կապված աշխատանքների շարունակականությունը ռեսուրսների արդյունավետ բաշխման միջոցով ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է լուծարել և միացման ձևով վերակազմակերպել որոշմամբ նախատեսված կազմակերպությունները: Մասնավորապես, «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով կվերակազմակերպվի և կմիացվի «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ին՝ դառնալով ինստիտուտի մասնաճյուղը: «Հանգրվան» ՊՈԱԿ-ը միացման ձևով կվերակազմակերպվի և կմիացվի «Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին: Կլուծարվի «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Կազմակերպությունների լուծարման և միացման ձևով վերակազմակերպման արդյունքում՝ պետբյուջեում տարեկան կտնտեսվի շուրջ՝ 56.3 մլն ՀՀ դրամ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի տնտեսված միջոցներից նախատեսվում է 4.5 մլն ՀՀ դրամ ուղղել հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» ՀԿ-ին՝ կազմակերպության կարողությունների հզորացման և հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության աջակցման կենտրոնում ծառայությունների մատուցման նպատակով: Բացի այդ, որոշմամբ առաջարկվում է սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող շենքերի բնակարաններում բնակվող շահառուներին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույքը նվիրատվության կարգով հանձնել բնակարանները զբաղեցրած շահառուներին։
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ միաձուլման ձևով կվերակազմակերպվեն «Նորք» հոգեբուժական կենտրոն» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ները: Կստեղծվի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ: Միաձուլման արդյունքում տնտեսվող գումարի չափը կկազմի տարեկան շուրջ 300 մլն ՀՀ դրամ, որից 100 մլն ՀՀ դրամը կհատկացվի «Ավանի» հոգեկան առողջության կենտրոնում և Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում առկա խնդիրների լուծմանը: Մնացած 200 մլն ՀՀ դրամից 100 մլն-ը կհատկացվի ՀՀ-ում հոգեբուժական ծառայության բարելավմանը, իսկ 100 մլն ՀՀ դրամը` առողջապահական այլ ծառայություններին, մասնավորապես՝ հեմոդիալիզի ծրագրում առկա դեֆիցիտի փակմանը:
Օրենսդրական նախաձեռնություններ
Արտահանման խրախուսման նպատակով նախատեսվում է ԱԱՀ-ի վերադարձման ժամկետների փուլային կրճատում և գործընթացների պարզեցում
Հավանության է արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ ԵՄ անդամ երկրներում, ինչպես նաև բազմաթիվ զարգացող երկրներում հարկի գումարի վերադարձի ժամկետը չի գերազանցում 1 ամիսը: Այս տեսանկյունից ներդրողների համար ՀՀ գործարար միջավայրը հարկային հարաբերությունների տեսանկյունից առավել գրավիչ դարձնելու նպատակով առաջարկվում է կրճատել հարկի գումարի վերադարձի ժամկետը խախտելու դեպքում տույժերի չհաշվարկման ժամկետը` այն մոտարկելով միջազգային պրակտիկայում ընդունված չափանիշներին: Եվ այսպես, հարկ վճարողի դիմումից հետո միասնական հաշվին առկա գումարի վերադարձը 20-օրյա ժամկետում չվճարելու դեպքում տույժերի հաշվարկման ժամկետը նախատեսվում է կրճատել 3 անգամ` 90 օրը դարձնելով 30 օր:
Գործադիրը հավանություն է տվել ««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ սահմանադրության պահանջներին: Օրինագծով առաջարկվում է հանել ՀՀ Նախագահի՝ Սահմանադրությամբ չնախատեսված լիազորություններն ամրագրող դրույթները. ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի կողմից վերահսկողության իրականացումը փոխարինել ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից հաշվեքննության իրականացմամբ:
Կբարձրանա դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացի արդյունավետությունը
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը ևս հավանության է արժանացել: Նախագծերի ընդունման արդյունքում կբարձրանա դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացի արդյունավետությունը, ինչպես նաև գույքի հարկադիր իրացման կապակցությամբ հարկերի՝ պետբյուջե մուտքերի պատշաճ ապահովումը: ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, մասնավորապես, սահմանվել են հարկադիր կատարողի կողմից կայացվող որոշումների ընդունման հստակ և միասնական ժամկետներ: Մասնավորապես, որպես որոշումների ընդունման միասնական ժամկետ սահմանվել է համապատասխան հիմքերն ի հայտ գալուց հետո եռօրյա ժամկետը: Հստակեցվել են որպես հայցի ապահովման միջոց հայցագնի չափով պարտապանի գույքի վրա արգելանք դնելու գործընթացում հարկադիր կատարողի լիազորությունները: Մասնավորապես, օրենքում նախատեսվել է առանձին հոդված, որը կարգավորում է պարտապանի գույքի վրա որպես հայցի ապահովման միջոց արգելանք դնելու առանձնահատկությունները: Պարտապանի համար հնարավորություն է ստեղծվել միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին արգելանքն այլ գույքի վրա տարածելու, ինչպես նաև հայցագնի չափը գերազանցող գույքն արգելանքից հանելու մասին, որը կնպաստի ինչպես հարկադիր կատարման գործընթացի արդյունավետության և կանխատեսելության բարձրացմանը, այնպես էլ կնվազեցնի կամ կվերացնի արգելանք կիրառելու արդյունքում պարտապանների տնտեսական կամ այլ վնասներ կրելու կամ բնականոն գործունեությունը խաթարելու հնարավորությունը: «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով էլ, մասնավորապես, սահմանվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին ծանուցումը հրապարակելու հստակ ժամկետ: Մասնավորապես, նախատեսվել է, որ ծանուցումը պետք է հրապարակվի հարկադիր էլեկտրոնային աճուրդ անցկացնելու մասին որոշման մասին պարտապանին և պահանջատիրոջը պատշաճ կարգով ծանուցելուց 3-օրյա ժամկետում:
Սոցիալական աջակցության ոլորտում ձևավորվում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգ
Հավանություն է տրվել նաև «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է արմատապես վերանայել անապահովության գնահատման մոտեցումներն ու մեթոդաբանությունը՝ հիմք ընդունելով ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովման և պետական սոցիալական աջակցության ծրագրերը հատկապես բնակչության անաշխատունակ շերտերին (երեխաներին, միայնակ տարեցներին, բազմազավակ ընտանիքներին և այլ խմբերին) ուղղելու սկզբունքային մոտեցում: Արդյունքում սոցիալական աջակցության ոլորտում ձևավորվում է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգ, որով մեկնարկում է սոցիալական պաշտպանության քաղաքականության շրջանակում մարդկային կապիտալի զարգացման գործառնական հենքը: Օրինագծերի նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման հասցեականության, իրականացվող ծրագրերի ծախսարդյունավետության մեծացումն է:
Հավանության է արժանացել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների իրավական լուծումները:
Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել ԱԺ մի խումբ պատգամավորների ներկայացրած ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծի հիմնավորման համաձայն, առաջարկվում է հստակեցնել իրավիճակը, որի արդյունքում ԱԺ պատգամավորները կկարողանան առանց խոչընդոտների տեսակցել ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ: Գործադիրն առաջարկում է օրենքի գործող հոդվածը թողնել անփոփոխ: Առաջարկությունը, մասնավորապես, հիմնավորվում է նրանով, որ օրենսդիրն ի սկզբանե նպատակ չի հետապնդել նույնականացնելու քննարկման առարկա երկու՝ «տեսակցություն» և «անարգել մուտք և ելք» հասկացությունների իրավական բովանդակությունը: Թերևս սա է պատճառը, որ գործող օրենքում սահմանվել է միմյանցից տարբեր 2 ռեժիմ՝ տեսակցություն և անարգել մուտք և ելք:
«Ալյանս» ազատ տնտեսական գոտում կսկսվի «խելացի դրամապանակների» արտադրությունը
Գործադիրի որոշմամբ «Էռա թեքնոլոջիս» ՍՊԸ-ին կտրվի «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն: Ընկերությունը նախատեսում է սկսել նորարարական տեխնոլոգիաներով «խելացի դրամապանակների» (Smart Wallet) արտադրություն։ Նախատեսվում է, որ 2018թ.-ին արտահանման ծավալները կկազմեն մոտ 500 000 ԱՄՆ դոլար, իսկ 5-րդ տարում` շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար: Արտահանման ուղղություններն են ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Սինգապուր և այլն։ Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 2,3 մլն ԱՄՆ դոլար, առաջին տարում կստեղծվի 15 նոր աշխատատեղ` 150 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում, արտադրանքի ծավալների աճի արդյունքում՝ 50 նոր աշխատատեղ:
Այլ որոշումներ
Կառավարությունը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշմամբ տրվող իրավական կարգավորումներով կապահովվի մարտական խնդիրներ կատարելիս փրկարարական ծառայողների ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության` ՀՀ տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում ծառայողի բուժումն իրականացնել օտարերկրյա պետությունում` պետական միջոցների հաշվին, ՀՀ-ից դուրս ծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացմամբ:
ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրի իրականացման անհրաժեշտությունից ելնելով՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնախնդիրների լուծումները կնպաստեն քաղաքի հետագա զարգացմանը` վերացնելով տնտեսական, սոցիալական, բնապահպանական և զբասաշրջության ենթակառուցվածքում առկա թերությունները: Որոշմամբ առաջարկվում է Ջերմուկ համայնքում իրականացնել ևս երեք ծրագիր. Շահումյան և Մյասնիկյան փողոցների մի շարք շենքերի մոտ հենապատեր և աստիճաններ կկառուցվեն, կփոխարինվի Ձախափնյա թաղամասի թվով 4 բնակելի շենքերի (2-րդ փուլ) տանիքածածկույթը, կբարեկարգվեն այդ թաղամասի բակային տարածքները, կկառուցվի քաղաքային տնտեսության սպասարկման կայան: