երկուշաբթի, 12 հուլիսի 2004
ՌԴ կառավարության նախագահ Միախայիլ Ֆրադկովի հրավերով, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար վարդան Խաչատրյանը, առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, կրթության և գիտության նախարար Սերգո Երիցյանը, ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Թաթուլ Մարգարյանը, կառավարության և արտաքին գործերի նախարարության աշխատակազմերի համապատասխան պաշտոնյաներ:
Հուլիսի 13-ին ՌԴ կառավարությունում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպում կունենա գործընկերոջ՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Ֆրադկովի հետ: Հայ-ռուսական բանակցությունները կընթանան նաև ընդլայնված կազմով՝ Ռուսաստանի կառավարության և ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության անդամների մասնակցությամբ: Այնուհետ Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները հանդիպում կունենան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակում նախատեսվում են նաև ՀՀ վարչապետի մի շարք երկկողմ հանդիպումներ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Մոսկվայում գտնվելու օրերին ՀՀ կառավարության ղեկավարը կայցելի Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի «Հայաստան» տաղավար, հանդիպում կունենա կենտրոնի տնօրեն Մ. Մուսաևի հետ :