երեքշաբթի, 20 հուլիսի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Վուլֆ Բարթելսին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետը բարձր է գնահատել պրն Բարթելսի գործունեությունը Հայաստանում, դիվանագիտական աշխատանքի ընթացքում նրա ունեցած ներդրումը հայ-գերմանական քաղաքական ու տնտեսական հարաբերությունների զարգացման մեջ: Նա կարևորել է Եվրոմիության ծանրակշիռ անդամներից մեկի՝ Գերմանիայի հետ Հայաստանի համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը: Անդրանիկ Մարգարյանը նշել է նաև, որ չնայած ձեռքբերումներին, դեռևս լիարժեք չօգտագործված հնարավորություններ կան, մասնավորապես, երկկողմ առևտրատնտեսական կապերի՝ համատեղ ձեռնարկությունների ստեղծման, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների մեծացման և այլ ուղղություններով:
Դեսպան Հանս Բարթելսը, գոհունակությամբ նշելով այս տարվա հունիսին՝ Հայ-գերմանական տնտեսական համագործակցության համաժողովին մասնակցելու նպատակով, ՀՀ վարչապետի Գերմանիա կատարած աշխատանքային արդյունավետ այցը, հույս է հայտնել, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների խթանմանը:
Հանդիպման ավարտին, շնորհակալություն հայտնելով դեսպանին համատեղ արդյունավետ աշխատանքի համար, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել նրան՝ իր հետագա աշխատանքում: