հինգշաբթի, 15 հուլիսի 2004
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Կառավարությունը որոշում է ընդունել ընտանեկան բժշկի գործունեության ֆինանսավորման մասին: Հաստատվել են, մասնավորապես, ընտանեկան բժշկի և բնակչության ազատ հավաքագրման սկզբունքով աշխատող առողջության առաջնային պահպանման այլ մասնագետների (ներառյալ տեղամասային թերապևտներ և մանկաբույժներ, համապատասխան օժանդակ ծառայողներ) կողմից կատարված բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ փոխհատուցման կարգը, ՀՀ-ում առողջության առաջնային պահպանման կազմակերպման ու ֆինանսավորման նոր մեթոդների մշակման 2003-2004թթ. փորձարարական ծրագրում ընդգրկվող բուժօգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև նշված ծրագրի շրջանակներում բնակչության ազատ հավաքագրում և առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնող բժշկի ընտրության սկզբունքը փորձարարական կարգով ներդնող բուժհաստատությունների ցանկերը: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2003թ. նոյեմբերի 13-ի N 1533-Ն որոշմամբ հաստատված ՀՀ բնակչության առողջության առաջնային պահպանման 2003-2008թթ. ռազմավարության և ՀՀ-ում առողջության առաջնային պահպանման կազմակերպման ու ֆինանսավորման նոր մեթոդների մշակման 2003-2004թթ. փորձարարական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ՀՀ կառավարության որոշումների նախագծերի ցանկի համաձայն:
ՀՀ Սահմանադրության, «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը հաստատել է նաև արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերաբար բժշկական զննության անցկացման կարգը և պարբերականությունը, գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, բժշկական զննության ծավալի, պարբերականության, բժշկական հակացուցումների ցանկերը, ինչպես նաև աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը:
ՀՀ 2004թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 12-ի «ՀՀ 2004թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելով, գործադիրը 1 մլն 761.5 հազար դրամ է հատկացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ պետբյուջեի «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով 2004թ. հունվարի 1-ի դրությամբ գոյացած պարտքը մարելու նպատակով: Ծրագրի միջոցների հաշվին նախատեսված է 55 շահառուների համար գնել 45 մեկ սենյականոց բնակարան և այդ գնվող ու 5 վարձակալվող բնակարանները կահավորելու համար՝ կահույքի, կենցաղային, փափուկ և այլ գույքի 50 հավաքածու:
Կառավարությունը հավանություն է տվել «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքը կարգավորում է գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի ստեղծման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված գույքային հարաբերությունները: Որոշման ընդունումը պայմանավորված է գործող օրենքի մի շարք դրույթների հստակեցման, ինչպես նաև մտավոր սեփականության բնագավառի որոշ միջազգային պայմանագրերով սահմանված նորմերին գործող օրենքի դրույթների համապատասխանեցման անհրաժեշտությամբ: Մեկ այլ որոշմամբ նշված նպատակներով փոփոխություններ ու լրացումներ են կատարվել նաև «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում:
ՀՀ Սահմանադրության, ԱՊՀ մասնակից-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի 1994թ. ապրիլի 15-ի որոշման և 2003թ. մայիսի 12-ի ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի N 3 արձանագրային որոշման համաձայն, կառավարությունը հաստատել է ԱՊՀ մասնակից-պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական մասի կանոնակարգը: Ըստ կանոնակարգի, հանձնաժողովի հայկական մասը համակարգում է սպառազինության և ռազմական տեխնիկայի ստեղծման, արտադրման և շահագործման բնագավառում բազմակողմ և երկկողմ ռազմատնտեսական համագործակցության հարցերին առնչվող առաջարկների մշակումները, ինչպես նաև հանձնաժողովի որոշումների կատարմանն ուղղված գործողությունները:
«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» և «Զենքի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը սահմանել է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ հաշվեցուցակային զենք պահելու, կրելու և օգտագործելու իրավունք ունեցող աշխատակիցների ցանկը՝ ըստ պաշտոնների, և նրանց կողմից օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը: Որոշմամբ սահմանվել է նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը հատկացվող հատուկ միջոցների ցանկը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2000թ. ապրիլի 19-ի «ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողների կողմից օգտագործվող զենքի մասին» N 189 որոշումը:
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը՝ 2004թ. պետբյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդից, 2 մլն 700 հազար դրամ է հատկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ Թբիլիսիի պետական համալսարանի Ախալցխայի մասնաճյուղի հայոց լեզվի ֆակուլտետին կից ստեղծված հայ-վրացական կաբինետի բացմանն աջակցելու նպատակով:
Մեկ այլ որոշմամբ, կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հատկացվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության և Զարգացման միջազգային ընկերակցության միջև 2004թ. մարտի 24-ին ստորագրված «Կրթության որակի և համապատասխանության» վարկային ծրագրին (վարկ N AM- 3849) ՀՀ կառավարության մասնակցությունն ապահովելու նպատակով:
ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոնին» հարող տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող և սահմանված կարգով այլ անձանց՝ օգտագործման իրավունքով չհատկացված զբոսայգու տարածքները, անհատույց օգտագործման իրավունքով 99 տարի ժամկետով տրամադրել «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ հողի հարկի դրույքաչափին հավասարեցված տարեկան վարձավճարով: Սահմանվել է, որ նշված տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող և սահմանված կարգով այլ անձանց՝ օգտագործման իրավունքով հատկացված զբոսայգիների, պուրակների և այգիների հողամասերի վարձակալության պայմանագրերով վարձատուի լիազորությունները Հայաստանի Հանրապետության անունից, որպես վերջինիս ներկայացուցիչ, իրականացնում է «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
Նիստում կառավարությունը հաստատել է նաև 2004թ. օգոստոսի 13-29-ը Աթենքում կայանալիք 28-րդ օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով (Հունաստան) մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը՝ կազմկոմիտեի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:
Գործադիրը որոշել է «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն և նրա գործունեության հիմնական ոլորտ սահմանել Երևան քաղաքի ամբողջ տարածքում հողերի իրացման աշխատանքների և կառուցապատման պետական ծրագրերի կազմակերպումն ու իրականացումը, այդ նպատակով ներդրումների ներգրավումը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանաված կարգով: Կազմակերպության վերանվանման, գործունեության շրջանակների ընդլայնման և կանոնադրության փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է, մասնավորապես, ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 1-ի թիվ 1151-Ն և 2004թ. մարտի 31-ի թիվ 411-Ն որոշումներով նախատեսված Երևանի կենտրոնական մասում ևս 9 հողատարածքներում ներդրումների միջոցով կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով:
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 30-ի «Շիկահող» պետական արգելոց» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Շիկահող» պետական արգելոցի և «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 926-Ն որոշման մեջ: Դրանցով՝ ելնելով «Սոսու պուրակ» արգելավայրի պատմամշակութային և բնապահպանական բազմաֆունկցիոնալ նշանակությունից և արգելավայրի պահպանության արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունից, ներկայումս «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության Կապանի անտառտնտեսության ենթակայությանը պատկանող «Սոսու պուրակ» պետական արգելավայրը նպատակահարմար է համարվել հանձնել «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ենթակայությանը՝ առանց պետական արգելավայրի կարգավիճակի փոփոխության:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը դրական եզրակացություն է տվել պատգամավորական նախաձեռնությամբ ներկայացված «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:
Նիստում առանձին որոշումներով գործադիրը հաստատել է նաև Սյունիքի մարզի Գորայքի, Արագածոտնի մարզի Կաթնաղբյուրի գյուղական համայնքների, Արմավիրի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ մարզի վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները: