հինգշաբթի, 22 մարտի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հրավիրել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նիստ, որտեղ վարչապետը կարևորել է հանձնաժողովի ավելի ակտիվ, արդյունավետ աշխատանքի անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ այսուհետ տնտեսության տարբեր ոլորտների գծով ճյուղային նախարարությունների և գերատեսչությունների առանձին-առանձին փոխգործակցությունը պետք է համակարգված դարձնել:
Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ հանձնաժողովի աշխատանքը մշտապես գտնվելու է երկրի նախագահի և վարչապետի ուշադրության կենտրոնում: Ըստ նրա, Հայաստանի ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ, կարևորվող քաղաքական հարաբերությունների սերտացումից բացի չպետք է մոռանալ տնտեսական կապերը՝ նկատի առնելով երկուստեք հետաքրքրությունն ու շահագրգռությունը հայաստանյան տնտեսության մե5 ռուսական կապիտալի ներգրավման հարցում: Այս առումով, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ հանձնաժողովի նորանշանակ նախագահ՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը կկարողանա իր առջև դրված խնդիրները հստակ իրագործել:
Հանձնաժողովի նախագահը, շնորհակալություն հայտնելով վարչապետին նշանակման համար, վստահեցրել է, որ այդպես էլ կլինի:
Այնուհետև հանձնաժողովի անդամները ներկայացրել են յուրաքանչյուրն իր ոլորտի հետ կապված խնդիրներն ու ծրագրերը: