ուրբաթ, 23 հուլիսի 2004
Հուլիսի 25-ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Հայաստանի վարչապետը այցի օրերին հանդիպումներ կունենա իր վրաց գործընկերոջ՝ Զուրաբ Ժվանիայի և Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ, իսկ մինչ այդ, իբրև հանձնաժողովի համանախագահ, կմասնակցի հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին:
Պաշտոնական այցի շրջանակներում վարչապետը կայցելի հայ մշակութային գործիչների պանթեոն, Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշահամալիր: Այնուհետև Անդրանիկ Մարգարյանը այցելություն կկատարի Սուրբ Գևորգ եկեղեցի, որտեղ նախատեսված է հանդիպում հայ համայնքի հետ:
ՀՀ վարչապետը կայցելի նաև Վրաստանի արվեստի թանգարան, Վրաստանի պետական թանգարան, «Ջվարիա» տաճար և «Սվետիցխովելի» Մայր տաճար: ՀՀ վարչապետը կլինի նաև Վրաստանում ՀՀ դեսպանատանը:
Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ամփոփիչ նիստից և դրան հաջորդած փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո, տեղի կունենա վարչապետներ Անդրանիկ Մարգարյանի և Զուրաբ Ժվանիայի համատեղ մամուլի ասուլիսը:
ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են միջկառավարական հանձնաժողովի անդամներ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Թաթուլ Մարգարյանը, կրթության և գիտության նախարարի տեղակալ Արտակ Սահրադյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գագիկ Գյուրջյանը, կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Ստեփան Մարգարյանը, ինչպես նաև «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արարատ Խրիմյանը, գյուղատնտեսության նախարարի տեղակալ Հովսեփ Քլոյանը, ԱԺ պատգամավոր Վլադիմիր Բադալյանը, կառավարության և արտաքին գործերի նախարարության աշխատակազմերի համապատասխան վարչությունների ղեկավարներ: