հինգշաբթի, 22 հուլիսի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Մայքլ Դեյվիին:
Վարչապետը շնորհավորել է պարոն Դեյվիին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել: Նա նշել է, որ Հայաստանն արդեն եվրոպական բանկի հետ համագործակցության զգալի փորձ ունի և հույս է հայտնել, որ նոր տնօրենի նշանակումը կնպաստի փոխգործակցության ընդլայնմանն ու հետագա զարգացմանը: Պարոն Մայքլ Դեյվին հավաստել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հաստատակամորեն է տրամադրված իր ծրագրերում Հայաստանին ավելի մեծ տեղ հատկացնել: Նա վստահություն է հայտնել, որ մեր երկրում բանկը կարող է շատ ավելին անել, քան մինչ այժմ իրականացվել է: Տարածաշրջանային տնօրենը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը նաև իր նկատառումներն է ներկայացրել ՎԶԵԲ-ի առաջիկա անելիքների վերաբերյալ: Զրույցի ընթացքում կողմերը նշել են, որ Հայաստանի համագործակցությունը եվրոպական բանկի հետ կարող է առավել արդյունավետ լինել, մասնավորապես, բանկային ոլորտի, փոքր և միջին ձեռնարկատիրության, գյուղատնտեսության զարգացմանն աջակցման բնագավառներում: Նրանք արտահայտվել են նաև երկկողմ ընդհանուր մոտեցումներն առավել հստակեցնելու, համագործակցության ոլորտները մեծացնելու և դրանք տնտեսության իրական հատվածին մոտեցնելու օգտին:
Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Հայաստանի կառավարության կողմից պատրաստակամություն է հայտնել լավագույնս համագործակցելու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ և հնարավորության սահմաններում աջակցելու բանկի նորանշանակ տարածաշրջանային տնօրենին՝ իր գործունեության շրջանում: